Բաժիններ՝

Երբ դեպքերը շատանում են, նոր գործողությունդ խստացնում ես, դա անընդհատ համաճարակի հետևից գնալու պատկեր է ստեղծում. համաճարակաբան

Այն, որ կորոնավիրուսի նոր բռնկում կա երկրում, որը շատ վտանգավոր է, լսում ենք արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որի խոսքով՝ վերջին օրերին վարակման դեպքերի աճի հիմնական պատճառն արդյունաբերական ձեռնարկություններն են, սպասարկման ոլորտը:

Վարչապետի փոխանցմամբ՝ մասնագետները հետազորություն են արել, պարզել, որ դիմակի կրման կուլտուրան և կարգապահությունը հնարավորություն կտան զրոյացնել վարակի դեպքերը: Արդյունքում՝ դիմակի կրելը պարտադիր է դառնում բոլոր փակ վայրերում: Անգամ ընտանիքի երկու անդամ, որոնք ողջ օրը տանը կարող են շփվել առանց դիմակների, ավտոմեքենայում կպարտավորվեն դիմակ կրել:

168.am-ի հետ զրույցում համաճարակաբան Ռուբեն Հովհաննիսյանը, անդրադառնալով դիմակ կրելու պարտադիր պահանջին, ասաց.

«Միանշանակ կողմ եմ փակ տարածքներում դիմակների կրմանը, երբ որ մարդկանց շատ կուտակումներ կա, և նույնիսկ այդքան դիմակների կրմանը չէ, որքան սոցիալական հեռավորություն կոչվածի պահպանմանը, հատկապես հերթերի պարագայում, կուտակումների պարագայում:

Ճիշտ կլիներ, որ յուրաքանչյուր խանութում կամ բանկային ստորաբաժանումներում պարզապես մարդկանց բացատրեն կամ ձայնային ինչ-որ հաղորդագրություններ լինեն այդ կենտրոններում, որպեսզի մարդկանց զգուշացվի՝ պահպանել սոցիալական դիստանցիան: Նմանատիպ ինչ-որ տեխնոլոգիաներ կարելի էր կիրառել, որն ավելի նպաստող կլիներ: Սա, իհարկե, դիմակների կրման հետ մեկտեղ»:

Իհարկե, հատկապես կորոնավիրուսի դեմ ապակենտրոն պայքարին անցնելուց հետո, որոշ խոշոր խանութներում բարձախոսով պարբերաբար հայտարարում են սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակներ կրելու պարտադիր պայմանը, սակայն վերահսկող չկա, իսկ երբ որևէ քաղաքացի հանդգնում է դիտողություն անել պայմանները խախտողին, ապա հետևում է զայրացած արձագանքը՝ «վախենում ես՝ խանութ մի գնա»։  Բանկերում էլ առանց դիմակի ներս մտնելն արգելված է։

Համաճարակաբանի խոսքով՝ դիմակի երկարատև կրումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել: Ըստ նրա՝ անգամ բուժաշխատողների համար, որոնք ամբողջ օրը բուժհիմնարկում են, դիմակ կրելը բավական ծանր է՝ և՛ ֆիզիկական առումով՝ անընդհատ թարմ օդի, թթվածնի պահանջ ես զգում, և՛ հոգեբանորեն՝  ընկճում է մարդկանց:

«Բուժաշխատողները նույն COVID-19-ի տարածման առումով խոցելի խումբ են, և իրենց աշխատանքի ռեժիմի կարգավորմանը նույնպես շատ մեծ ուշադրություն է պետք հատկացնել:

Նոր դեպքերի մեջ էլ, չեմ բացառում, որ բավական զգալի տոկոս կազմեն հենց բուժաշխատողները, որոնք չնորմավորված աշխատանքային ռեժիմի պայմաններում, անընդմեջ դիմակով գտնվելու պայմաններում ևս որոշակի ռիսկեր ունեն թե՛ իմունիտետի թուլացման, և թե՛ ավելի խոցելի դառնալու առումով»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Ի դեպ, վարչապետն իր ֆեյսբուքյան ելույթով պարզաբանում էր, որ դիմակ պարտադիր է կրել նաև բաց տարածքում, օրինակ, կանգառում՝ տրանսպորտի սպասելիս, կամ դրսում՝ ծանոթի հետ զրուցելիս:

Համաճարակաբանի կարծիքով՝ դա կարող է մարդկանց մոտ զգոն լինելու միտում առաջացնել: Այդուհանդերձ, ըստ Հովհաննիսյանի, բաց տարածքում դիմակ կրելն էլ որոշակի խնդիրներ կարող է առաջացնել:

«Այն, որ բաց տարածքներում դիմակներ կրելն օգտակար է, ևս շատ մեծ կասկածի տեղիք է տալիս, որովհետև դրա հակառակ կողմն էլ պետք է փորձենք հասկանալ, տեսնել՝ արդյոք մարդու՝ անընդմեջ դիմակով մնալու պարագայում իր առողջական վիճակը դրանից չի տուժի: Թթվածնային քաղց կարող է լինել: Դիմակները դառնում են բազմանգամյա օգտագործման դիմակներ, ոչ թե մեկանգամյա օգտագործման: Պետք է փորձենք հասկանալ՝ այդ, արդեն որոշակիորեն կեղտոտված դիմակները պարբերաբար կրելու արդյունքում՝ դրանից ինչ վնասներ կարող է լինեն:

Գուցե COVID-19-ի տարածման առումով դա ինչ-որ կարծրատիպ է ստեղծում, մարդկանց մոտ վարքագծային որոշակի ստերեոտիպ է ստեղծում, որ պետք է անընդհատ դիմակը կրել, բայց դրա արդյունքում մենք չենք կարող երաշխավորել, որ մարդու առողջությանն այլ վնասներ չենք պատճառի»,- նշեց համաճարակաբանը:

Դիմակներ կրելու պահանջը խստացվեց երկրում մի քանի օր շարունակ կորոնավիրուսի վարակակիրների թվի մեծացման արդյունքում՝ վիրուսի տարածումը կանխարգելելու համար: Տարածումից հետո կանխարգելման մասին խոսելը շատերի մոտ զարմանք է առաջացնում:

«Կանխարգելում բառի էությունը կայանում է նրանում, որ գործողությունները ուղղված պետք է լինեն նրան, որ կատարվեն մինչև դեպքերը շատանալը: Երբ որ սպասում ես, դեպքերը շատանում են, նոր գործողությունդ խստացնում ես, դա դարձյալ այն պատկերն է ստեղծում, որ դու անընդհատ գնում ես համաճարակի հետևից:

Ամենասկզբում, մի բան էլ ավելի շուտ, ամենասկզբում պետք է շատ ավելի խիստ մոտեցում լիներ, և ավելի շուտ պետք է այդ գործողությունները սկսեին իրականանալ, որպեսզի մենք ունենայինք կառավարելի համաճարակ: Այս պահին ինչ-որ տեսնում ենք, դա, թերևս, արդեն ավելի շատ ոչ կառավարվող, ուշացած քայլերով փորձում են մեղմել ավելի մեծ տարածումը: Բայց դա ինչքանով է արդյունավետ, արդեն խիստ կասկածելի է այս պահին»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս