Իշխանության մետաստազները հայաստանյան քաղաքական պորտֆոլիոյում

Իրադարձությունների պակաս չի զգացվում, քանի որ ամենօրյա հաճախականությամբ ականատես ենք դառնում հերթական գործընթացին, որը միանգամից իր մետաստազներն է տալիս ողջ համակարգի վրա։ Ընդհանուր առմամբ, օրվա քաղաքական գործընթացները զարգանում են բավական դինամիկ ու դրամատիկ, շատ հաճախ՝ անկանխատեսելի, բայց այս ամենի մեջ ամենակարևորն այն է, որ ՀՀ իշխանական վերնախավը մշտապես «ֆուլ թեմայի» մեջ է։

Վերջին օրերին գործընթացներից, թերևս, ամենուշագրավը խորհրդարանում ընթացող զարգացումներն էին, որոնք օրվա լրահոսի գլխագրերում էին։ Ուշադիր հետևելով իշխանությունների հռետորաբանությանը՝ կարող ենք արձանագրել մի կարևոր դետալ․ իշխանությունը դժգոհ է, իշխանությունը բողոքում է։

Այստեղ կարևոր հարցն այն է, թե ումի՞ց է բողոքում էլիտան և անձամբ Նիկոլ Փաշինյանը, ով հայտնի ձեռնամարտից հետո հրապարակավ կատարվածի մեղավոր «նշանակեց» «Լուսավորին», իսկ տեղի ունեցածը համարեց սադրանք։ Փաշինյանը, հետո նաև՝ ողջ պատգամավորական «սվիտան», արդեն մի քանի օր է՝ հրապարակավ հայտարարում է, թե իրենց նկատմամբ ատելության քարոզ է ընթանում, բողոքում են, թե սոցցանցերում իշխանության կին պատգամավորների հասցեին սպառնալիք և հայհոյանք է հնչում։

Այստեղ ֆիքսենք կարևորը․ պարոնա՛յք, դուք հիմա դա լո՞ւրջ եք ասում։ Արդեն երկու տարի է, ինչ հայհոյանքը մեր կեցության անբաժանելի մասնիկն է։ Հատկանշական է այն, որ երկու տարի շարունակ կառավարող թիմը տոտալ գրոհում էր քաղաքական դաշտում բացառապես բոլորի ուղղությամբ՝ բոլորին համարելով իրենց ձախողումների ու թերացումների հիմնական պատճառը։

Քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող ոչ իշխանական թիմի ներկայացուցիչները պարբերաբար կոչերով ու հայտարարություններով էին հանդես գալիս և հորդորում ու պահանջում իշխանություններից՝ հանդես գալ համերաշխության և լիցքաթափման կոչերով, քանի որ հայհոյողների և բռնության կոչերով հանդես եկողների ճնշող մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն են։ Հակառակ այս ամենին՝ Փաշինյանը գոհունակությամբ և ամենայն հեգնանքով աչք էր փակում արատավոր այդ իրականության վրա՝ հոգու խորքում ունենալով այն համոզմունքը, որ ամեն ինչ արդար է։

Շուրջ երկու տարի ամենուր ատելություն ու հակակրանք էր տարածվում նախկին իշխանությունների նկատմամբ, այդ թվում՝ կանանց հասցեին ուղղված ամենավերջին վիրավորանքներն ու հայհոյանքները, սակայն վերջին 4-5 օրերին տեսնում ենք, թե ինչպես են նույն իշխանության տարբեր ներկայացուցիչներ խոսում իրենց ուղղված հայհոյանքների ու վիրավորանքների մասին։ Ասել է թե՝ այստեղ դասական առումով աշխատել է «բումերանգի էֆեկտը»։

Հընթացս տեղի ուենցող դեպքերի շարքից զավեշտալիներից էր նաև այն, երբ իշխանական պատգամավորները, իրենց ողջ «գվարդիայով», անակնկալ դեմարշ սկսեցին ՄԻՊ Արման Թաթոյանի հանդեպ, երբ պառլամենտում քննարկվում էր ՄԻՊ-ի 2019-ի տարեկան զեկույցը։ Բոլորս ականատես եղանք նրան, որ ՄԻՊ-ի գործողություններին իշխանական պատգամավորները սկսեցին տալ բացահայտ քաղաքական գնահատականներ և ամեն մի մանրուքի մեջ սկսեցին փնտրել ենթատեքստեր։ Բանը հասավ նրան, որ իմքայլական պատգամավորներից մի քանիսը մարդու իրավունքների պաշտպանի հասցեին բացարձակ սպառնալիք ու վիրավորական հայտարարություններ հնչեցրեցին՝ ակնարկելով, թե նա ՄԻՊ է ընտրվել «նախորդ խորհրդարանի կողմից և նախորդ իշխանության կառավարման ընթացքում»։

ԱԺ նախագահը, իր հերթին, փոխանակ սեփական խմբակցության պատգամավորներին կարգի հրավիրի՝ ՄԻՊ-ի հասցեին նկատողություն է հնչեցնում։ Պարզ է, որ տեղի ունեցածն իշխանության վերին էշելոններից հստակ իջեցված հանձնարարական է, որպեսզի հերթական արհեստական տեսարանն ապահովված լինի։ Գրեթե կասկածի ենթակա չի այն տարրական ճշմարտությունը, որ գործող իշխանության ոչ մի ներկայացուցիչ սեփական նախաձեռնությամբ նմանօրինակ գործողություններ ու նման կոշտ ու ամբարտավան պահվածք չէր դրսևորի։ Չի բացառվում, որ առաջիկա ժամանակահատվածում ՄԻՊ Արման Թաթոյանի նկատմամբ կսկսվեն ֆեյքային ռեպրեսիաներն ու տարբեր խմբակների կողմից հնչեն հերթական սպառնալիքի կոչերը։

Իշխանությունների կողմից Թաթոյանին ուղղված հարցադրումներն ու հայտարարությունները, թե նա կիրառում է երկակի ստանդարտներ, վկայում է, որ իշխանություններն իրենց «նոր»-ի շարքը (Նոր Հայաստան, նոր ՍԴ, նոր Սահմանադրություն և այլն) ընդլայնելու մտադրություն ունեն, և չի բացառվում՝ «նոր Հայաստան-նոր ՄԻՊ» արշավ իրականացնեն:

Այս ամենը փաստում է հետևյալը․ Փաշինյանն իր երկամյա կառավարման ձախողումից հետո իր թիմին սեփական ձեռքերով տանում է փակուղի, որտեղից դուրս գալու հնարավորություն ու տարբերակ ուղղակի գոյություն չունի։ Ակնհայտ է, որ քաղաքական իշխանության ներսում բացակայում են առողջ ու պատասխանատու դեմքեր, որոնք պետք է ստեղծված իրավիճակին տային հստակ գնահատականներ։

Տեսանյութեր

Լրահոս