Բաժիններ՝

Սամվել Ադյանը ցուցմունքում գրել է, որ Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իր և  «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապի մասին. ՊՎԾ նախկին պետ

ՊՎԾ պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցրած  Դավիթ Սանասարյանն այսօրվա դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ գործով մեկ այլ մեղադրյալ՝ Սամվել Ադյանը, իրեն ներկայացրել է, թե երկար տարիներ դիալիզի շուկայում քվոտավորված սպասարկել են երկու ընկերություն, որոնցից մեկը պատկանել է Սամվել Ալեքսանյանին, մյուսը՝ Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանի քրոջ որդուն: Հենց այս մասին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ ունեցած նամակագրությունն էլ այսօր հրապարակվել էր դատարանում:

«Երբ որ ՊՎԾ-ն հասկանում ա, որ բերում են Հայաստան, ներկրում են Հայաստան ու երկուսը երկու անգամ ավել գնով վաճառում են պետության վրա, մասնակցում են գնումների ու գերշահույթ են ստանում պետության հաշվին, ՊՎԾ-ն սկսում է էս գործընթացը»,- ասաց Դ. Սանասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչն է ստիպել իրենց ուսումնասիրություններ սկսել դիալիզի շուկայում:

«Իմ նպատակը դա էր, որ, եթե լինի մրցակցային, կմասնակցեն այլ կազմակերպություններ ևս, այլ ֆիրմաներ ևս, որոնք որ մրցակցության արդյունքում գնի նվազում կլինի: Եթե բժշկական կենտրոնը էնպիսի չափորոշիչներ է ներկայացնում դիալիզի պարագաների, որը  կարող է բերել միայն մեկ ընկերություն, մյուսներն ուղղակի արդեն չեն մասնակցում էդ մրցույթին: Եթե մեկը նայում է, որ իրանից է կախված, էսպես ասած, գին է կրակում, որը  պետությունն ուզած-չուզած պետք ա գնի: Մեր խնդիրը այն էր, որ մրցակցություն լինի, միգուցե նույն կազմակերպությունը նորից կհաղթեր էդ մրցույթները, բայց արդեն այլ գնով: Էստեղ ոչ թե Սամվել Ալեքսանյանի կամ ինչ-որ մեկի դեմ է գործողությունը, այլ հանուն պետության»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Անդրադառնալով այսօր դատարանում ապացույցների հետազոտման ժամանակ հրապարակված մեկ այլ փաստի, որի համաձայն՝ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված Սամվել Ադյանը 3 անգամ դիմել է ԱԱԾ քննիչին՝ իրեն առանց փաստաբանի ներկայության ընդունելու, առանձնազրույց ունենալու համար, Սանասարյանն ասաց, թե սա ապացուցում է այն փաստը, որ ճնշումներ են եղել Ս. Ադյանի վրա, ինչի արդյունքում էլ ստացվել է իր դեմ ցուցմունքը:

«Ինչի՞ պիտի իրա պաշտպանից առանձին, որը  իրա վստահելի մարդն է, ուզենա գնա քննիչի մոտ: Սա արված ա նրա համար, որ ցույց տան, որ «մենք ոչ մի ձևով չենք փորձել ճնշել, որ Սանասարյանի դեմ բան գրի», մեկ էլ պատահական ասել ա՝ «Սանասարյանի դեմ բան եմ ուզում գրել»: Գրել է, որ՝ «Դավիթ Սանասարյանը տեղյակ է, որ ես «Զորաշեն» ՍՊԸ-ի հետ կապ ունեմ»»,- ասաց Դավիթ Սանասարյանը:

Լրագրողների հետ զրույցում՝ հիշեցնելով, թե ով է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի նախկին տնօրենը՝ Դավիթ Սանասարյանն անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հանդիպմանն ու ասաց.

«Փետրվարին հանդիպում են հայտնի բլոգեր, և КВН-ի, էսպես ասած, մասնագետ և համապատասխան անձի փեսան ու Արթուր Վանեցյանը, դրանից հետո մեր գործողությունների արդյունքում ուսումնասիրվելու էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ը, որի տնօրեն էր Միքայել Մինասյանի հայրը, ու իմ վերաբերյալ գործ է հարուցվում, ՊՎԾ-ի վերաբերյալ գործ է հարուցվում: Օդում հարց եմ կախում՝ արդյո՞ք Կադիրովի ֆան կլուբի անդամի ներկայացուցիչը միայն սուրհանդակի դերակատարություն է  իրականացրել, թե՞ նաև իմ վերաբերյալ գործ կարելու զրույցներ են եղել»:

Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:

Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էր՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ էին արձակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս