«Դա բյուջեի մաս է». Ատոմ Ջանջուղազյանը` պաշտոնյաների պարգևավճարների մասին

«Անշուշտ, կա այդպիսի հաշվարկ, և ոչ միայն կա, այլև բյուջետավորված է: Դա բյուջեի մաս է»,- Հանրային հեռուստաընկերության եթերում, Պետրոս Ղազարյանի «Հարցազրույց» ծրագրի ընթացքում օրերս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով այն հարցին, թե միջինը որքան պարգևավճար է ստանում պետական պաշտոնյան:

Խոսելով այն մասին, որ քննադատներն այդ պարգևավճարները համարում են բյուջեի օրինական թալան, Աըտոմ Ջանջուղազյանը նկատեց, որ «դա բյուջեի մաս է», և  շատ մեծ ջանք է պետք գործադրել, որ աշխատանքի դիմաց վարձատրությունը մեկնաբանվի՝ որպես թալան:

Դիտարկմանը, թե աշխատանքի դիմաց վարձատրությունն աշխատավարձն է, ֆինանսների նախարարն ասաց, որ պարգևավճարների այս չափի ներդրմանը կառավարությունը վերաբերվել է՝ որպես ժամանակավոր լուծում, քանի դեռ չի լուծվել աշխատավարձի հարցը:

«Որովհետև, ըստ գնահատականների, վարձատրությունն առնվազն պետք է լինի աշխատուժի շուկային համարժեք, մինչդեռ այսօր էլ դեռևս, նույնիսկ այդ պարգևավճարների հանգամանքը հաշվի առնելով, պետական հատվածի աշխատակիցների միջին աշխատավարձն ավելի ցածր է, քան թե մասնավոր հատվածի միջին աշխատավարձը»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վերջինս նշեց, որ սրանք պարզ վիճակագրական թվեր են, որոնք հրապարակված են, ու այստեղ ոչ մի գաղտնիք չկա:

«Իսկ միջին չափը 30 տոկոսն է: Յուրաքանչյուրի աշխատավարձի 30 տոկոսի չափով է պարգևավճար նախատեսված: Սա է ամբողջ տրամաբանությունը»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:

Ըստ Ատոմ Ջանջուղազյանի` անդրադառնալ դրան այն տեսակետից, թե դա ինչքանով է համարժեք կատարված աշխատանքին, կարելի է, երբ մենք համոզված լինենք, որ այն գործակիցները, որոնք պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին օրենքով նախատեսված են, համարժեք են աշխատուժի շուկային:

«Այսինքն` այն աշխատանքը, որ արվում է կոնկրետ տվյալ պաշտոնյայի կողմից, գնահատվի ոչ թե այն հանգամանքով, թե ինչ ցուցանակ է փակցված աշխատասենյակի վրա, ուր տվյալ պաշտոնյան ներս է մտնում ու դուրս է գալիս, այլ, թե կոնկրետ ինչ գործառույթ է իրականացնում»,- նշեց ֆինանսների նախարարը` շեշտելով, որ այդ վարձատրությունը պետք է, անշուշտ, համարժեք լինի աշխատուժի շուկային, և սա է իրենց պատկերացրած տրամաբանությունը:

Տեսանյութեր

Լրահոս