«Մեծ քաղաքականությունը չունի մանր դրվագներ: Եղեք ուշադիր». Հակոբ Բադալյան
«Մեծ քաղաքականությունը չունի մանր դրվագներ: Եղեք ուշադիր»,- գրել է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը.
«Երկու շաբաթ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես Երեւանով քայլելիս, մտնում է մի խանութ եւ այնտեղից գնում նոր գլխարկ: Նոր գլխարկը այսպես ասած ֆեդորա ոճի էր: Հետո իհարկե շատերն են տեսել Փաշինյանին այդ գլխարկը կրելիս: Վերեւի գրառման լուսանկարում դուք տեսնում եք, որ Հայաստանում Չեխիայի դեսպան Պիրունչիկը կրում է նույն ոճի գլխարկ, պարզապես, ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի գլխարկի՝ Չեխիայի դեսպանինն ավելի բաց գույնի է:
Ես ուշադրության չէի արժանացնի այս «գլխարկային» ներդաշնակությանը, եթե չլիներ «ուղեկցող» ուշագրավ ժամանակագրություն: Այս գրառման սկզբնամասում կտեսնեք հոկտեմբերի 29-ի իմ գրառումը, կապված հենց Նիկոլ Փաշինյանի եւ Չեխիայի դեսպանի «ժեստային» անուղղակի հաղորդակցության հետ:
Հիշեցնեմ, հոկտեմբերի 29-ի առավոտյան, իր ավանդական դարձած «բարի լույսի» եւ սրտիկի ցուցադրման տեսանյութում Նիկոլ Փաշինյանը չգիտես ինչու որոշել էր կոստյումի գրպանիկին ավելացնել նաեւ դեղին կակաչ: Եվ չգիտես ինչու, հենց այդ օրը նրան որոշել էր տեսանյութով ըստ էության արձագանքել Հայաստանում Չեխիայի դեսպանը՝ ննույն «սրտիկը» ցուցադրելով, եւ ցույց տալով նաեւ արդեն իր կոստյումի վրա ամրացված երիցուկը:
Ես գրառման մեջ նշել է, որ դեղին կակաչն ու երիցուկը ունեն իրենց խորհրդանշական իմաստների որոշակի համադրելիություն:
Ուշագրավ էր նաեւ փաստը, որ Նիկոլ Փաշինյանը «դեղին կակաչի» տարրը իր ավանդական բարի լույսի տեսանյութում ներառել էր այն օրը, երբ ժամեր անց մեկնեց Փարիզ՝ խաղաղության կոնֆերանսի առիթով: Եվ զարմանալիորեն, հենց այդ օրն էր նրան որոշել «արձագանքել» Չեխիայի դեսպանը:
Եվ թերեւս ոչ պակաս հետաքրքիրը, որ Նիկոլ Փաշինյանը իր նոր գլխարկը գնեց Փարիզից վերադարձից անմիջապես հետո, նոյեմբերի 1-ին՝ հրապարակելով դրա գնման վերաբերյալ տեսանյութը: Ահա այս ժամանակա-խորհրդանշական «շղթայի» ֆոնին հետաքրքիր է նրա անցումը ֆեդորային, որը նախընտրում է փաստորեն նաեւ Հայաստանում Չեխիայի դեսպանը:
Շատերը այս ամենը կհամարեն ավելորդ խորհրդապաշտություն, բայց համենայն դեպս հայտնի փաստ է, որ խորհրդանշականությունը միջազգային քաղաքականությունում երկրորդական պատահականությունների շարքում չէ:
Իսկ գլխարկներն իհարկե իրենք առնվազն «մշակութայնության» մեսիջներ են, եւ այդ իմաստով, ֆեդորան օրինակ համարվում է դասականության ոճի արտահայտում եւ պաշտոնական համատեքստում այդ ունի «վստահելիության» խորհրդանիշ:
Կարծում եմ, ավելորդ չէ ուշադրության արժանացնել քաղաքականությանն ուղեկցող այսպիսի նրբերանգները»:

