«Վարչապետի վարքի վերջին ժամանակների տարբերությունը որոշ առումով օրինաչափ եմ համարում». Բորիս Նավասարդյան

ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց. «Խնդրում եմ՝ անհեթեթ լուրերով մեզ չդիմեք, թե՝ հերքեք, որ դիմակի մեջ «փայ» չեք մտնում, որ մաքսանենգությամբ չեք զբաղվում, ապացուցեք, որ ուղտ չեք: Ես ասում եմ՝ ով ուզում է դրան հավատալ, թող հավատա: Ստի շրջանառությունն էական դեր է ունենում, երբ մարդիկ շարունակում են լուրեր տարածել, թե կորոնավիրուս չկա: Կորոնավիրուսի առաջին դեպքից ոչ մի տեղեկություն չենք պահել, դուք իմացել եք այն, ինչ իմացել է կառավարությունը: Ասում են՝ կառավարությունը կամ վարչապետը կամ այլ պաշտոնյաներ դիմակի գործ է անում, հետևից էլ ասում են՝ ինչի՞ չեք հերքում: Ժողովուրդ ջան, այս ընթացքում ինչ ասես՝ հերքեցինք: Վաղն էլ ասելու են՝ ընդմիջման ժամին մարդ է ուտում: Ասում էին՝ հողերը ծախեցին, դիմակի բիզնես են անում, փայ են մտնում, ոսկիները ծախեցին, թալանեցին. եթե պետք է հավատաք, հավատացեք:

Ես այստեղ ինչի՞ համար եմ նստել: Դուք եք բերել ինձ այստեղ նստեցրել, ինչի համար եք բերել, որ ես ռեկե՞տ անեմ, եթե այո, ուրեմն՝ անում եմ: Ո՞նց կարող է ընդհանրապես նման խոսակցություն լինել: Երկու տարի է՝ հերքում ենք տարածում, կարո՞ղ է կյանքներս անցնի հերքում տարածելու վրա: Ով ուզում է հավատալ, թող հավատա, յուրաքանչյուրը մտածում է իր փչացածության աստիճանի մասին, որովհետև յուրաքանչյուրը մտածում է՝ որ վարչապետ լինեի, ինչ կանեի՝ կդնեի «կդմփցնեի» սաղին, կլափեի, կթալանեի, ռեկետ կանեի, կսպանեի, ոտքի տակ կտայի: Ով այդպես է մտածում, թող մտածի, ես այդ մարդկանց հետ կապ չունեմ, ընդ որում, կապ չունի՝ իրենք հրապարակում կանգնա՞ծ են եղել, թե՞ չեն եղել: Այս խոսակցությունները պետք է ի վերջո վերջացնել»:

Սակայն իր ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով վերջին շրջանում իր և իր ընտանիքի հասցեին հնչող կոնկրետ մեղադրանքներին՝ ընդամենն ասաց, որ դրանով զբաղվում են իրավապահները:

Հիշեցնենք, որ ՌԴ տեղափոխված մաքսանենգ ծխախոտի հետ կապված՝ շրջանառվում էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, նրա եղբոր՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի, վարչապետի եղբորորդու՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի, ինչպես նաև ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի անունները:

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն օրերս ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր նաև ծխախոտի արտահանման երկրորդ խմբաքանակի մասին, այս անգամ՝ դեպի Վորոնեժ:

Միքայել Մինասյանի հայտարարությունների վերաբերյալ 168.am-ի հարցումներին Աննա Հակոբյանը և Շուշանիկ Ներսիսյանը չեն պատասխանել, այսինքն՝ կոնկրետ հարցադրումներին չեն պատասխանել:

168.am-ի հետ զրույցում Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, որ այլևս ոչինչ չի հերքելու՝ նշեց, որ նորմալ է, երբ վարչապետը մի բանը մի քանի անգամ չի հերքելու, քանի որ կան լրատվամիջոցներ, որոնք նրան հավատացել են, կան նաև այնպիսիները, որոնք չեն հավատացել և հակված են մտածելու, որ վարչապետն ու իր մտերիմները մասնակցում են մաքսանենգ ծխախոտի գործին:

«Այն, թե նա որքան կհերքի այդ լուրը և կասի, որ այդ հարցով զբաղվում են իրավապահ մարմինները, դրանից լուսաբանման առումով ոչինչ չի փոխվելու, այնպես որ, երևի արդարացված է վարչապետի մոտեցումը»,- նշեց Բորիս Նավասարդյանը:

Հարցին՝ այսինքն՝ վարչապետի պատասխանը համարժե՞ք էր հնչեցրած հայտարություններին, Բ. Նավասարդյանը պատասխանեց, որ այն բանից հետո, երբ հարցին արդեն մի քանի անգամ անդրադարձ եղել է, նորից նույն բաները կրկնել իմաստ չունի:

Դիտարկմանը, որ ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախկին իշխանությունների հասցեին բազմաթիվ մեղադրանքներ է հնչեցրել, իսկ նրանք բազմաթիվ անգամներ հերքել են, Բորիս Նավասարդյանը նկատեց՝ չի հիշում, որ նույն բանը, եթե կրկնում էր Նիկոլ Փաշինյանը, նույն բանը նախորդ իշխանություններն անընդհատ հերքում էին:

«Կարծում եմ՝ այն ժամանակ, եթե տարածվում էր այդ կարգի վարկաբեկիչ խոսք, մեկ կամ երկու անգամ հերքում էին: Բայց ամեն մի հրապարակման կամ  նույն հարցի կապակցությամբ, կարծում եմ՝ ոչ այն ժամանակ, ոչ այսօր իմաստ չունի նույն բանը կրկնել»,- շեշտեց Բորիս Նավասարդյանը:

Մեր հաջորդ հարցին, թե ինչո՞ւ վարչապետի տիկինը և ՊԵԿ նախագահի տեղակալը, որը պաշտոնատար անձ է համարվում, չի հերքում Միքայել Մինասյանի հայտարարությունները, դա նորմա՞լ է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ նորմալ չէ, հատկապես, եթե տվյալ պաշտոնյան անմիջապես պատասխանատու է այն ոլորտի համար, որի վերաբերյալ հարց է տրվում:

«Ինչ վերաբերում է վարչապետի կնոջը, ապա կարծում եմ, որ նա էլ դժվար որևէ բան ասի, ինչպես Փաշինյանը: Այս դեպքում ես նրան որպես պաշտոնատար անձ չեմ ընկալում»,- հավելեց նա:

Հաջորդ հարցին՝ հաշվի առնելով վարչապետի տիկնոջ և ՊԵԿ նախագահի տեղակալին 168.am-ի ուղղված հարցերին տրված պատասխանները, լրատվամիջոցները կարո՞ղ են այսուհետև որևէ հարցում չուղարկել Կառավարություն և համապատասխան պետական հաստատություններին, եթե վերաբերմունքն այսպիսին է, Բորիս Նավասարդյանը պատասխանեց.

«Եթե իսկապես այնպիսի վերաբերմունքի են արժանանում, երբ լրատվամիջոցները որևէ նոր խնդրի հետ կապված հարց են ուղղում և որևէ անգամ հստակ պատասխան չեն ստանում, կարծում եմ՝ լրատվամիջոցները դրանից կարող են հետևություններ անել իրենց համար, յուրաքանչյուրը՝ իր պատկերացումների շրջանակներում: Եվ իրենց եզրակացությունների հիման վրա լուսաբանեն խնդիրը, այլ ոչ թե՝ պաշտոնական անձանց հայտարարությունների կամ պատասխանների»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ վարչապետը, ով սովորաբար արձագանքում է բոլոր հարցերին և դրանց հետ կապված ֆեյսբուքյան ուղիղ եթեր է մտնում, արդյո՞ք այս դեպքում Մ. Մինասյանի հայտարարություններին չարձագանքելը կասկածներ չի առաջացնի հանրության մոտ, Բորիս Նավասարդյանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է հանրության տրամադրվածությունից:

«Կարծում եմ՝ հանրություն այս փուլում գոհ է, երբ դրանց հետ կապված ենթադրաբար իրականացվում են քննություններ: Իսկ այն տարբերությունը, որ կա վարչապետի վարքի մեջ վերջին ժամանակներում, որոշ առումով օրինաչափ եմ համարում, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ սպեցիֆիկ խնդիրների առջև է կանգնած Կառավարությունը»,- եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս