«Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի». Վիտալի Բալասանյան
Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։
Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի և Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու և մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաև նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։
Հարգելի՛ ընտրողներ
Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։
Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։
Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առևտրի առարկա չի դառնալու և պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է և կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։
Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առևտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։
Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։
Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։
Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաև՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։
Հարգելի՛ արցախցիներ
Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։
Հիմա առավել քան երբևէ պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում և հայտնվի խարդավանքների ցանցում։
Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ և կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։
Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիևը, հավանաբար ոգևորվելով պաշտոնական Երևանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաև մտնելու է Երևան։
Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան։ Չի բացառվում, որ նրանց ոգևորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երևանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։
Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում և եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։
Հաղթանակը չի՛ վաճառվում։
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյան
Հարգելի՛ հայրենակիցներԱրցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը…
Gepostet von Վիտալի Բալասանյան / Vitali Balasanyan am Freitag, 29. Mai 2020