«Սա կարող է ազդակ լինել, որ ահա այսպես են վարվելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք անհամաձայնություն են հայտնել կամ նոր իշխանությունների քիմքով չեն». Լարիսա Ալավերդյան
Կապանի ոստիկանության բաժանմունքի բողոքի ակցիան շարունակվում է։ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կապանում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշեց.
«Դատելով այն հաղորդագրություններից, որն ունենք այսօր և այն նկարահանումներից, որը տեսնում ենք՝ տեղի են ունեցել ոչ միայն անհիմն ձերբակալություններ (որովհետև հիմքեր են պահանջում այդ բողոքողները), այլև այսպիսի մեթոդներով (համաշխարհային պատմությունն առնվազն դա է ապացուցում) կարծես փորձ է արվում վախեցնելու և վախի մթնոլորտ ստեղծելու:
Ասում են՝ գիշերն է տեղի ունեցել, առանց հիմքերի. Սա զուտ մեկ դրվագը չէ: Ես գիտեմ, որ առիթը, ինչպես որ շրջանառության մեջ դրված է, Քաջարանի քաղաքապետի նկատմամբ հետապնդումներն են»:
Իրավապաշտպանը կարծում է ՝ այս օրինակով վախ է սերմանվում, թե ցանկացած ոք կարող է ձերբակալվել, գիշերը՝ առանց հիմքերի. «Մարդու իրավունքների այնպիսի կոպիտ ոտնահարումներ են, Եվրոպական մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի մի քանի նորմերի՝ անձի անձեռնմխելիության, արդար դատավարության և նախադատական ամբողջ իրավական նորմերի խախտումներ:
Դա մեկ նպատակ չէ, որ հետապնդում է, թե չէ՝ չէին գնա նման կոպիտ քայլերի. Թող սխալվեմ՝ սա կարող է ազդակ լինել, որ ահա այսպես են վարվելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք ինչ-ինչ առումներով անհամաձայնություն են հայտնել կամ նոր իշխանությունների քիմքով չեն, ինչպես օրինակ՝ Քաջարանի քաղաքապետը»:
Ըստ Լարիսա Ալավերդյան՝ դատելով տարածվող լուսանկարներից կարելի է ասել, որ ձերբակալություններն ուղեկցվել են դաժան վերաբերմունքի կիրառմամբ. «Դատապարտելի է այդ երևույթը, քանի որ Հայաստանում տարիներ շարունակ պայքարել ենք և պայքարում ենք խոշտանգումների, արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի դեմ:
Այդպիսի վերաբերմունքը ծանրակշիռ փաստարկ է, որ ոչ թե ծառայողական որևէ քննության առնեն, այլ անմիջապես քրեական գործ հարուցվի՝ այդ դաժան վերաբերմունքը կիրառողների հանդեպ»:
Հիշեցնենք, ավելի վաղ տեղեկացրել էինք՝ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի։ Ձերբակալվածներից մեկին ազատ են արձակել, և պարզվել է` նա սխալմամբ է տարվել ոստիկանական բաժանմունք: Դրանից հետո մի խումբ մարդիկ էին հավաքվել Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ` պահանջելով, որ Հունան Պողոսյանը գա իրենց մոտ ու բացատրի` ինչ է կատարվում։