
Վրաստանը «Գազպրոմ»-ից շուրջ 15% զեղչով գազ կգնի. Վրաստանի էկոնոմիկայի նախարար

Վրաստանը երկարաձգել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը: Փաստաթղթի բովանդակությունը դեռևս անհայտ է, սակայն երկրի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան մի դետալ է բացահայտել: Այս մասին գրում է rustavi2.ge կայքը:
Նախարարի խոսքով՝ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում:
Սակագնի նվազման մասին հստակ թվեր չկան, բայց Թուրնավան հայտարարել է, որ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:
«Հաշվի առնելով այս ուժեղացված մրցակցությունը և այն փաստը, որ նավթի համաշխարհային գներն անկում են ապրում՝ «Գազպրոմի» հետ պայմանագրի ներկայիս վերանայումը, որն արդեն ուժի մեջ է մտել, նպաստում է գնի իջեցմանը: Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի, բայց կարող եմ ասել, որ խոսքը գնի շուրջ 15% նվազման մասին է: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, և առևտրային ոլորտում գներն աստիճանաբար անկում են ապրում»,-եզրափակել է իր խոսքը Վրաստանի էկոնոմիկայի նախարարը: