Բաժիններ՝

Կասկածում եմ, որ Արսեն Թորոսյանը դրսի ուժերի գործակալ է և գործակալական գործունեություն է իրականացնում մեր առողջապահական համակարգում. Հայկ Մանասյան. Tert.am

Հայաստանում կորոնավիրուսի տարածման շրջանակի, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ մայիսի 24-ին և հունիսի 8-ին վարակվածների հավանական թվերի մասին հայտարարության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է բժիշկ Հայկ Մանասյանի հետ:

– Պարոն Մանասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը, վերջին շրջանում վարակի տարածման աճ է գրանցվել:

– Տեսեք, վերջին շաբաթվա ընթացքում ամեն օր նույն քանակի վարակակիր է ավելանում, ինչը նշանակում է, որ վիրուսի տարածման երկրաչափական պրոգրեսիա չկա: Եթե վիրուսի տարածման տեմպը ամեն օր նույն քանակի է, դա նշանակում է մեկը մեկ հոգու է վարակում իր ամբողջ հիվանդության ընթացքում:

Եթե մի փոքր էլ սա նվազի, մենք սահմանափակման այս չափավոր ռեժիմով կունենանք վարակի մարում: Սա կոչվում է պիկ, եթե սրան ձեռք չտան, չխանգարեն, ապա պիկից կիջնենք: Այսինքն՝ այսօր արդեն ունենք 79 նոր դեպք, ավելի պակաս քան նախորդ օրերի ընթացքում, եթե առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք պահպանենք մինչև 100 դեպքերը, դա կնշանակի, որ պիկից իջնում ենք: Հիվանդները կուտակվում են, որովհետև առողջապահության նախարարը հյուրանոցներում կոնտակտավորների ու վարակակիրների է պահում, եթե նրանց ուղարկեն տներ, հիվանդների քանակը կավելանա, բայց ինչ-որ պայմանական ժամկետից կսկսի կրճատվել: Վերջին շաբաթվա ընթացքում ունենացանք 120, 130, 150 և այլն թվով վարակակիրներ, պարզ է, չէ՞, որ տաս օրում կունենանք հազարից ավել ու դա սարսափելի բան չէ՝ հաշվի առնելով, որ այդ մարդկանց 80 տոկոսի մոտ ընդհանրապես սիմպտոմներ չկան:

– Դուք նշեցիք, որ եթե չխանգարեն, կգնանք նվազման, պիկի իջեցման, ինչի՞ մասին է խոսքը, ո՞վ և ինչո՞ւ պետք է խանգարի, կմանրամասնե՞ք՝ ի՞նչ նկատի ունեք:

– Երբ ամեն օր գրանցվում են նորանոր դեպքեր, դրանց ծանրակշիռ մեծամասնությունն առանց սիմպտոմների, առանց պրոբլեմների լավանում են՝ ձևավորելով իմունիզացված բարիեր, դա բնական իմունիտետն է, որ կանխարգելում է հանրության մեջ վարակի տարածումը, դա ամենագործուն, ամենաուժեղ պաշտպանիչ և համաճարակը հաղթահարելու միակ ուժն է: Եթե սոցիալական հեռավորությունը պահվում է, կամ դպրոցներն են փակվում, այդկերպ որոշակի չափով կանխվում է վարակի տարածումը, բայց իմունիզացված բարիերի ձևավորման դեպքում արդյունավետությունն ավելի բարձր է: Այսինքն՝ բոլորին մտցնելով տներն ու ասելով՝ չշնչեք, չապրեք, դուրս չգաք, արգելում և խանգարում եք իմունիզացված բարիերի ձևավորմանը, ահա եթե հիմա չխանգարեն, թույլ տան սահմանափակումների չափավոր մակարդակը, մենք շատ արագ կունենանք իմունիզացված բարիերի այնպիսի ծավալներ, որ կկարողաննք խոսել համաճարակը հաղթահարելու մասին: Կհաղթահարենք առանց որևէ ակտիվացման, որը տարի ու կես հետո է լինելու, և առանց լուրջ կորուստների, առողջապահական ճգնաժամի ու տնտեսական ինքնասպանության՝ կունենանք համաճարակի արմատական լուծում, առանձին էպիզոդներ կլինեն, իհարկե, ինչպես գրիպի ժամանակ, բայց համաճարակի ողնաշարը կկոտրվի:

– Պարոն Մանասյան, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թվեր է հայտարարել, ըստ նրա՝ մայիսի 24-ին կունենանք մոտ 6350 դեպք, իսկ հունիսի 8-ին` մոտ 12.700 դեպք, սա ի՞նչ է նշանակում:

– Իմ կարծիքով՝ նախարարը համագործակցում է դրսի խուճապաստեղծ ուժերի հետ և նրանց կամքն է կատարում: Ես մեր նախարարին կասկածում եմ դրսի ուժերի գործակալ լինելու մեջ, իմ կարծիքով՝ նախարար Արսեն Թորոսյանը գործակալական գործունեություն է իրականացնում մեր առողջապահական համակարգում, նրա կողմից հարցերի միակողմանի ներկայացնելը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը: Ես այդպես եմ կարծում, որովհետև երբ նման թվեր են հայտարարում, պետք է նաև մեկնաբանել: Եթե բժշկական ինֆորմացիան՝ կլինեն թվեր, տերմիններ, թե դիագնոզ, ներկայացվում է ոչ բժշկական հանրությանը, պարտավոր է մինչև վերջ բացատրել, թե դա ինչ է ենթադրում: Նախարարն այնքան սպառիչ պետք է ներկայացրած լիներ, որ այս բոլոր հարցերի պատասխանները չառաջանային: Ասել այսպիսի թվեր ու չմեկնաբանել, չտալ այն հարցի պատասխանը՝ արդյո՞ք հազարն էլ մեկ օրում է լինելու, թե կուտակվելու է, դա սխալ է, մարդիկ չեն հասկանում դա: Իր ոչ մասնագիտական հոտառությունից է, որ ամեն ինչ արագ չի նկատում, իսկ ես արագ նկատում եմ, որ եթե այդպիսի թվեր են ասվում՝ առանց ասելու, որ դա լավ է, ոչ թե՝ վատ, ապա դա ընդամենը սկզբից էլ որդեգրած խուճապ տարածելու, սեփական ժողովրդին ընկճելու, դիմադրողականությունը, պայքարի ոգին և իմունիզացված բարիերների ձևավորման տեմպերը խաթարելուն միտված գործողություն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս