«Կենսաթոշակների անկանխիկ համակարգին անցնելը թոշակառուի համար նշանակում է՝ հարմարավետություն, իսկ պետության համար՝ կառավարելիություն». Սմբատ Սաիյան
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն առաջին ընթերցմամբ խորհրդարանն արդեն ընդունել է:
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով՝ նախագծով նախատեսվում է անցում կատարել կենսաթոշակների անկանխիկ վճարման համակարգին, նախագծով սահմանված են նաև բացառությունները:
Նախագծի վերաբերյալ Կառավարության կողմից արվել են մի քանի առաջարկներ, որոնք, ըստ փոխնախարարի, վերաբերում են բացառապես տեխնիկական վրիպակներին:
«Համաձայն նախագծի ընդունված առաջին տարբերակի, նախատեսվում է, որ անձը, եթե կենսաթոշակի համար դիմումը ներկայացնում է հուլիսի 1-ից հետո, ապա նրա կենսաթոշակը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով, իհարկե, կան բացառություններ, եթե նրա 75 տարին լրացած է կամ, օրինակ՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունի: Կառավարությունն առաջարկել է՝ հուլիսի 1-ի ժամկետը՝ պայմանավորված առկա իրողություններով, տեղափոխել մինչև սեպտեմբերի 1-ը:
Կառավարությունը նաև առաջարկել է, որ նախագծում հստակեցվի այս օրենքի փոփոխության կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունման ժամկետը: Մասնավորապես՝ այն գյուղերում, որտեղ որ կենսաթոշակը պետք է վճարվի կանխիկ եղանակով, ապա այստեղ անկանխիկի համակարգի ներդրումը հետաձգվում է՝ այդ գյուղերի ցանկը սահմանելու համար»,- նշեց փոխնախարար Սաիյանը:
Նրա խոսքով՝ այս փոփոխությունը վերաբերում է նաև «Պետական նպաստների մասին» օրենքին, որի համաձայն՝ երեխայի խնամքի համար նախատեսված նպաստի դեպքում նույնպես նախատեսված է կիրարկել նշված ընթացակարգը:
Փոխնախարարը նաև ասաց, որ կենսաթոշակների անկախիկ վճարման համակարգի անցնելը քաղաքացիների դիտանկյունից նշանակում է՝ անցում հարմարավետության, իսկ պետության տեսանկյունից նշանակում է՝ արդյունավետություն, կառավարելիություն և այլն:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն այս պահին այդքան էլ կողմ չէ այդ համակարգի ներդրմանը, ըստ նրա, եթե, օրինակ՝ 70 տարեկան թոշակառուին բանկային քարտի միջոցով փոխանցում են իր կենսաթոշակը, ապա նա նույն օրը քարտից հանելու է այդ գումարը և իր առևտուրն անի: Կան նաև համայնքներ, որտեղ պարզապես ենթակառուցվածքներ չկան, այսինքն՝ 100 խանութներից մեկում է հնարավոր քարտի միջոցով առևտուր անել:
«Անկանխիկի միջոցով այս խնդիրներն ամբողջությամբ չեն լուծվում: Ինչ վերաբերում է հարմարավետությանը, ապա հարց է առաջանում, անկանխիկ թոշակ տալով՝ նրա համար հարմարավետությո՞ւն ենք ապահովում, թե՞ հակառակը: Սակայն ընդհանուր առմամբ և խորքային առումով՝ կարծում եմ, որ քայլ առ քայլ պետք է գնալ անկանխիկ համակարգի ներդրման: Հիմա ի՞նչն է խնդիրը, որ մենք ավելի երկար ժամանակ չենք տալիս և ավելի սահուն չենք իրականացնում այս գործընթացը»,- նշեց Բ. Թունյանը:
Պատասխանելով պատգամավորի բարձրացրած հարցերին՝ փոխնախարար Սմբատ Սաիյանն ասաց, որ Կառավարությունն այս գործընթացն իրականացնում է փուլային տարբերակով, որի ամբողջ նպատակն ու իմաստն այն է, որպեսզի լուծվեն վերը նշված խնդիրները: