Բաժիններ՝

Արդյո՞ք Հայաստանն ունի Covid-19-ն ախտորոշող թեստերի խնդիր

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7402 դեպք, որոնցից 3220-ը` առողջացած: Ընդհանուր առմամբ, կատարվել է 52554 թեստավորում:

Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 289 նոր դեպք, արձանագրվել է մահվան 91 դեպք: Նկատենք՝ վերջին տասն օրվա ընթացքում ամենաքիչ թեստերն արվել են այսօր՝ 960 թեստ: «Արդյո՞ք այս թիվը հաստատում է այս օրերին պարբերաբար տարածվող լուրերը, թե Հայաստանն ունի Covid-19-ն ախտորոշող թեստերի խնդիր, որ թեստ անում են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում»՝ 168.am-ը հարցն ուղղեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանին:

«Թեստավորումն ընդհանրապես ինքնանպատակ չէ նախարարության համար. մեզ համար ամենակարևորը դեպքերի բացահայտումն է, և եթե այդ քանակի է թեստավորվել, ուրեմն մենք այդքան մարդու ենք կասկածել թեստավորելու համար: Թեստավորելը մեր թիվ մեկ նպատակը չէ»,- պատասխանեց մեր զրուցակիցը:

ԱՆ խոսնակը ծիծաղելի որակեց «թեստերը վերջանալու» մասին լուրերը. «Մի քանի օր առաջ է հայտարարվել, որ Հայաստանում արդեն թեստերի արտադրություն է սկսվել. մի քիչ ծիծաղելի է վարկածը՝ այսինքն, եթե արտադրվում է, մենք թեստերի պակաս էլ չենք ունենալու»:

«COVID-Փաստահավաք խմբի» անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը, սակայն, չի բացառում վարկածը, որ ֆինանսական խնդիրների պատճառով չեն կարողանում թեստեր ձեռք բերել:

«Ինձ թվում է՝ թեստերը վերջանում են իրենց մոտ, գուցեև ֆինանսներն են վերջանում, որովհետև մարդկանց տուն ուղարկել-չպահելը, թեստերի քիչ անելը կարող ենք միայն դրանով պայմանավորել: Խնդիրը նրանում է, որ աշխարհը գնում է համատարած թեստավորման և թեստավորումների քանակի մեծացման.

Մեր ղեկավարության աշխատանքի մեջ, թեստավորումները մեծացնելու և նվազեցնելու մեջ ես որևէ տրամաբանական կապ կամ սիստեմավորված հաշվարկ չեմ տեսնում դեռևս»:

Մենք փոխանցեցինք Առողջապահության նախարարությունից ստացած մեր տեղեկությունը, որ Հայաստանում արդեն առաջին թեստերն են արտադրվել, ուստի հարց մասնագետին՝ այս պարագայում թեստերի պակաս հնարավո՞ր է, Գ. Գրիգորյանն արձագանքեց.

«Որ Հայաստանում է արտադրվում, չի նշանակում, թե Հայաստանում անվճար իրենց տալու են. Էլի ինչ-որ արժեք ունենալու է, չէ՞, գուցե մի փոքր ավելի ցածր գնով: Այդ թեստերի որակի առումով՝ դեռևս չեմ կարող որևէ մեկնաբանություն անել: Եթե մենք այդ պոտենցիալն ունեինք ՀՀ-ում թեստեր արտադրելու, ինչո՞ւ են մեր լաբորատորիաները շատ ռեակտիվներ արտասահմանից ձեռք բերում (եթե մենք կարող ենք դա անել): Մի տեսակ լուրջ չեմ վերաբերվում հայտարարությանը, թե Հայաստանում որակյալ թեստեր կարող ենք արտադրել. Միգուցե սխալվում եմ, և ինչ-որ ժամանակ կանցնի՝ այդ թեստերն իրենց կարդարացնեն, բայց ներկա պահին իրատեսական չեմ համարում»:

Անդրադառնալով վարակման դեպքերի աճող դինամիկայի ընթացքում սահմանափակումների թուլացմանը, փաստահավաք խմբի անդամը նշեց, որ դա կհանգեցնի նոր դեպքերի, մահերի աճի.

«Սահմանափակումները դնելու պարագայում էլ՝ պետք է այնքան ռեսուրս ունենան, որ հետևեն՝ այդ սահմանափակումները պահպանվեն, այլ ոչ թե՝ լինի այնպես, ինչպես եղավ: Ուղղակի մարդիկ չեն կարողանում աշխատել՝ մեղադրելու բան չկա։ Իրենք չեն կարողանում, ոչ թե չեն ուզում՝բոլորն էլ ուզում են՝ վարակը շուտ վերջանա։ Ուզելը շատ քիչ է, կարողանալ է պետք»:

Բժիշկ Գ. Գրիգորյանը հավելեց՝ կորոնավիրուսին առնչվող բոլոր թեմաներով ամբողջական վերլուծությունները Փաստահավաք խումբը կհրապարակի Արտակարգ դրության ավարտից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս