«Դա կոչվում է «կառավարման ճգնաժամ», և այդ ճգնաժամը կոնկրետ անուն ու ազգանուն ունի՝ Նիկոլ Փաշինյան». Ստեփան Դանիելյան

168.am-ը երկրում առկա քաղաքական ու կառավարման խնդիրների մասին զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

– Հաճախակի են դարձել այն պնդումները, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այլևս իր ձեռքում չի պահում պետության ղեկը, և իմքայլականներն իրենց միջից պետք է վարչապետ ընտրեն՝ այդպիսով խուսափելով երկիրը վերջնականապես աղետի առաջ կանգնեցնելուց: Կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Եվ եթե՝ այո, ո՞ւմ եք տեսնում նրանից հետո:

– Ես կոնկրետ անձի մասին չեմ ցանկանում խոսել. դա երկրորդական հարց է այս պահին։ Տվյալ պահի խնդիրը հանրային համաձայնության գալն է։ Գործող վարչապետն ունակ չէ երկրում թեկուզ ժամանակավոր համաձայնության մթնոլորտ  ստեղծել։ Նրա մնալը նշանակում է՝ շարունակել պառակտել հասարակությունն այս ծանրագույն ժամանակաշրջանում։ Մեզ պետք է նորմատիվային լեքսիկա գործածող, ատելության խոսք չարտաբերող, ուրիշների տեսակետը լսող, հավասարակշռված խառնվածք ունեցող վարչապետ։ Հիմա դա է կարևոր։ Գործող վարչապետի կառավարման ամեն օրն ավելի է խորացնում հանրային պառակտումը։

– Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ երկիրը գտնվում է կառավարման խորագույն ճգնաժամի մեջ, և որո՞նք են այդ ճգնաժամից դուրս գալու ուղիները:

– Կարծում եմ՝ ոչ մի սթափ անձ այդ կարծիքը չի կարող ժխտել։ Տեսեք, թե ինչպես է ժողովրդավար Վրաստանում ու տոտալիտար Ադրբեջանում համավարակի վիճակը, թվերը, կառավարման էֆեկտիվությունը ու տեսեք, թե մեզ մոտ ինչ է կատարվում։ Ամեն ինչ ակնհայտ է։ Նույնը կարելի է ասել տնտեսության, արտաքին ու ներքին քաղաքականության մասին։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում կատարվածը լավագույն օրինակն է հասկանալու համար, թե ինչեր են կատարվում մյուս ոլորտներում։ Դա կոչվում է «կառավարման ճգնաժամ», և դրանից դուրս գալու ոչ մի ելք չի երևում, և այդ ճգնաժամը կոնկրետ անուն ու ազգանուն ունի՝ Նիկոլ Փաշինյան։

– Ինչո՞ւ երկարաձգվեց արտակարգ դրությունը, որքանո՞վ է այն նպատակահարմար, եթե հիմնական սահմանափակումները հանված են:

– Կարծում եմ՝ հիմնական նպատակն ակնհայտ է: Սահմանադրական դատարանի հարցով Սահմանադրական հանրաքվեն, ինչն ակնհայտորեն հակաօրինական էր, քաղաքական փակուղի է ստեղծել կառավարության համար։ Վարչապետն ասում է, որ մինչև ՍԴ կազմը չփոխվի, իրենք չեն կարող շարունակել «ռեֆորմները»։ Չգիտեմ՝ ի՞նչ «ռեֆորմների» մասին է խոսքը, բայց դա մի կողմ դնենք։ Այսինքն, եթե հանրաքվեին «Ոչ» ասվի, դա նշանակում է, որ գործող կառավարությունը չի կարողանա շարունակել իր գործունեությունը և պետք է հրաժարական տա։ Այսինքն՝ դա այս կառավարության վստահության հանրաքվեն է լինելու, սակայն որքան ժամանակն առաջ է գնում, այնքան «Ոչ»-ն ավելի հավանական է դառնում։ Դրա համար պետք է ժամանակ շահել, և արտակարգ դրությունն օգնում է դա անել։ Հիմա պետք է մի բան մտածեն, որպեսզի հանրաքվեից կարողանան հրաժարվել։

– Արտակարգ դրությունն իշխանությունների համար գործիք չե՞ք դիտարկում մարդկանց հավաքները խոչընդոտելու հարցում, որովհետև տեսնում ենք, որ բողոքի ակցիաներ են լինում, մարդիկ են ձերբակալվում: Հղում է արվում արտակարգ դրության պայմանների խախտմանը:

– Բնականաբար, դա էլ կա, սակայն չեմ կարծում, որ հիմա զանգվածային ցույցեր կլինեն. կարծում եմ, որ դրանք մի քանի ամսից կսկսեն, եթե այսպես շարունակվի իրավիճակը, և չեմ կարծում, որ այդքան ժամանակ կարողանան շարունակել արտակարգ վիճակը։ Եթե անգամ շարունակեն, դա ոչ մի ազդեցություն չի ունենա ցույցերի վրա։ Սակայն ցույցերի համար հիմա լավ ժամանակ չէ։ Ավելի լավ կլինի, որ վարչապետը մինչև ցույցերի սկսվելը ճիշտ գնահատի իրավիճակը և խաղաղությամբ հեռանա։

Ինքն այլևս ասելիք ու անելիք չունի, ու կարծես թե այս հարցում հասարակության մեջ համաձայնություն է հասունանում՝ անգամ տրամագծորեն իրարամերժ տեսակետներ ու կարծիքներ ունեցող մարդկանց մեջ։

– Ի վերջո, ինչո՞ւ վարչապետը, ով յուրաքանչյուր առիթով հերքում էր իրեն անհանգստացնող յուրաքանչյուր դրվագ ու դա անում էր մեծ էնտուզիազմով, այդպես էլ ըստ էության չհերքեց մաքսանենգ ծխախոտի և ադամանդների վերաբերյալ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի պնդումները:

– Նա առաջարկեց սպասել դատարանի վճռին՝ ասելով, որ դատական պրոցես է սկսվել այդ հարցով։ Մենք այդ վճռին կարող ենք տարիներով սպասել։ Այնքան ժամանակ, մինչև բոլորը մոռանան դրա մասին։ Դա պարզ տեխնոլոգիա է, ու բոլորս էլ հասկանում ենք այդ խորամանկ պատասխանի իմաստը։

Տեսանյութեր

Լրահոս