Բաժիններ՝

Ռուսական արվեստի թանգարանը երեխաների տոնը կշնորհավորի օնլայն ցուցահանդեսով

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Ռուսական արվեստի թանգարանը, համագործակցելով Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ, հանդես կգա «Մեկուսացած մանկական արվեստ» խորագրով օնլայն ցուցահանդեսով, որը կներկայացվի հունիսի 1-ին՝ ժամը 13:00-ին, թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինե Մկրտչյանն ասաց՝ ցուցահնդեսում արվեստասերները կարող են տեսնել Գեղագիտության ազգային կենտրոնի դասախոս, գոբելենագործ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սոնա Բանոյանի սաների ստեղծագործությունները: «Երեխաները մեկուսացման ընթացքում նկարել են իրենց ծնողների դիմանկարները: Էական է, որ համավարակի օրերին նրանց համար ընտանիքը վերարժևորվել է և յուրահատուկ մոտեցումներով արտացոլվել նրանց նկարներում»,-ընդգծեց Մկրտչյանը:

Թանգարանի տնօրենը հիշեցրեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում համավարակի օրերին թանգարանները գործունեություն են ծավալում առցանց հարթակում: Ռուսական արվեստի թանգարանը նույնպես աշխատում է վիրտուալ տիրույթում, կազմակերպում տարբեր ցուցահանդեսներ, միջոցառումներ, կրթական տուրեր: Հետաքրքիր նախաձեռնություններից մեկն էլ «Մեկուսացած մանկական արվեստ» ցուցահանդեսն է, որը հոլովակի տեսքով կներկայացվի առցանց, իսկ երբ թանգարանը բացի իր դռները, երեխաների նկարները կցուցադրվեն ցուցասրահներում:

«Մաղթում եմ, որ մեր երեխաները, հայ ժողովուրդն առողջ լինի, կարողանա այցելել մշակութային հաստատություններ և իրականում տեսնել կերպարվեստի բացառիկ գործերը: Այսօր մենք փորձում ենք ներկայացնել թանգարանային հավաքածուները, կատարողական արվեստն առցանց հարթակում, բայց սա մեր սիրելի այցելուների հետ կապը պահպանելու ժամանակավոր միջոց է: Հուսամ՝ շուտով հնարավոր կլինի արվեստի գլուխգործոցները վայելել ցուցասրահներում»,-ընդգծեց Մարինե Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս