Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանին և գործադիր մարմնի քարտուղար Արա Գասպարյանին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանդիպմանը Արա Հակոբյանը շնորհավորել է Արթուր Թովմասյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ա. Հակոբյանն ասել է, որ իրենց կուսակցության ծրագրերի մի մասը կապված է Արցախի Հանրապետության հետ:

«Այսօր մենք հանդիպում ենք ունեցել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ և քննարկել ապագա համագործակցությանը վերաբերող հարցեր: Մեզ հետաքրքրում է, թե Արցախի խորհրդարանի հետ ինչպիսի աշխատանքներ կարող ենք իրականացնել, և հենց այդ նպատակով էլ այստեղ ենք: Արցախը մեր կուսակցության գործունեության գերակա ուղղություններից է: Չնայած կուսակցությունը նորաստեղծ է, բայց ունենք համապատասխան փորձառություն: Մենք այժմ պատրաստ ենք քաղաքական դաշտում ի սպաս դնել մեր հմտություններն ու գիտելիքները»,-մասնավորապես ասել է Ա. Հակոբյանը:

Արթուր Թովմասյանն իր հերթին ողջունել է «Ազգային օրակարգ» կուսակցության ներկայացուցիչներին և ասել, որ կան հարցեր, որոնք համազգային օրախնդիրներից են. դրանք են արցախյան հիմնախնդիրը, Հայոց ցեղասպանության ճանաչումը և առաջնագծի անվտանգությունը:

Դիմելով ներկաներին՝ ԱԺ նախագահն ավելացրել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնում աշխատելու ձեր կուսակցության հետ: Այսօր ունենք նոր Խորհրդարան՝ նոր անդամներով: Համոզված եմ, որ եթե մեր աշխատելաոճը ճիշտ կազմակերպենք, ապա փորձառության և նոր մտածողության համադրությամբ ավելի բարձր հիմքերի վրա կլինի համագործակցությունը Մայր հայրենիքի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս