
Հնդկաստանում և Բանգլադեշում «Աֆման» փոթորկի հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ից

«Աֆման» ուժգին փոթորկի հասցրած վնասներից հետո Հնդկաստանի արևելքում և Բանգլադեշում մայիսի 22-ին սկսվել են վերականգնողական աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն: Փոթորիկն իր ետևից թողել է հարյուրավոր կիլոմետրերով քանդված, ավերված տարածքներ:
Հիմնական հարվածը հասել է Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգին: Այստեղ մահերի թիվը կազմում է 72: Փոթորկի հետևանքով հազարավոր տներ քանդվել են, հեղեղվել է տեղի օդանավակայանը, բազմաթիվ տներ մնացել են առանց տանիքի, ավելի քան մեկ միլիոն տնային տնտեսություն՝ առանց էլեկտրականության: Տեղական իշխանությունները նշում են, որ փոթորկից վնասը շատ ավելի մեծ եղավ, քան կորոնավիրուսից:
Բանգլադեշում փոթորկի հետևանքով 7 մարդ է զոհվել, ավերվել են հազարավոր ֆերմաներ: Փոթորիկի արագությունը հասել է 200 կմ/ժ: