Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված Սամվել Ադյանը 3 անգամ առանց փաստաբանի հանդիպել է ԱԱԾ քննիչի հետ
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Դավիթ Սանասարյանի, Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի գործով դատական հերթական նիստը: Նիստի ընթացքում դատարանը շարունակեց հետազոտել գործի նյութերը՝ սկսած 10-րդ հատորից:
Նյութերը հետազոտելու ընթացքում հայտնի դարձավ, որ գործով ամբաստանյալ Սամվել Ադյանը, որը ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի դեմ ցուցմունք տված անձն է, 3 անգամ դիմել է ԱԱԾ քննիչին՝ իրեն առանց փաստաբանի ներկայության ընդունելու և առանձնազրույց ունենալու համար:
Ըստ գործի նյութերի՝ այդ հանդիպումներից հետո Սամվել Ադյանը դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին, կրկին խնդրել՝ իրեն ընդունել առանց պաշտպանի, նշել, որ ցանկանում է ինքնախոստովանական ցուցմունք տալ:
Նշենք, որ մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Սամվել Ադյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներ չիրականացնելու դիմաց: Լրագրողների հարցերին ի պատասխան՝ Սամվել Ադյանը նշել էր, թե այդ տեղեկություններին անդրադառնալ չի ցանկանում:
Հիշեցնենք, որ ըստ Ազգային անվտանգության ծառայության` Դավիթ Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաները չարաշահել են իրենց պաշտոնեական դիրքն ու առերևույթ միջամտել պետական գնումների գործընթացին՝ ձեռնարկատերերի համար խոչընդոտներ ստեղծելով:
Խոսքը վերաբերում է հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործին, դրա շրջանակում ՊՎԾ երկու աշխատակից կալանավորվել էր՝ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը, կալանավորվել էր նաև գնումների մրցույթին մասնակցած «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ բոլորն էլ ազատ էին արձակվել: