«Վարչապետի վերջին գրառումը կարելի էր համարել կանաչ լույս՝ ապօրինությունների համար». Ռուբեն Մելիքյան

Վաղ առավոտից Կապանում լարված իրավիճակը չի հանդարտվում: Քաղաքացիները Ոստիկանության Կապանի բաժանմունքի դիմաց շարունակում են բողոքի ակցիան՝ պահանջելով ազատ արձակել ձերբակալված քաջարանցիներին ու թույլ չտա նրանց տեղափոխել Երևան:

Քաղաքացիները մտավախություն ունեն, որ այժմ Ոստիկանության Կապանի բաժանմունքում գտնվող քաջարանցիների նկատմամբ բռնություն է կիրառվել, քանի որ ավելի վաղ ազատ արձակված Նվեր Խաչատրյանը, ում սխալմամբ էին բերման ենթարկել, ոստիկանության բաժանմունքում ենթարկվել է նաև բռնության:

168.am-ի հետ զրույցում իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ասաց. «Հատուկ ընդգծեմ, որ այն լուսանկարները, որ հրապարակվեցին, դրանք լրջագույն ահազանգի մասին են վկայում, որովհետև մեր իշխանությունները, իհարկե, համոզել են շատերին, որ Հայաստանում ամեն ինչ վատ է եղել տարիներ ի վեր, բայց ես կարող եմ հավատացնել և շատ-շատերը կարող են հավաստել, որ հաջողություն արձանագրած ուղղություններից մեկը հենց ոստիկանությունում քաղաքացիների նկատմամաբ վերաբերմունքն էր: Եվ թե՛ պետական ոլորտի աշխատակիցների, թե՛ հանրային այլ գործիչների տարիների աշխատանքի արդյունքում մենք հասել էինք նրան, որ այս արատավոր պրակտիկան, որ դեռ խորհրդային, գուցե նաև ավելի վաղ ծագում ուներ, ըստ էության, վերացել էր և որպես աշխատելաոճ բացակայել էր և գոյություն չուներ մեր ոստիկանական համակարգում:

Եվ այսօր մենք տեսնում ենք շատ բացահայտ դրսևորում ոստիկանական ծեծուջարդի: Եվ դա հաստատվում է նաև այն վարքագծում, որ  ցուցաբերում են ոստիկանները: Մասնավորապես, պարզապես ներս չեն թողնում փաստաբաններին իրենց վստահորդների մոտ: Այս պրակտիական նույնպես մեզ մոտ վերացած էր և մենք տեսնում ենք, որ այս խայտառակ գործելակերպն է որդեգրվել:

Փաստաբաններին ներս չթողնել անազատության մեջ պահվողի մոտ դա պարզապես նշանակում է, որ մարդկանց խոշտանգում են: Սա է միջազգային ստանդարտը: Եթե փաստաբանը գալիս է և նրան չեն թողնում, դա նշանակում է, որ 100% հիմք կա ենթադրելու, որ անձին խոշտանգում են: Էլ չեմ ասում, որ մենք ունենք նաև ազատ արձակված, որը ունի բռնության հետքեր: Այսինքն՝ մենք կարող ենք ֆիքսել որպես փաստ, որ իրականցվում է ծանրագույն հանցագործություն, ոստիկանների կողմից իրականացվում է խոշտանգում առնվազն մեկ քաղաքացու նկատմամբ, մյուսների մասով կա  մեծ հավանականություն»:

Կապանյան դեպքերի մասով ոստիկանությունը ծառայողական քննություն է սկսել: Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի բնորոշմամբ՝ դա դեպքերին արձագանքելու ամենասխալ ճանապարհն է և հաստատում է խոշտանգման ուղորդված լինելը:

«Ի՞նչ է նշանակում ծառայողական քննություն: Մի ոստիկան պետք է քննի և պարզի, թե մեկ այլ ոստիկան ինչպես է վարվել: Վաղուց արդեն անցել են այն ժամանակները, որ դա կարող էր նորմալ միջոց համարվել: Հայաստանը Եվրոպական Խորհրդի անդամ է և հստակ, աներկբա չափանիշներ կան: Չի կարող նույն մարմինը քննել իր եվրաբերյալ գործ: Եվ պարտադիր պետք էր ոչ թե անգամ նյութեր նախապատրաստվեն, այլ վաղուց մենք պետք է լսած լինեինք, որ հարուցվել է քրեական գործ ենթադրյալ խոշտանգման փաստով: Ընդ որում բնականաբար այնպիսի մարմնի կողմից, որը որ անկախ է՝ տվյալ դեպքում ՀՔԾ-ն նման լիազորություն ունի: Մենք չենք տեսել ո՛չ քրեական գործ հարուցելու մասին որևէ տեղեկություն, մենք չենք տեսել որևէ պատշաճ արձագանք այլ մարմինների կողմից»,-ասաց Ռուբեն Մելիքյանը:

Կապանյան թեժ իրադարձությունների ֆոնին ոմանց համար զարմանալի, ոմանց համար սպասելի էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյանը գրառումը, թե՝ «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության՝ նաեւ կոշտ հակազդեցություն»:

«Վարչապետի վերջին գրառումը կարելի էր համարել կանաչ լույս՝ ապօրինությունների համար: Խոսում է ինչ-որ կոշտ արձագանքի մասին, ինչ-որ որակումներ է տալիս՝ կոռուպցիա և կրիմինալ: Ես չգիտեմ, թե ում մասին է խոսքը, բայց ինչ տարբերություն՝ ում մասին է խոսքը: Եթե Դուք նախապես պիտակում եք որպես կրիմինալ, նախապես պիտակում եք որպես կոռուպցիա, նախապես պիտակում եք որպես սևեր, նախկիններ, ուրեմն ի՞նչ՝ Ձեզ իրավունք է վերապահվո՞ւմ մարդկանց նկատմամբ խոշտանգում կիրառել: Սա լրջագույն ջրբաժան է և, ես կարծում եմ, որ պետք է շատ լուրջ վերաբերվել այս սահմանագծին, որը իշխանությունները այսօր ակնհայտորեն անցնում են»,- նշեց իրավապաշտպանը:

Ռուբեն Մելիքյանն իրավիճակի դրական զարգացում չի կանխատեսում:

«Ես ունեմ հոռետեսական կանխատեսում: Ես ունեմ վստահություն, որ իրավապաշտպան քաղաքականության հետևանքով տարբեր ոլորտներում ձախողումները իշխանությունները փորձեու են քողարկել շատ ավելի կոշտ, օրենքին շատ ավելի լրջորեն հակասող գործունեությամբ: Ես կարծում եմ, որ կլինեն նոր քաղբանտարկյալներ, կլինեն նոր ճնշումներ և ես կարծում եմ, որ ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ գրոհը նոր թափ է ունենալու մեր երկրում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Նշենք, որ Ոստիկանության Կապանի բաժանմունքի դիմաց քաջարանցիների հետ է նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը, որն ավելի վաղ հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով դադարեցնել ապօրինի ճնշումները սյունեցիների հանդեպ:

Տեսանյութեր

Լրահոս