Բաժիններ՝

«Որքան որոշումներն են կարևոր, կրկնակի կարևոր է դրանց վերահսկողությունը… սահմանափակումներն իրենց բարձունքի վրա չէին». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ

Մայիսի 18-ից Հայաստանում հանվեցին համավարակով պայմանավորված գրեթե բոլոր սահամանափակումները՝ չնայած հանգամանքին, որ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը շարունակում է բարձր մնալ: Որպես վարակի կանխարգելման կարևոր գործոն՝ շեշտը դրվեց դիմակների պարտադիր կրման վրա. Չկրելը՝ պարետատան նոր որոշմամբ՝ քաղաքացու համար կարժենա 10.000 դրամ:

168.am«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Հասմիկ Ղազինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք ճիշտ որոշում էր վարակման այս տեմպերի առկայության դեպքում չեղարկել կամ թուլացնել սահմանափակումները: Բժիշկ- համաճարակաբանը նկատեց՝ սահմամափակումների վերացումը պետք է ավելի բարձրացնի մեր պատասխանատվությունն առկա որոշումների կատարողականի հանդեպ, և ոչ միայն՝ պատասխանատվությունը, այլև՝ վերահսկումը.

«Սահմանափակումների թուլացումն ասոցիացվում էր մարդկանց օրվա վաստակի հետ: Ես սա համարում եմ ճիշտ, բայց մարդկանց ըմբռնումն էլ պետք է շատ բարձր մակարդակի վրա լինի, և պետք է կատարվեն այն բոլոր որոշումները, որոնք առաջ են քաշվել:

Իմ կարծիքով՝ սահմանափակումներն այնքան էլ բարձր մակարդակի վրա չէին: Որպես վարակաբան՝ հետևել եմ հատկապես սննդի սուպերմարկետներում, բանկերում վիճակին, տաքսիների աշխատանքին: Սահմանափակումներն իրենց բարձունքի վրա չէին»:

Ըստ նրա՝ հասարակական տրանսպորտում քիչ թե շատ պահպանվում է որոշումների կատարողականը, սակայն նույնը չի կարող ասել սուպերմարկետներում, բանկերում առկա վիճակի մասին.

«Մենք պետք է հասկանանք, որ խիստ կարևոր է մեր պատրաստակամությունը, մեր ըմբռնումը վարակը հաղթահարելու հարցում: Միայն հասարակական տրանսպորտի համեմատաբար ճիշտ աշխատանքը բերեց դեպքերի նվազման:

Խնդրում եմ վերահսկել հատկապես սննդի սուպերմարկետները, բանկերը: Մենք հասկացանք, որ առանց վերահսկողության չի լինի այն, ինչ պետք է լինի:

Մենք հասկացանք, որ սա վարքագծային հիվանդություն է, մենք հասկացանք՝ մեր ապագան, մեր հետագա կյանքի բնականոն հունին անցնելը մեր վարքագծից է կախված, հասկացանք, որ դեռևս պետք է ապրենք վիրուսի հետ կողք կողքի»:

Մեր դիտարկմանը, թե հասարակության մեջ կա նաև շրջանակ, որը չի հավատում վիրուսի գոյությանը՝ Հ. Ղազինյանն արձագանքեց.

«Հավատան-չհավատան՝ իրենց իրավունքն է, բայց իրենց շրջապատի անվտանգությունն ապահովելն արդեն իրենց պարտքն է և պարտավորությունը»:

Հարցին, թե այսօր արդեն խոսում են վիրուսի բռնկման երկրորդ ալիքի մասին, որքանո՞վ է հավանական և ե՞րբ սպասել Հայաստանում, մեր զրուցակիցը պատասխանեց.

«Վիրուսն ընդամենը 6-7 ամսական է և անընդհատ անակնկալներ է մատուցում հանրությանը, բայց արդեն հասկացել ենք, որ վարքագծային քաղաքականությունը շատ կարևոր է:

Ես չեմ կարծում, որ նոր ալիք կբարձրանա, եթե ճիշտ կատարենք այն որոշումները, որն առաջադրել է պարետատունը:

Մեկ անգամ ևս նշեմ՝ որքան որոշումներն են կարևոր, կրկնակի կարևոր է դրանց վերահսկողությունը: Որևիցե մեկը թուլանալու իրավունք չունի. սա համատեղ ջանքերի պայքար է՝ սկսած հասարակ քաղաքացուց՝ մինչև կառավարության բոլոր անդամները»:

Դիմակների պարտադիր կրման պահանջին անդրադառնալով՝ մասնագետը նշեց.

«Դիմակ հագնելը պարտադիր է հասարակական վայրերում, բայց պետք է վերանայվի դիմակի գնային քաղաքականությունը: Այսօր գեղեցիկ նախադասության ծանոթացա՝ «Արտակարգ իրավիճակի պայմաններում դիմակի վաճառքը հավասարազոր է պատերազմի ժամանակ զինվորին փամփուշտների վաճառքին»:

Իսկապես որոշ խավի համար դժվար է ամեն օր 3-4 անգամ 200-250 դրամով դիմակներ գնել:  Դիմակները պետք է վերադառնան իրենց նախկին և մի բան էլ ավելի ցածր գնին, և եթե ոչ՝ անվճար բաժանվեն»:

«Կոչ եմ անում իմ հայրենակիցներին՝ չօգտվել ստեղծված իրավիճակից՝ որոշ մարդկանց հարստացնելու համար, իրավիճակը բոլորինս է»,- եզրափակեց Հասմիկ Ղազինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս