«Մենք գիտենք՝ ում բավարարելուն է միտված եղել այս որոշումը». Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները Վերաքննիչ բողոք կներկայացնեն

«Ընդամենն իր որոշումից բխում է, որ խափանման միջոցները՝ գրավը կամ անձնական երաշխավորությունը, չեն կարող կանխարգելել պարոն Քոչարյանի կողմից գործի քննությանը հնարավոր խոչընդոտելու ռիսկը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը՝ մեկ նախադասությամբ ներկայացնելով դատավոր Աննա Դանիբեկյանի՝ պաշտպանների միջնորդությունները մերժելու որոշումը:

Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ նրան նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները:

«Դատարանի այդ որոշումը, իհարկե, չի կարող մեզ բավարարել: Մենք գիտենք՝ ում բավարարելուն է միտված եղել այս որոշումը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ արդեն ավարտում է առաջին ատյանի դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքի վրա աշխատանքը:

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար:

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ամբաստանյալներ են նաև Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացած գույքն օրինականացնելու համար:

Քրեական գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Տեսանյութեր

Լրահոս