Հայոց ցեղասպանությունը դատապարտող առաջին իրավական փաստաթուղթը։ 105-ամյա տարելիցը, նրա պատմաքաղաքական և իրավական խորհուրդը
Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի համակարգված բնաջնջման քաղաքականությունն իր գագաթնակետին հասավ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ երիտթուրքերը թուրքական ազգային պետության կերտման իրենց ծրագրերում ձեռնամուխ եղան այն գաղափարի իրացմանը, որի նպատակը կործանումից Օսմանյան կայսրության փրկությունն էր։ Այդ փրկությունը, սակայն, նրանք տեսնում էին կայսրության համընդհանուր թրքության և ազգային միատարրության ապահովման մեջ։ Ճակատագրի բերումով և նաև գործող ծրագրի համաձայն՝ այդ քաղաքականության գլխավորը զոհը դարձավ հայ ժողովուրդը։
Գնահատելով անցյալի խորհուրդը, կարծում ենք, որ հայ ժողովրդի պատմության և պատմագրության բազմաթիվ հարցեր, անկախ հետազոտությունների թվացյալ լիությանը, ենթակա են մշտական ուշադրության, իսկ ամենակարևորը՝ մշտական արժևորման ու հիշատակման։ Հայոց մեծ եղեռնի պատմական հուշակոթողում, մեր կարծիքով, ապրիլի 24-ից զատ, պատշաճ ուշադրության է արժանի 1915թ․ մայիսի 24-ի հիշատակումը։ Պատմական այդ օրը՝ 1915թ․ մայիսի 24-ին, Անտանտի դաշնակից տերությունները՝ Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, այդ առթիվ հանդես եկան պաշտոնական հայտարարությամբ, որը միջազգային իրավունքի և համաշխարհային իրավական մտքի պատմության մեջ մտավ՝ որպես ցեղասպանությունը դատապարտող առաջին իրավական փաստաթուղթ։ Անկախ այն հանգամանքից, որ փաստաթղթի մեջ բացակայում էր «ցեղասպանություն» տերմինը, փաստաթուղթն ինքնին, իր բովանդակությամբ և առաքելությամբ, դրեց իրավական այն հենքը, որի վրա ապագայում պետք է խարսխվեր 20-րդ դարի ողջ միջազգային իրավական այն համակարգը, որի առաքելությունը հանդիսանում է մարդկության դեմ ուղղված հանցագործությունների համար պատժի սահմանումը, դրանց կանխումը և նման հանցագործությունների դեպքում միջազգային իրավական պատժի իրացումը։
Հայ ժողովրդի պատմության և պատմագրության մեջ, Անտանտի դաշնակից տերությունների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի 1915թ․ մայիսի 24-ին տեղ գտած համատեղ հայտարարության տեքստը հրատարակվել է բազմիցս։ Այն փաստում է․ «Հայաստանում, օսմանյան իշխանությունների բացահայտ թողտվությամբ, իսկ հաճախ էլ ուղղակի համագործակցությամբ, տեղի են ունեցել հայկական կոտորածներ՝ թուրքերի ու քրդերի կողմից։ Հաշվի առնելով մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի կատարած այս նոր հանցագործությունները, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Անգլիայի դաշնակից կառավարությունները այսու հրապարակավ հայտարարում են Բ․ Դռանը, որ իրենք այս հանցագործությունների համար անձնական պատասխանատվությունը դնում են թուրքական կառավարության բոլոր անդամների, ինչպես նաև նրա այն տեղական իշխանությունների վրա, որոնք մասնակից են դարձել նման կոտորածին»։
Փաստաթղթի հրապարակման շուրջ ծագած տարաձայնությունների մասին հայ իրականության մեջ քիչ է խոսվել։ Չի խոսվել, թերևս, այն պատճառով, քանի որ այդ հակասությունները փաստող գլխավոր արխվային նյութերը գտնվում են՝ ինչպես Ռուսաստանի, այնպես էլ՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվներում։ Փաստաթղթի բովանդակությունը լուսաբանող արխիվներից ամենաարժեքավորը, թերևս, բրիտանականն է։
Մեզ հաջողվեց, սակայն, 2000թ.-ից ի վեր Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության արխիվ կատարված մի շարք այցելությունների արդյունքում հայտնաբերել այն նյութերը, որոնք փաստում են այս հարցում տերությունների շահագրգռության, ապա՝ նրանց միջև ծագած հակասությունների գաղտնիքները։
Արևմտահայության ցեղասպանության մասին առաջին լուրերը սկսեցին հեղեղել եվրոպական մամուլը միայն 1915թ. կեսերին՝ ամռանը։ Պատճառը նրանում էր, որ, ինչպես Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, այնպես էլ՝ Ռուսաստանը, զրկված էին Օսմանյան կայսրության տարածքում ընթացող անցքերի վերաբերյալ դիվանագիտական և հյուպատոսական ծառայությունների միջոցով լուրեր ստանալու հնարավորությունից։ Երիտթուրքերը և պատերազմում նրանց գլխավոր դաշնակից կայզերական Գերմանիան ներդրել էին իրենց ողջ ներուժը, որպեսզի ռազմական գրաքննության ենթարկվող յուրաքանչյուր փաստաթուղթ ենթարկվի մանրակրկիտ քննության և զտման։ Այնուամենայնիվ, Կովկասը հեղեղած հայ գաղթականների և տարբեր միսիոներների շնորհիվ, Հայ Առաքելական եկեղեցու սպասավորներն արդեն իրազեկված էին օսմանահպատակ հայերի ոչնչացման գործընթացին։ Այս առթիվ, Ամենայն Հայոց կաթողիկոսը, 1915թ․ ապրիլի 15-ին Եվրոպայում առաջնորդ Գևորգ արքեպիսկոպոս Ութուջյանի միջոցով դիմեց եվրոպական տերություններին՝ խնդրելով օժանդակություն և միջամտություն։ Դեռևս ապրիլի 7-ին կաթողիկոսը դիմել էր պատերազմում չեզոք բոլոր պետությունների ղեկավարներին՝ ԱՄՆ նախագահ Վ․ Վիլսոնին, Իտալիայի թագավոր Վիկտոր Էմանուելին, նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Գևորգ 6-ին՝ խնդրելով փրկել հայ ժողովրդին։ Այս կոչին առաջինն արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովը։
Ապրիլի 25-ին Սազոնովը Լոնդոնում և Փարիզում իր դեսպաններին կարգադրեց նախապատրաստել ու համաձայնեցնել Անտանտի դաշնակից տերությունների համատեղ հայտարարության այն տեքստը, որն ի նշան դաշնակից տերությունների միջև առկա ներդաշնակ համաձայնության՝ պետք է հրատարակվեր համաշխարհային առաջատար մամուլի էջերում, համաձայն որի՝ «հայերի կոտորածների համար ողջ պատասխանատվությունը դրվելու էր թուրքական իշխանությունների վրա»։ Ֆրանսիական կողմը, արդեն իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կողմից իր դեսպանների միջոցով դաշնակիցներին տրամադրված տեքստի բովանդակության շուրջ որևէ առարկություն չհայտնեց։ Այդ ուղղությամբ որոշակի առարկություններով հանդես եկավ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը՝ ի դեմս արտաքին գործերի նախարար Էդուարդ Գրեյի։
Լոնդոնը չէր շտապում։ Նա հաշվում էր իր հետագա քայլերը։ Այդ իսկ նպատակով, Պետրոգրադում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջ․ Բյուքանանին ապրիլի 29-ին հրահանգվեց ծանուցել ցարական կառավարությանն այն մասին, որ Անգլիան ցանկանում է սպասել չեզոք պետություններին հղած կաթողիկոսի խնդրագրի արձագանքին։ Այդ արձագանքը չհապաղեց։ Մայիսի սկզբներին Կ․ Պոլսում չեզոք պետությունների՝ ԱՄՆ-ի և Իտալիայի դեսպանները Բ․ Դռանը հայտնեցին իրենց խորը դժգոհությունը հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածների առնչությամբ՝ պահանջելով վերջ տալ հալածանքներին։ Մայիսի 11-ին արդեն Ռուսաստանն իր դեսպանի միջոցով Լոնդոնին փոխանցեց նախատեսվելիք համատեղ հայտարարության այն տեքստը, որը կազմել էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում։ Լոնդոնը կրկին առարկեց՝ պատճառը նրանում էր, որ Ռուսաստանը հայտարարության մեջ հայերի նկատմամբ ընթացող հանցագործությունները որակել էր՝ որպես «քաղաքակրթության և քրիստոնեության դեմ ուղղված ոճրագործություններ»։
Մերձավոր Արևելքում իր գերիշխանության համար մարտնչող, աշխարհի մեծագույն գաղութատեր Մեծ Բրիտանիայի դիվանագետներն ու իրավաբանները խորաթափանց կերպով ընկալեցին «քրիստոնեության և քաղաքակրթության դեմ ուղղված ոճրագործություններ» ձևակերպման քաղաքական այն վտանգը, որին կարող էր ենթարկվել ծովերի տիրակալ Անգլիան՝ իր բազմազգ ու բազմակրոն գաղութներում։ Անգլիական գերիշխանության իրավաբան սպասավորները, սակայն, առաջարկեցին մարդկության պատմության մեջ աննախընթաց այն ձևակերպումը, որի վրա հետագայում պետք է վեր խոյանար միջազգային հումանիտար և մարդու իրավունքների պաշպանությանն ուղղված այն համակարգը, որի հիմքում ընկած է Անտանտի դաշնակից տերությունների կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող՝ 1915թ․ մայիսի 24-ի հայտարարությունը։ Վերը, մեր կողմից հիշատակված տեքստում արդեն, տերությունները հանդես եկան «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված ոճրագործություններ» ձևակերպմամբ։ Այդ փոփոխության հեղինակն անգլիացի դիվանագետներն ու իրավաբաններն էին։ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից արդեն իսկ համաձայնեցված համատեղ հայտարարության տեքստը մայիսի 23-ի ուշ երեկոյան հանձնվեց մամուլին։ Հաջորդ օրն այն հրատարակվեց համաշխարհային մամուլի առաջին էջերում։
Դրանով տերությունները հիմք դրեցին ռազմական գործողությունների և պատերազմի ընթացքում ժողովուրդների կազմակերպված բնաջնջման հանցագործության համար միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու, ապա՝ միջազգային տրիբունալների ստեղծման պատմական գործընթացի նախադեպին։ Այդ նախադեպը, ցավոք սրտի, ստեղծվեց Թուրքիայում բնաջնջվող հայ ժողովրդի ոչնչացման գնով։
Անկախ ստանձնած պարտականություններից, ոչ միայն Ռուսաստանի, այլև՝ Մեծ Բրիտանիայի, թուրքական ռազմական թատերաբեմում գործող բանակները չէին շտապում որևէ կերպ խոչընդոտել հայերի մահվան քարավանների ընթացքը։ Կովկասյան ճակատում սրընթաց հաջողություններով իր հաղթարշավը սկսած ռուսական բանակը, հետագայում, սակայն, իր անբացատրելի նահանջի ու դանդաղկոտությանն ուղղված հրամաններով, իսկ Բրիտանիան՝ Դարդանելի շրջանում, ապա՝ Միջագետքում նախաձեռնած իր աննպատակ ռազմական արկածախնդրության արդյունքում, ոչնչով չկանխեցին երիտթուրքերին՝ ի կատար ածելու հայերի բնաջնջման ծրագիրը։
Երիտթուրքերի, ու նրանց բանակները Թուրքիայում առաջնորդող կայզերական Գերմանիայի վրա, դաշնակից Անտանտի տերությունների հայտարությունն իրականում որևէ արժեք չունեցավ։ Ավելին, Կ, Պոլսում չեզոք պետությունների ներկայացուցիչների կողմից Բ․ Դռանը հանձնված մայիսի 24-ի հայտարարությունը, համաձայն Պողոս Նուբարի հետագայում կատարված խոստովանության, կրակի վրա յուղ լցնելու հետևանքն ունեցավ։ Բողոքի նոտան հանձնելուց երկու օր անց երիտթուրքերը Կ․ Պոլսի հրապարակում հրապարակավ կախաղան հանեցին հնչակյան կուսակցության այն 20 ղեկավարներին, որոնց պատանդի կարգավիճակում պահում էին Կ․Պոլսի բանտում։ Պողոս Նուբարի խոստովանությամբ, անգամ թուրքական մեջլիսի պատգամավորներ Գրիգոր Զոհրապի և Վարդգեսի ձերբակալությունները հաջորդեցին երիտթուրքերի հասցեին հնչած հայտարարությունից հետո միայն։
Չորս տարի ընթացող պատերազմում Օսմանյան Թուրքիային հաղթանակած Մեծ Բրիտանիան, 1918թ․ հոկտեմբերի 30-ին անգլիական «Ագամեմնոն» հածանավի վրա Թուրքիային պարտադրեց Մուդրոսի զիանադադարը։ Անգլիացիների կողմից փաստաթուղթը ստորագրեց Միջերկրական ծովում բրիտանական նավատորմի հրամանատար Քալթորփը, իսկ երիտթուրքերի անունից՝ Թուրքիայի ռազմածովային հարցերով նախարար Ռեուֆ բեյը։
Առաջնորդվելով պատերազմի ընթացքում Մեծ Բրիտանիայի ստանձնած ռազմական հանցագործներին պատժելու մասին պարտավորությամբ, Մուդրոսի զինադադարի 22-րդ հոդվածը Թուրքիային պարտավորեցնում էր դաշնակիցներին հանձնել ռազմական հանցագործներին։ Իսկ 24-րդ հոդվածով դաշնակիցներն իրավունք էին ստանում գրավել հայկական վեց վիլայեթները, եթե այդ տարածքներում ծագեին անկարգություններ։
Զինադադարի ստորագրման հաջորդը օրը, սակայն, 1918թ․ նոյեմբերի 1-ին, երիտթուրքերի պարագլուխները՝ Թալեաթը, Ջեմալը, Էնվերը, Նազըմն ու Շաքիրը, Բեդրին ու Ազմին կայզերական Գերմանիային պատկանող երկու հածանավերով փախուստի դիմեցին Բեռլին։ Նրանք բոլորը, բացի Էնվերից, սկզբնական շրջանում գտնվում էին Բեռլինում։ Չնայած այն փաստին, որ Հայոց ցեղապանության գլխավոր կազմակերպիչները արդեն ճողոպրել էին, ընդառաջ գնալով խոստմանը և սարսափելով քաղաքական հաշվեհարդարից՝ ետպատերազմական Թուրքիայի իշխանությունները հրատապ կերպով ձեռնամուխ եղան Կ․ Պոլսի ռազմական տրիբունալի ստեղծմանը։ 1919թ․ հունվարին սկսվեցին մասայական ձերբակալությունները։ Ներկալվեցին Իթթիհադի կենտրոնական կոմիտեի անդամներ և բարձրաստիճան 30 այլ պաշտոնյաներ։ Քիչ ավելի ուշ սկսվեց ձերբակալությունների հաջորդ շղթան, որն ընդգրկում էր ավելի ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյա անձանց։ Նրանց ներկայացված մեղադրանքը հայերի կազմակերպված բնաջնջումն էր, նաև՝ ռազմագերիների, այդ թվում՝ անգլիացիների նկատմամբ կատարված դաժանություններն ու ոճրագործությունները։
Արդեն 1919թ․ հունվարի 28-ին, Կ․ Պոլսից Մեծ Բրիտանիա հղած իր հեռագրում գեներալ Քալթորփը նշում էր, որ «թուրքական կառավարության ուշադրությունը հրավիրել է այն փաստին, որ, երբ Լոնդոնում հայտնի դարձավ կոտորածների մասին, բրիտանական պաշտոնյաները խոստացան քաղաքակիրթ աշխարհին, որ այդ կոտորածներին առնչվող անձինք անհատապես պատասխանատու են ճանաչվելու, և Նորին գերազանցության բրիտանական կառավարությունը հաստատակամ է իրականացնելու իր այդ խոստումը»։
Չմանրամասնելով Կ․ Պոլսում երիտթուրք պարագլուխների նկատմամբ, այդ թվում՝ նրանցից մի մասի բացակայության պայմաններում, նրանց վերաբերյալ կայացված մահվան դատավճիռների ու դատական գործի ընթացքը, այնուամենայնիվ, ուշագրավ ենք համարում վերհիշել Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո իրականացված արդարադատության որոշ դրվագներ։
Արդեն 1919թ․ կեսերին Կ․ Պոլսի Սերասկերատ բանտում ներկալվել և իրենց դատական վճիռներին էին սպասում 112 բանտարկյալներ։ Բանտարկյալների նկատմամբ ունեցած բարձիթողի վիճակի մասին նույն շրջանում իր ահազանգը հնչեցրեց Սև ծովում բրիտանական նավատորմի գլխավոր հրամանատարը։ Կարճ ժամանակ Կ. Պոլսում բրիտանական գլխավոր հանձնակատարի պաշտոնը ստանձնած Քալթորփին հղված իր նամակում նա ահազանգում էր այն մասին, որ դատապարտյալներն ազատ շրջում են բանտում, նրանց հսկողության համար կարգված թուրք բանտապահները անկաշկանդ շփվում են բանտարկյալների հետ, երբեմն նրանց են փոխանցում հսկա ծանրոցներ, որոնք մատակարարվում են կանանց և ընտանիքի անդամների կողմից։ Նա հայտնում էր այն մասին, որ ոճրագործների կանայք և հարազատները հանգիստ մուտք էին գործում բանտ և տեսակցում իրենց ամուսիններին։
Գոյություն չունի պատմական ստույգ աղբյուր՝ որոշելու, թե իրականում որքան ոճրագործ ենթարկվեց Թուրքիայի տարածքում հիմնված ռազմական դատարանների դատավճռին։ Գերիշխում է սակայն այն տեսակետը, որ, ընդհանուր առմամբ, թուրքական դատարանների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրագործված ոճրագործության մեղադրանքով դատապարտվել են 1376 անձինք, որոնցից 62-ը ենթարկվել է մահապատժի։ Դատապարտվածներից շատերը հետագայում ազատ արձակվեցին Քեմալ Աթաթյուրքի կողմից և դարձան քեմալական Թուրքիայի հիմնադիրները։ Մտավախություն ունենալով, որ Կ․ Պոլսի բանտում պահվող երիտթուրք բարձրաստիճան պաշտոնյաները կարող են փախուստի մատնվել, Մեծ Բրիտանիան որոշում կայացրեց նրանց տեղափոխել Մալթա կղզի։ 1919-1921թթ․ ընթացքում անգլիացիները տարբեր փուլերով Մալթա տեղափոխեցին, ապա՝ կրկին փուլերով, ազատ արձակեցին ավելի քան 140 երիտթուրք ոճրագործների։
Դաշնակից Անտանտի տերությունների կողմից հայերի ոչնչացման գործում մեղսակիցներին պատժելու մասին 1915թ. մայիսի 24-ի հայտարարությունն ընդհանուր դրույթներով վերահաստատվեց 1920թ․ օգոստոսի 10-ին Թուրքիայի հետ կնքված, բայց վերջինիս կողմից երբեք չվավերացված Սևրի պայմանագրում։ Պայմանագրի 226-րդ հոդվածով թուրքական կառավարությունը ճանաչեց դաշնակից տերությունների իրավունքը՝ դատարանին հանձնելու և պատժելու հայոց կոտորածներում մեղսակից բոլոր անձանց՝ անկախ Թուրքիայի ռազմական դատարանի նախաձեռնած դատական գործընթացներից ու հետապնդումներից։ Այս հոդվածով Թուրքիան պարտավորվեց հանձնել պատերազմի օրենքներն ու ավանդույթը խախտած բոլոր մեղադրյալներին։
Ուշագրավը, սակայն, այն էր, որ դաշնակից ուժերի դերում արդեն հանդես էր գալիս Անգլիան, քանզի Մուդրոսի զինադադարից հետո Կ․ Պոլիսը և հարակից տարածքները գտնվում էին անգլիական օկուպացնող զորքերի հսկողության ներքո։ Իսկ երբեմնի հզորագույն տերություններից Ռուսական կայսրությունը ցնցված և հյուծված, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին բախումներից՝ ընկղմված էր հեղափոխության պարտադրած առժամանակ քաոսում։ Արևելյան հարցի նկատմամբ ներքին և արտաքին դրդապատճառներով էր հիմնավորված նաև Ֆրանսիայի քաղաքական անտարբերությունը։ Անտանտի տերությունները և նրան պատերազմում միացած ԱՄՆ-ը ձեռնամուխ էին եղել հաղթողի կարգավիճակով իրենց բաժին հասնելիք ավարի շուրջ ծագած կնճիռների հարթմանը։
«Մարդկության և քաղաքակրթության» հայերի դեմ իրագործած ցեղասպանության մեղսագործների պատժի հետագա ճակատագիրը դիպուկ բնութագրել է Ու․ Չերչիլը․ «Զինադադարից հետո թուրքերն ասում էին՝ մենք արժանի ենք պատժվելու, բայց թող մեզ պատժի մեր հին բարեկամ Անգլիան»:
Աստիճանաբար Մալթայի բանտարկյալները, որոնք, ըստ էության, ազատ կյանք էին վարում, ուտում, խմում, նույնիսկ ազատ շրջում էին Մալթայի փողոցներում, անգլիացիների կողմից վերածվեցին գործիքի՝ վերջինիս քաղաքական և տնտեսական շահերի իրականացման գործում։ 1920-1921թթ․ Թալեաթը մի քանի անգամ եղավ Հռոմում։ Այդ նույն պահին՝ 1921թ․, երբ Մալթայից ազատ էին արձակվում ցեղասպան իթթիհադական գործիչները, որոնք Թուրքիա էին անցնում Իտալիայի վրայով, հանդիպում էին նրան և ստանում վերջինիցս հանձնարարականներ։ Որոշ ժամանակ անց այդ նույն գործիչները հայտնվում էին Թուրքիայում գլուխ բարձրացրած ազգայնական նոր շարժման պարագլուխ Մուսթաֆա Քեմալի կողքին։
Հիրավի, պատմությանը, դաշնակից տերությունների միջև առկա քաղաքական լարվածության ու հակասությունների և թուրքական ազգայնական կրքերի ընդհանուր վերելքի պատճառով, վիճակված էր դեն նետելու Սևրի պայմանագիրը։
1921թ․ փետրվարի 21-ից մինչև մարտի 14-ը տեղի ունեցավ Լոնդոնի խորհրդաժողովը, որտեղ Բեքիր Սամի բեյը բանակցում էր Մալթայում ներկալված ոճրագործների ազատ արձակման շուրջ։ Թուրքիայում արդեն փոխվել էր իրադրությունը, իշխում էր Մ․ Քեմալը, և բրիտանական դիվանագիտությունը որոշեց կրկին վերագնահատել իր արժեքներն ու քաղաքականությունը։ Առաջնորդվելով լորդ Պալմերստոնի հայտնի «Անգլիան չունի հավիտյան բարեկամներ ու հավիտյան թշնամիներ, այլ ունի միայն մնայուն շահեր» կարգախոսով՝ անգլիացիները սկսեցին տարբեր փուլերով երիտթուրքերին փոխանակել անգլիացի այն բարձրաստիճան ռազմագերիների հետ, որոնց Քեմալ Աթաթուրքը միտումնավոր պահում էր՝ որպես քաղաքական պատանդներ։
Առաջին աշխարհամարտի տարիներին Հայոց ցեղասպանության մասին մամուլում հրապարակված, մեծի մասամբ՝ բրիտանական աղբյուրները հեղեղված են այնպիսի պնդումներով, համաձայն որոնց՝ մեծ տերությունները, մասնավորապես՝ Գերմանական կայսրության գլխավոր ախոյան Անգլիան, զարգացրել ու տարածել էին այն համոզմունքն ու ճշմարտությունը, որ հայաջնջման քաղաքականությունը կլիներ անհնարին, եթե պատերազմում Օսմանյան կայսրության բանակներն առաջնորդող գերմանական բարձրաստիճան սպայակույտը հանդես գար այդ քաղաքականության դեմ։ Ավելին, տարաբնույթ հայտարարություններով և հրապարակումներով, Մեծ Բրիտանիան հանդես էր եկել գրեթե նույն պարտավորությամբ, ինչը ստանձնել էր հայերի պարագայում՝ պատժել պատերազմում մեղսակից գերմանացի հանցագործներին և պատերազմը սանձազերծողներին։
Այս իմաստով, ինչպես հայազգի, այնպես էլ օտար հեղինակները, որոնք տարբեր առիթներով անդրադարձել ու փորձել են լուսաբանել Անտանտի տերությունների համատեղ հայտարարությունն ու նրա հետագա ճակատագիրը, կամա թե ակամա, խուսափել են անդրադառնալ հայաջնջման գործում մեղսակից կայզերական Գերմանիայի ռազմական գործիչների նկատմամբ արդարադատության իրականացման իսպառ բացակայության փաստին։ Այս փաստը որևէ կերպ չի լուսաբանվել։ Այն բծախնդրորեն, քաղաքական շահերից դրդված, մոռացության է տրվել։
Մեծ Բրիտանիայում դեռևս քսան տարի առաջ նախաձեռնած իմ ուսումնասիրությունների արդյունքում ծագած այս հարցի պատասխանը ես պետք է ստանայի միայն տարիներ անց՝ շարունակելով այս ոլորտում իմ որոնումները Գերմանիայում։
Դեռևս ոչ ամբողջությամբ զտված ու մանրակրկիտ գրաքննության ենթարկված նյութերի մեջ ինձ հաջողվեց գտնել այն հարցի պատասխանը, որտեղ նշմարվում էր գլխավոր քաղաքական դրդապատճառը։ Չանդրադառնալով այս հարցի ողջ մանրամասներին, ուշագրավ ենք համարում միայն մատնանշել, որ 1918թ.՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ՝ Գերմանիայի պարտությունը գերմանացիներին կանգնեցրեց սարսափեցնող փաստի առջև՝ եկել էր պատասխան տալու ժամանակը։ Վերսալում սկսված հաշտության բանակցությունների ընթացքում և Փարիզի հաշտության վեհաժողովում հաղթող տերությունները, մասնավորապես՝ Անգլիան, կրկին սկսեցին շահարկել «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների» հարցը, և այն օգտագործել վաղեմի ախոյան Գերմանիայի դեմ։
Անգլիացիները գերմանացիներից պահանջում էին հանձնել նաև իրենց մոտ ապաստան գտած երիտթուրքերի պարագլուխներին։ Նրանք բոլորը, բացի Թալեաթից և բժիշկ Շաքըրից, արդեն գտնվում էին Գերմանիայի տարածքից դուրս։ Այսպիսի քաղաքական ճնշման պայմաններում է, երբ 1921թ․ մարտի 15-ին Բեռլինում գնդակահարվեց Թալեաթ բեյը՝ Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչն ու ոճրագործը։ Մարդ, որին կայզերական Գերմանիայում կոչում էին «Արևելքի Բիսմարկ» և թուրք-գերմանական դաշինքի ու բարեկամության երաշխավորը։ Բնավ զարմանալի չէ, որ Թալեաթի սպանության և դրա հետ կապված քրեական գործի իմ որոնումները տևեցին բավական երկար։ Հայտնաբերված գործը, իմ սպասումների համաձայն, թերի էր։ Պարզվում է, որ պրուսական հետախուզության արխիվում պահվող քրեական գործի նյութերի մեծ մասն այրվել է՝ Առաջին աշխարհամարտին հաջորդած Երկրորդ աշխարհամարտի տարիներին։ Այրված թղթապանակի տեսքն ու պահպանված նյութերը, սակայն, հուշում են այն մասին, որ «ուղղորդվող ռումբը» վնասել էր միայն թղթապանակի անպիտան հատվածը, իսկ կրակը մարել էր այն պահին, երբ սպառվել էր այրվելու անհրաժեշտությունը։
Սողոմոն Թեհլերյանի արդարացման համար իրենց միջնորդությունն էին ներկայացրել նույն այն անձինք, որոնց գործունեությունը ժամանակին սևեռված էր թուրք-գերմանական քաղաքական և ռազմական դաշինքի կայացմանը, ամրապնդմանը և հայերի ոսկորների վրայով անցնող Բաղդադի երկաթգծի անվտանգության ապահովմանը։ Դժվար չէ հանգել այն եզրակացությանը, որ Թալեաթի գոյությունը սպառնում էր նրա զինակից գերմանացի այն գործընկերների գոյությանը, որոնց ռազմական և քաղաքական կենսագրության մի զգալի հատվածը շարադրվել էր Օսմանյան Թուրքիայի հոգեվարքի և հայ ժողովրդի բնաջնջման պատմության բազում էջերում։ Թալեաթը տիրապետում էր պատերազմի ողջ գաղտնիքներին, հայերից թալանված անասելի հարստության մասին այն տեղեկությանը, որին ձգտում էր տիրանալ կայզերական Գերմանիային ծնկի բերած ծովերի տիրուհին՝ Մեծ Բրիտանիան։ Այդ հարստությունը չէին ցանկանում օտարին հանձնել նաև գերմանացիները։ Այս տրամաբանությամբ է պայմանավորված նաև այն, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի մեծ վեզիր, ներքին գործերի նախարար Թալեաթի սպանության գործով, աննախընթաց արագությամբ տեղ գտած դատական գործի ավարտին, Սողոմոն Թեհլերյանի համար պատրաստեց ԱՄՆ մեկնելու համար նրան անհրաժեշտ ճամփորդական անձնագիրը և նրան առհավետ ճամփեց ԱՄՆ։
Հայոց ցեղասպանության մեջ պատասխանատու ոճրագործներին պատժելու և այդ հարցում մեծ տերությունների ստանձնած պարտավորությունից խուսափելու գլխավոր դրդապատճառը քաղաքական էր։ Տերությունները, կամա թե ակամա, հանգեցին այն պարզ ճշմարտությանը, որ ոչնչացված ժողովրդի շահերի պաշտպանությունն անօգտակար զբաղմունք է։ Ոճրագործների ազատ արձակումը պայմանավորված էր Հայկական հարցի վերջնական հուղարկավորմամբ։ 1923թ․ տեղի ունեցած Լոզանի կոնֆերանսում քեմալական Թուրքիայի հետ հաշտության պայմանագիր ստորագրող կողմերը՝ գլխավորապես Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, խաչ քաշեցին Սևրի և Սան Ռեմոյի հոդվածների վրա, հաշտության ձեռք պարզեցին Քեմալ Աթաթյուրքին և վերջնականապես պատմության գիրկն ուղղարկեցին շուրջ հիսուն տարի իրենց կողմից չարչրկած Հայկական հարցը։
«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների» մեջ մեղսակից ոճրագործներին միջազգային արդարադատությանը հանձնելու գործընթացն ինքնին, բրիտանական քաղաքական և նրան սպասարկող իրավաբանական փորձագետների համար հանդիսանում էր լուրջ գլխացավանք։ Իրավական լուրջ խոչընդոտը սկսեցին հարուցել քեմալականները։ Համաձայն նրանց կողմից առաջ քաշված փաստարկի՝ Թուրքիայի տարածքից դուրս որևէ դատարանի ստեղծումը, որը պետք է պատժեր երիտթուրքերին, հանդիսանում էր ոտնձգություն՝ ուղղված Թուրքիայի ինքնիշխանության դեմ։ Համաձայն թուրքերի՝ իրենք ունեին բավարար ներուժ և օրենսդրություն՝ դատելու հանցագործներին։ Որքան էլ տարօրինակ հնչի, դրան իրենց համաձայնությունը տվեցին մեծ տերությունները, որոնք 1919թ․ Փարիզում գումարված հաշտության կոնֆերանսի Պատասխանատվությունների և սանկցիաների մասին հանձնաժողովի երկարատև քննարկումներում, ընդունելով հայերի դեմ իրականացված ոճրագործությունների փաստը, այնուամենայնիվ, հանգեցին այն կարծիքին, որ պատժի իրականացումը Թուրքիայի ներքին գործն է՝ հիմք դնելով 1915թ․ մայիսի 24-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունից հրաժարվելու և այն մոռացության մատնելու գործընթացին։
«Մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների» մասին միջազգային հանրությունը կրկին վերհիշեց Երկրորդ աշխարհամարտի ավարտին միայն։ Ճակատագրի բերումով, այժմ արդեն հիտլերյան Գերմանիային պարտության մատնած տերությունները, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ջանքերով, ձեռնամուխ եղան նացիստական Գերմանիայի ոճրագործներին պատժելուն ուղղված Նյուրնբերգի ռազմական դատարանի խարտիան, ապա՝ 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի ընդունած ցեղասպանությունը կանխելու և դրա համար պատժելու մասին կոնվենցիան և հաջորդ օրը՝ 1948թ․ դեկտեմբերի 10-ին ընդունված ՄԱԿ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կազմելուն։ ՄԱԿ-ի կողմից ընդունված այս երկու առանցքային փաստաթղթերի հեղինակն ազգությամբ հրեա իրավաբան, պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինն էր։ Մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված արդի ողջ իրավական և միջազգային քրեական իրավահամակարգը կառուցված ու խարսխված է «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների» համար միջազգային պատասխանատվություն սահմանող գաղափարի վրա։ Ցեղասպանություն տերմինի և դրա համար միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու գաղափարի հեղինակ Ռաֆայել Լեմկինն իր խոսքերով՝ ցնցված էր Հայոց ցեղասպանության մեղսակիցների աննախադեպ անպատժելիությունից։ Այս մասին նա գրում է․ «Պատերազմի ավարտից հետո ավելի քան 150 զինվորական հանցագործներ ձերբակալվեցին բրիտանական կառավարության կողմից և արտաքսվեցին Մալթա կղզի։ Հայերը պատվիրակություն ուղարկեցին խաղաղության կոնֆերանս։ Օրերից մի օր պատվիրակությունը կարդաց թերթերում, որ բոլոր թուրքական ռազմական հանցագործները ազատ են արձակվել։ Ես ցնցվեցի։ Ազգը սպանված էր, իսկ դրանում մեղավորներն ազատ արձակվեցին։ Ինչո՞ւ են պատժում առանձին անհատին, երբ նա մարդ է սպանում։ Ինչո՞ւ միլիոնավոր մարդկանց սպանությունը պետք է լինի նվազ հանցագործություն, քան մեկ մարդու սպանությունը»։
Դեռևս որպես Լվովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող՝ 1921թ. հետևելով թուրք հանցագործների վերաբերյալ մամուլի հաղորդագրություններին և կարդալով Բեռլինում Թալեաթի սպանության վերաբերյալ հաղորդագրությունները, եռանդուն Լեմկինը բանավեճի մեջ է մտնում միջազգային իրավունքի իր պրոֆեսորներից մեկի հետ, որն առարկում էր երիտասարդ ուսանողի այն պնդումներին, որ միջազգային հանրությունն իրավասու է պատժել հայ ժողովրդին բնաջնջող երիտթուրքերին։ Համաձայն Լվովի համալսարանի պրոֆեսորի՝ դա հնարավոր չէր այն պարզ պատճառով, որ հայերը հանդիսանում էին օսմանահպատակներ, և նրանց վրա տարածվում էր օսմանյան պետության ինքնիշխանությունն ու օրենսդրությունը։ Որպես սեփական հպատակներ՝ նրա կարծիքով՝ օսմանյան պետությունը իրավասու էր իր հայազգի քաղաքացիների հետ վարվել այնպես, ինչպես կամենար։ Իսկ այդ իրավունքի խախտումը կնշանակեր՝ խախտել Թուրքիայի ինքնիշխանությունը, և կհամարվեր միջամտություն նրա ներքին գործերին։ Այս քննարկումից միայն ութ տարի անց, նշանակվելով Վարշավայի շրջանի դատախազ, Լեմկինն իր մորը գրում էր․ «Այժմ ես կարող եմ հասկանալ, թե ինչպես են գործում օրենքները։ Հետագայում, թերևս, ես կկարողանամ նրանց հետ որևէ բան անել»։
Հայոց ցեղասպանությանն առնչվող և այն ուսումնասիրող Լեմկինի հսկայածավալ արխիվը, որը նա հավաքել էր դեռևս ուսանողական տարիներից, հանդիսացան այն հենքը, որի վրա խարսխվեց Երկրորդ աշխարհամարտի ավարտին միայն կյանքի կոչված և արդեն իրականություն դարձած «մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործությունների» ու ցեղասպանության համար պատժելու միջազգային իրավական համակարգը։
Այս խորհուրդն ու ճշմարտությունն է իր մեջ պարփակում Անտանտի դաշնակից տերությունների 1915թ․ մայիսի 24-ին հրապարակած համատեղ հայտարարությունը։ Միջազգային իրավունքի պատմության և մարդու իրավունքների շուրջ իրավահամակարգի ստեղծման մեջ այդ հայտարարությունն ունեցավ ֆենոմենալ նշանակություն, իսկ ապագայում՝ առաքելություն։ Այդ հայտարարության ատաղձն ու ոգին` հանուն «մարդկության և քաղաքակրթության» համատեղ գործելու կոչն էր։ Նրա առարկան հայերն էին, որոնց նույն միջազգային հանրությունը մոռացության մատնեց՝ առաջնորդվելով իր քաղաքական ու տնտեսական շահերով։
Այդ հայտարարությունը և նրա հետագա ճակատագիրը զբաղեցնում է իր անմոռաց տեղը Հայոց ցեղասպանության և XX-րդ դարասկզբի հայ ժողովրդի պատմության հուշակոթողում։ Իմ խորը համոզմամբ, սակայն, ժողովուրդներին վերապահված և նրանց շնորհված իրավունքների լավագույն երաշխիքը սեփական բանականության և ուժի առկայությունն է և այդ ուժով պարտադրված իրավունքը։ Դատում են հզորները, դատում են այնպես, ինչպես պատժեցին հայ ժողովրդի ոչնչացման մեղավորներին։
Պ․գ․թ․ ՏԻԳՐԱՆ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Բեռլին, 24 մայիսի, 2020թ․