Վրաստանը Ռուսաստանից բնական գազ կստանա 15% զեղչով. մեսի՞ջ Երևանին, թե՞ լուրջ փաստարկ՝ ուղղված Ադրբեջանին
Վրաստանը վերանայում է համաձայնագիրը «Գազպրոմի» հետ՝ ուղղված գազի վաճառքի գնի նվազմանը: Լրագրողներին, sputnik-georgia.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նորանշանակ նախարար Նաթիա Թուրնավան:
«Ուժեղ մրցակցության պայմաններում և հաշվի առնելով այն, որ աշխարհում նավթամթերքի գինն անկում է ապրում, «Գազպրոմի» հետ արդեն գործող համաձայնագրի վերանայումը կծառայի գազի գնի իջեցմանը: Ելնելով կոմերցիոն գաղտնիքից՝ ես չեմ կարող թիվը նշել, բայց կարող եմ ասել, որ բնական գազի գինը կնվազի մոտ 15 տոկոսով»,- նշել է նա:
168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը նշեց, որ նման որոշումն իր մեջ մեսիջ է պարունակում՝ ուղղված հայկական կողմին, բացի այս, սա կարևոր ձեռքբերում է թե՛ Ադրբեջանի հետ գազային բանակցություններում որպես լուրջ փաստարկ ներկայացնելու, թե՛ ռուս-վրացական հարաբերությունների կայունացման տեսանկյունից: Ի դեպ, 2019-ին Վրաստանը ներկրել էր ռուսական 160 մլն խմ գազ, որը ներկրվող գազի մոտ 5%-ն է:
«Սա կարող է նաև դիտարկվել՝ որպես Երևանին ուղղված մեսիջ, որի համար, մի կողմից՝ սահմանին գազի գնի իջեցման հարց չի դիտարկվում, մյուս կողմից՝ հայտ է ներկայացվել ներքին սակագների բարձրացման վերաբերյալ: Թեև ռուս-վրացական գազային պայմանագիրը փակ է, իսկ հաստատվող գինը կոմերցիոն գաղտնիք է, միտումն ինքն իրենով, հատկանշական է, և ունի խորքային քաղաքական բովանդակություն: Վերջին շրջանում նկատելի է, որ ռուս-վրացական հարաբերություններն ավելի կառուցողական դաշտ են տեղափոխվել, ինչը չենք կարող ասել հայ-ռուսական հարաբերությունների մասին, որոնք մտել են փակուղի: Եվ գազի գնի հարցն այս համատեքստում կարող ենք դիտարկել՝ որպես երկկողմ հարաբերությունների կարևոր ինդիկատոր»,- ասաց փորձագետը:
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա մեր խնդիրների ֆոնին՝ ՀՀ-ին ուղղված մեսիջ չէ, այսինքն՝ մեր և վրացիների «գազային» գործընթացներն իրար հետ կապ չունեն:
«2006-ից սկսած Վրաստանն իր գազային պահանջարկն Ադրբեջանի հաշվին է բավարարում: Մեզ առնչվում է այնքանով, որ Վրաստանը և «Գազպրոմը» 2006-ից՝ տարին մեկ անգամ, իսկ վերջին տարիներին՝ 2017-ից սկսած՝ երկու տարին մեկ, համաձայնագիր են ստորագրում երկու տարով, որով «Գազպրոմ»-ն ապահովում է իր գազի տարանցիկ ուղին Վրաստանով Հայաստան: Մինչև 2016-ին ավարտված համաձայնագրով վրացական կողմը Հայաստան տրանզիտի դիմաց «Գազպրոմ»-ից ստանում էր բնական գազ՝ տրանզիտի ծավալների 10 տոկոսը: Իսկ 2017-2018 թթ. պայմանագրի համաձայն, ռուսական կողմի պահանջարկով, Վրաստանը ստացավ տրանզիտի դիմաց մասամբ գազ և ֆինանսական փոխհատուցում, այսինքն՝ ֆիքսվեց ինչ-որ մի գումար: Վրաստանի վերջին պայմանագիրը «Գազպրոմ»-ի հետ ստրագրվել է 2019-ի մարտին՝ 2019-2020 թթ. համար: Հիմա հետաքրքիրն այն է, որ մինչև 2017-ը Վրաստանը գրեթե ռուսական գազ չէր գնում, իսկ վերջին 2 տարին սահմանափակ քանակությամբ գազ են գնում՝ 2019-ին՝ մոտավորապես 160 մլն խմ գազ, որը ներկրվող գազի 5 տոկոսն է կազմում:
Իսկ ընթացիկ 2020-ին նախատեսվում էր 170 մլն խմ գազի ներկրում: Այստեղ սպառման ձևն է հետաքրքիր. իրենք գնում են, և արդեն բորսայում խոշոր ձեռնարկությունները կարող են գնել այդ գազի պաշարները մրցակցային գնով: Այսինքն՝ Վրաստանը չի գնում սոցիալական նպատակով՝ բնակչության համար, այս գազն է Վրաստանում էժան: Եվ 2019-ի պայմանագրում միջազգային գին է ֆիքսվում, և այս վերջին քայլը սրա շրջանակում է. կա ֆիքսված գումար տրանզիտի դիմաց, և երկրորդ էլեմենտը պայմանագրի այն է, որ վրացական կողմը կարող է դիմել փոխհատուցվող գազի հավելյալ պաշարի համար: Հիմա անցած տարի մոտ 150 մլն խմ գազ են ստացել, այս տարի 170 մլն-ի չափով էին ցանկանում գնել: Այս գազի համար իրենք 15 տոկոսով իջեցնում են: Հետաքրքիրն այստեղ այն է, որ անցած պայմանագրով 1000 խմ գազի դիմաց 185 դոլարի մասին էր խոսքը, սակայն որոշ տեղեկություններով՝ 2019-2020-թվականի համար նախատեսվել է՝ 215 դոլարի սահմաններում: Եվ եթե համարենք, որ ստորագրված պայմանագրի մեջ 215 է եղել, ապա վերջին 15 տոկոսով իջեցումը նշանակում է, որ գինը կկազմի մոտ 185 դոլար: Եթե եղավ 185 դոլար, դա սահմանին է, բայց գալիս է Վրաստան, և այն ընկերությունները, որոնք բորսայում գնելու են, արդեն ավելի թանկ են վճարելու»,- մանրամասնեց վրացագետը՝ հավելելով, որ ՀՀ-ն այսօր 165 դոլարով է գազ գնում 1000 խմ-ի համար, ուստի, միևնույն է՝ Վրաստանից թանկ չենք առնելու: Իհարկե, Վրաստանի դեպքում 185 դոլարը, որը նշվեց, մինչև այս տարվա վերջ է, և առաջիկա 2 տարվա համար ստորագրվելիք պայմանագրով այլ գին կարող է լինել, եթե նավթի գինն էլ կայունանա:
Ըստ Մելիքյանի՝ վերջին մի քանի տարին ադրբեջանական «Սոքար» ընկերությունը գազ էր գնում Ռուսաստանից, հետո ի վնաս իրեն՝ էժան գնով վաճառում Վրաստանին, որպեսզի պահպանի իր մոնոպոլ դիրքը վրացական շուկայում: Սակայն վերջին շրջանում չկա դեռ տեղեկություն՝ Ադրբեջանը գնե՞լ է գազի հավելյալ պաշար, թե՞ ոչ:
«Եվ եթե տեսնում ենք այս պայմանավորվածությունը, հետաքրքիր բան է ստացվում. միգուցե վրացական կողմը տեսնում է, որ Ադրբեջանի հաշվին չեն կարողանում ապահովել իրենց գազի սպառման պաշարների կարիքը, ուստի ավելացնում են 2019-2020 թվերի համար գազի գնումը ՌԴ-ից: Այսինքն՝ այն, ինչ Ադրբեջանից գալու էր և գնալու էր արդյունաբերական ընկերություններին, իրենք կգնեն Ռուսաստանից՝ նաև ինչ-որ չափով դիվերսիֆիկացնելով իրենց գազային շուկան»,- եզրափակեց Ջոնի Մելիքյանը: