Ընտանեկան կրքեր՝ ԱԱՏՄ-ում

Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախանձելի պարբերականությամբ խոսում է այն մասին, որ այլևս երկրում չի գործում աշխատանքի ընդունման խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, լրատվամիջոցները ոչ պակաս հաճախականությամբ ներկայացնում են հակառակն ապացուցող փաստեր:

Բայց, որ այս իրավիճակում, երբ երկրին պատուհասած կորոնավիրուսային համավարակը դարձել է անկառավարելի, իսկ պատկան գերատեսչություններն էլ ըստ էության մարդկանց առողջության պահպանման  ու կյանքի փրկության գործը թողել են քաղաքացիների ուսերին, Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) պետը զբաղված կլինի իր բարեկամներին աշխատանքի տեղավորելու գործով, համաձայնեք, տարակուսելի փաստ է:

Այսպես, 168.am-ի տեղեկություններով՝ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը տեսչական մարմնի մի շարք վարչության պետերի, ինչպես նաև տարիների աշխատանքային փորձ ունեցող մարզային ու Երևան քաղաքի ստորաբաժանումների ղեկավարներին ու բժիշկ-մասնագետներին հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել:

Բազմամյա աշխատանքային փորձ ունեցող Երևան քաղաքի բժշկական վերահսկողության բաժնի պետ Աստղիկ Բալասանյանին, ըստ մեզ հասած տեղեկությունների, Հակոբ Ավագյանն օրենքի խախտմամբ տվել է խիստ նկատողություն, ինչը վերջինս այս պահին վիճարկում է դատարանում:

ԱԱՏՄ-ում ասում են, որ խիստ նկատողություն Աստղիկ Բալասանյանը ստացել է այն բանի համար, որ իր ենթակայությամբ աշխատող մեկի հասցեին, ով կրկին Հակոբ Ավագյանի հովանավորյալն է, համարձակություն է ունեցել ասել, որ թերի գիտելիքներ ունի գործի վերաբերյալ: Եվ ահա տվյալ անձի աշխատանքային անփութության պատճառով վարույթի ժամկետի հետ կապված խնդիրներ են առաջացել, ինչի համար խիստ նկատողության է արժանացել ոչ թե՝ անմիջական կատարողը, այլ՝ փաստորեն, նրա ղեկավարը:

Դատական կարգով իր աշխատանքային իրավունքների վերականգնմանն է ձգտում նաև վերջերս աշխատանքից ազատված ԱԱՏՄ պետի տեղակալ Էմին Ավետիսյանը, ով նույնպես, ըստ լուրերի, պնդում է, որ իրեն օրենքի խախտմամբ են ազատել իր զբաղեցրած պաշտոնից:

Ի դեպ, Էմին Ավետիսյանի փոխարեն՝ Հակոբ Ավագյանը պետի տեղակալ է նշանակել կնոջ քեռու դստերը՝ Գոհար Դարբինյանին:

Հետաքրքիր է նաև, որ ԱԱՏՄ Երևանի տարածքային տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Նիկողոսյանին տեսչական մարմնի ղեկավարը տեղափոխել է  Սևան քաղաքում գտնվող Արևմտյան տեսչական մարմին՝ որպես ղեկավարի պաշտոնակատար, իսկ Արևմտյանի պետին՝ Գագիկ Գրիգորյանին, նրա փոխարեն՝ բերել Երևան: Ըստ օդում կախված լուրերի՝ այդ հնարավորության համար նա պարտական է վարչապետի կնոջ եղբորը՝ ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանին, ում հարևանն է Գագիկ Գրիգորյանը:

Ընդ որում, այս պաշտոնի համար մրցույթը հայտարարվել է այն ժամանակ, երբ ՀՀ-ում տեղաշարժի սահմանափակումներ կային՝ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությամբ, այսինքն՝ ըստ էության մրցույթի մասնակիցների համար հավասար պայմաններ չեն ստեղծվել:

Տեսանյութեր

Լրահոս