«Էական վնաս արդեն իսկ հաջողվել է հասցնել Ցեղասպանության պահանջատիրության գործոնին». Նարեկ Մալյանը 6-րդ վարչություն էր հրավիրվել

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այժմ Ոստիկանության 6-րդ վարչություն է հրավիրվել՝ օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման, ապա՝ դրան հաջորդած ազգագրագետ Հրանուշ Խառատյանի և «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի՝ Մալյանի դեմ ներկայացված հանցագործության հաղորդման համար:

«Ես իմ ֆեյսբուքյան էջում վերջնաժամկետ էի ներկայացրել, որպեսզի մարդիկ, ովքեր զբաղվում են թուրք ներելու քաղաքականությամբ, ովքեր Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի արյունն ուրանալու և պահանջատիրությունը ոչնչացնելու գործով են զբաղված, այդ մարդկանց ես ժամանակ էի տվել և ասել էի՝ բառացի ցիտեմ, որ «մեր ու մանուկ եմ անելու»: Դա պատահական բառ չէր: Եվ երբ որ սպառնացել էի, որ թուրք ներողներին «մեր ու մանուկ եմ անելու», չգիտես ինչի, Խառատյանները խիստ անհանգստացել էին իրենց կյանքի համար և դիմել էին Հայաստանի իրավապահ բոլոր մարմիններին:

Կան մարդիկ, ովքեր ընտանիքով՝ մայրը, որդին, դուստրը, տարբեր ֆրոնտներով լծված են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, պահանջատիրությունը ոչնչացնելուն: Ինձ համար շատ ծանր է, նույնիսկ այնպիսի ցինիկ մարդու համար, ինչպիսին ես եմ, շատ ծանր էր պայքար սկսել մի ամբողջական ընտանիքի դեմ: Ես, ըստ էության, ոչ թե իրենց, այլ ինձ ժամանակ տվեցի, որպեսզի ազատվեմ բոլոր այն բարոյական արգելքներից, կաշկանդվածությունից, որը, կարծում եմ՝ շատ շուտով նաև կտեսնեք»,- մինչ Ոստիկանության 6-րդ վարչություն մտնելն ասաց Նարեկ Մալյանը:

Մալյանի խոսքով՝ ֆեյսբուքյան իր էջում իր ասածի փաստերը ներկայացնելուց հետո, Հրանուշ Խառատյանի որդին՝ Արսեն Խառատյանը, իրեն հեռացրել է իր ֆեյսբուքյան ընկերների ցանկից ու «բլոկել» է: Ֆեյսբուք սոցիալական ցանցում Մալյանին «բլոկել» է նաև Հրանուշ Խառատյանի դուստր Լուսինե Խառատյանը:

«Նրանք պետք ա շահագրգռված լինեին բացատրություններ տալու իրենց շատ որոշակի գործողությունների համար, իրենց շատ որոշակի ծրագրերով ստացած գումարների համար, իրենք նախընտրեցին այն, ինչ սովորաբար անում են սորոսականները իմ հետ պայքարի առաջին փուլում: Դա արագ փակվելն ա և փորձել ագրեսիվ, բայց ոչ բովանդակային հակահարվածներ տալը»,- ասաց Մալյանը:

Որպես ասածին ապացույց, թե իր նշված անձինք կարող են որոշակի դեր խաղալ Ցեղասպանության ճանաչման հարցում, Ն. Մալյանը լրագրողների հետ զրույցում բերեց ԵՄ-ի օրինակը:

«ԵՄ այս տարվա ցավակցության տեքստի մեջ բացակայել ա ցեղասպանություն բառը, ինչը չի եղել 2016-2019-ին: Ստացվում է, որ ինչ-որ մարդկանց գործունեության արդյունքում կարող է էական վնաս հասցվել, ինչի մասին պատրաստվում եմ ոստիկանություն հայտնել, ոչ թե Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ըստ էության, առաջին փուլում պահանջատիրության գործոնին, հանվում ա պահանջատիրության կոմպոնենտը, թողնվում ա մենակ հիշելու կոմպոնենտը: Կներեք, սա արվում ա մարդկանց կողմից, ովքեր կոնկրետ լծակներ ունեն Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության ամենախոշոր գիտական օջախից, դա Ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է: Այո, էական վնաս արդեն իսկ հաջողվել ա հասցնել այդ մարդկանց կողմից Ցեղասպանության պահանջատիրության գործոնին»,- ասաց Մալյանը՝ հավելելով, թե նրանք նշում են, որ պետք է միայն հիշել ու ոչինչ չպահանջել:

Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր վստահորդին սպառնալիքի հանցակազմով պատասխանատվության ենթարկել չեն կարող:

«Այդ հանցակազմը պահանջում է վտանգի իրականություն: Նախ սպառնալիք չի եղել, պարզապես որոշակի խոսքեր են եղել, իսկ իրական հնարավորությունը ծիծաղելի, զավեշտալի է»,- ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նշենք, որ Նարեկ Մալյանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, նրա` Երևանի ավագանու խորհրդի անդամ աղջկան և ազգագրագետ Հրանուշ Խառատյանին «կապիտուլյացիայի» պայմաններ էր առաջադրել:

«Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.

Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:

Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:

Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:

Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:

Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մալյանը:

Դրանից հետո «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ գլխավոր Դատախազություն՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ Է. Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին՝ ընդդեմ Նարեկ Մալյանի:

«Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել ստատուսում նշված անձանց՝ ներառյալ իմ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի, և դստերս՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի հանդեպ, ինչպես նաև կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել։ Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքերի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։

Հարգանքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության»,- ասված էր հաղորդման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս