Բաժիններ՝

«Այս ամենը մշտապես մենք չենք կարողանում մեր ուժերով ապահովել՝ անհրաժեշտ է աջակցություն». Մարզադպրոցի տնօրենը՝ մարզումները վերսկսելու խնդիրների մասին

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Կորոնավիրուսի տարածման հետևանքով մարզաշխարհում ստեղծված իրավիճակի վերաբերյալ աշխատանքային քննարկման էր հրավիրել նաև սպորտ դպրոցների տնօրենների, մարզաշխարհի  ներկայացուցիչների՝ մոտ  10 հոգի:

Նիստի մասնակիցներից  յուրաքանչյուրը ներկայացրեց, թե կորոնովիրուսի հետևանքով ինչ խնդիրների առջև են կանգնել, և ինչ է անհրաժեշտ անել: Հիմնականում բոլորի մոտ կային խնդիրներ, և գրեթե բոլորն էլ մարզումները լիարժեք կազմակերպելու համար աջակցություն էին խնդրում իշխանություններից։

«Շենգավիթ համալիր մարզաձևերի» մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն  Դավիթ Ֆահրադյանն ասաց, որ, եթե  մարզադպրոցի աշխատանքների վերսկսման  վերաբերյալ կա պարետի որոշում, թե ինչ միջոցներ պետք է ձեռնարկել մարզումների ընթացքում, ապա պետք է լիներ նաև այդ միջոցների տրամադրումը:

«Մենք կարճ ժամանակում գնեցինք ջերմաչափ, որը, կարելի է ասել, շատ բարձր գների էր, ալկոգել, ախտահանման միջոցներ: Հիմա ամեն օր մեր մարզադպրոցն ախտահանվում է  ժամը 09:00-ից, տարածքը մոտ 3500  քմ է: Բժիշկը դրսում ջերմաչափում է սաներին, տրամադրում է դիմակներ: Բայց այս ամենը մշտապես մենք չենք կարողանում մեր ուժերով ապահովել, մեզ պետք է աջակցություն, ճիշտ է, մենք նախնական ապահովեցինք, բայց այդ ամենը նախնական հաշվարկով ամսական պահանջում է 120-150  հազար դրամ»,- շեշտեց Դավիթ Ֆահրադյանը:

Սրանից զատ՝ Դ. Ֆահրադյանը մատնանշեց մեկ այլ խնդիր ևս, որը վերաբերում էր սպորտպրոցների պահակների աշխատանքին: Նրա խոսքով՝ պահակների աշխատանքը պետք է լինի մշտական, քանի որ արտակարգ դրության հետևանքով հաստատված սահմանափակումների հարցը նրանց չի վերաբերում: Սակայն կան պահակներ, որոնք ասել են, որ իրենք խոցելի խմբում են, և, ըստ պարետի հրամանի, կարող են գործի չգնալ:

«Հիմա հարց է առաջանում, լավ, եթե պահակը չգա՝ շենքին ո՞վ պետք է հետևի: Ստացվում է այսպես՝ մենք բյուջեում ունենք  նախատեսված երեք պահակի գումար, բայց երկուսը չեն գալիս, մենք հիմա չգիտենք՝ այդ մարդկանց մենք աշխատավարձ տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս: Մեզ մոտ պահակների հետ կապված այս հարցը շատ սուր է դրված»,- հավելեց Դավիթ Ֆահրադյանը:

Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Մելինե Ավագյանն էլ վստահեցրեց, որ մարզադպրոցն ունի բոլոր պայմանները լիարժեք մարզումներ կազմակերպելու համար, միակ խնդիրը կապված է կանոնների պահպանման հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը Մելինե Ավագյանին լսելուց հետո հայտարաեց, որ շատ լավ է, որ գոնե մեկ մարզադպրոց մարզումները սկսելու հետ կապված որևէ խնդիր չունի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս