«Խայտառակություն է, ամոթ եմ զգում, որ դատարանն իրեն այս գործով այս կերպ պահեց». փաստաբան
Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանի նկատմամբ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ կիրառված խափանման միջոց կալանավորման դեմ Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանի ներկայացրած բողոքը:
«Մեր բողոքը մերժել են, բայց որևէ տրամաբանություն չեմ կարողանում գտնել, պատկերացնել, թե ինչի հիման վրա կարող էին մերժել: Մնում է մտածել, որ փորձել են իրենց վրայից գցել թեման: Բայց, բնականաբար, դրանով չենք սահմանափակվում»,- 168.am-ին ասաց փաստաբան Հրանտ Անանյանը:
Որոշումը Վերաքննիչ դատարանը հրապարակել է 15 օր առաջ, բայց դեռ պաշտպանական կողմին չի տրամադրվել որոշման ամբողջական՝ գրավոր տարբերակը՝ այն դեպքում, երբ օրենքը նախատեսում է, որ որոշումը կողմերին պետք է տրամադրվի հրապարակումից հետո եռօրյա ժամկետում: Փաստաբան Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ որոշումն ուղարկելու վերաբերյալ արդեն երկրորդ անգամ է հիշեցնում դատարանին, սակայն ապարդյուն: Դատարանն այս դիմումներին ևս որևէ արձագանք չի տվել:
«Խայտառակություն է, ամոթ եմ զգում՝ որպես ՀՀ քաղաքացի, որ դատարանն իրեն այս գործով այս կերպ պահեց»,- ասաց Անանյանը՝ նշելով, որ ենթադրում է, որ որոշումն անբովանդակ է լինելու:
Նշենք, որ դատարանի որոշումը դատական ավելի բարձր ատյանում բողոքարկելու համար անհրաժեշտ է, որ պաշտպանական կողմը ծանոթանա դրան ամբողջությամբ, տեսնի, թե մերժման հիմքում ինչ փաստեր են դրված, արդյունքում, այն որպես դատավարական փաստաթուղթ հիմքում դնելով, կազմի այլ բողոք:
Հիշեցնենք, որ 2020 թվականի ապրիլի 9-ին դատախազությունը հայտարարություն էր տարածել, որի համաձայն՝ Արթուր Գևորգյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար: Ա. Գևորգյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր քննիչի՝ Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը:
Արթուր Գևորգյանի փաստաբանի պնդմամբ՝ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքում նշված ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի 1426 Մերրիման ԴՐ հասցեում գտնվող գույքը ձեռք է բերել ոչ թե 2019 թվականի հունվարի 10-ին, երբ դեռևս հայտարարատու պաշտոնյա էր, այլ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր պաշտոնը թողնելուց ավելի քան մեկ ամիս անց, ու չէր հանդիսանում ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար՝ էթիկայի հանձնաժողովին հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեցող անձ: Ու գույքը ձեռք է բերել ոչ թե անհայտ միջոցներով, այլ հայտարարագրված խնայողություններով: