Նախարարի ասած սորտավորումը ռազմական բժշկության տեսակետից ծայրահեղ վիճակի մասին է վկայում. բժիշկ
Հանրային խորհրդի հետ տեսահանդիպման ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել էր, որ հնարավոր է՝ պացիենտների խորը սորտավորման գնան:
«Խորը սորտավորումը նաև պատերազմի ժամանակ է արվում, երբ հիմնականում այն պացիենտներին են վերցնում բուժման, որոնք շանս ունեն փրկվելու, և՝ հակառակը: Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպերի պահպանման դեպքում՝ մոտ օրերս դրան գնանք, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ չգնանք: Օրինակ, նոր մահճակալներ ենք ծավալում, և այլն:
Այն տարբերակով, որ, եթե այսօրվանից նոր հիվանդ չունենանք, արդյո՞ք արդեն ունեցած հիվանդները մեզ կբերեն այդ խորը սորտավորման, չեմ կարծում: Որովհետև այդ հիվանդները ստանում են բուժօգնություն, որպեսզի իրենց վիճակը չծանրանա, պարզապես հիվանդանոցներում չեն պառկած: Դա մեզ բավական լավ հաջողվում է: Այսինքն` մենք ծանր հիվանդներին ընդունում ենք… մենք մոտավորապես գիտենք, թե ով է ծանր դառնալու: Ցավոք, մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր: Օրինակ՝ մարդը բժիշկներին դիմում է այնպիսի վիճակում, որ թոքերի սատուրացիան այնքան ցածր է, որ իրեն չենք կարողանում փրկել: Խորը սորտավորման կարիքը կլինի թվի աճի ժամանակ»,- ընդգծել էր նախարարը:
168.am-ի հետ զրույցում քիթ-կոկորդ-ականջաբան, բ.գ.թ. Կարեն Կասպարյանը նշեց, որ նախարարի ասած սորտավորումը ռազմական բժշկության տեսակետից ծայրահեղ վիճակի մասին է վկայում:
«Ասիմպտոմ հիվանդներին տանը պահելը պոլիկլինիկ օղակի հսկողությամբ ավելի շուտ էր պետք անել: Ի վերջո, հիվանդի վիճակի ծանրացում կարող է լինել և հիվանդանոցում: Պոլիկլինիկ և շտապօգնության օղակների ճիշտ համագործակցությունը կարող է իրավիճակը պահել հսկողության տակ: Իհարկե, խոսքը չի վերաբերում թոքաբորբերի դեպքերին, որոնք, միանշանակ, պետք է բուժվեն ստացիոնար: Նպատակն է` չափից դուրս չծանրաբեռնել հոսպիտալային օղակը, որը, կրկնում եմ, եղավ Իտալիայում»,- հավելեց Կասպարյանը:
Մեր ճշտող հարցին` խոսքը նաև թեթև թոքաբորբի՞ն է վերաբերում, բժիշկը պատասխանեց. «Թոքաբորբը՝ միայն ստացիոնար»:
Հարցին՝ եթե մարդը բնակվում է մեկ սենյականոց բնակարանում, այդ դեպքում վիրուսը թեթև տանող հիվանդի կամ ասիմպտոմ հիվանդների տանը բուժվելը չի՞ վտանգելու ընտանիքի անդամներին, Կարեն Կասպարյանը պատասխանեց, որ ընտանիքի անդամները վտանգված են արդեն մինչ սիմպտոմների ի հայտ գալը:
«Կարծիքս որոշակի սուբյեկտիվ է, քանզի վիրուսոլոգ-ինֆեկցիոնիստ չեմ»,- շեշտեց նա:
Ինչ վերաբերում է ՀՀ-ում ստեղծված համաճարակային իրավիճակին, ապա դա վկայում է երկու ամսվա կարանտինի անարդյունավետ լինելու մասին: