Բաժիններ՝

«Վերջապես հնարավորություն կունենանք իրավական հարթությունում տեղեկանալու` ինչ «խախտումներ» բացահայտեցին 1.5 առաջ ավարտված ուսումնասիրությունները». «Այբ»

168.am-ը հարցում էր ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին` հետևյալ հարցադրմամբ. «Մոտ 2 տարի առաջ «Այբ» դպրոցում (պաշտոնական անունը՝ «Այբ կրթական հանգույց» հիմնադրամ) ստուգումներ սկսվեցին, մասնավորապես, թիրախում «Արարատյան բակալավրիատ» ծրագիրն էր, ի՞նչ ելք ունեցան ստուգումները, «Այբ» դպրոցում, առհասարակ, որևէ վիճահարույց փաստ, խախտում հայտնաբերվե՞ց, որն իրավապահների միջամտության անհրաժեշտություն առաջացներ»:

Մեր հարցադրմանն ի պատասխան ուղարկված գրության մեջ ասվում է, որ ԿԳՄՍՆ-ն ավարտել է «Այբ կրթական հանգույց» հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրության արդյունքները:

«Ի պատասխան ԿԳՄՍ նախարարին ուղղված Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ավարտել և իրավապահ մարմիններին է հանձնել «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրի ուսումնասիրության արդյունքները։ Ուսումնասիրությունը կատարվել է հետևյալ ուղղություններով` բովանդակություն, ֆինանսներ, ծրագրի ներդրում:

Առաջարկում ենք հնարավոր խախտումների և ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը ճշտել իրավապահներից, քանի որ գործն այժմ գտնվում է նրանց իրավասության ներքո»,- նշվում է ԿԳՄՍՆ պատասխանում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ավելի վաղ Ազգային ժողովում անդրադարձել էր «Այբ» կրթական հիմնադրամին և երկու տարի առաջ սկսած ուսումնասիրություններին՝  նշելով, որ այդ թեմայով գործ է հանձնվել համապատասխան մարմիններին։

«Կարծում եմ՝ մեր գործունեությունն այնպիսին է, որ որևէ չբացահայտված խախտում չի լինի։ Հիմա, երբ ինձ զեկուցել են, որ խնդիրներն իրոք լուրջ են, ուղարկել ենք իրավապահներին։ Հուսով եմ, որ պատասխանը շուտով կլինի»,- ասել էր նա` նշելով, որ իր պահվածքը պայմանավորված է եղել «Այբ»-ի ներսում գոյություն ունեցող որոշակի խնդիրներով, և, որ չի ցանկացել, որ նախարարությունը և անձամբ ինքը ներքին  որոշակի խմորումների մաս դառնա` զարգացումներն այս կամ այն կողմ հրահրելով։

168.am-ն «Այբ»-ի շուրջ զարգացումների, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարի հայտարարությունների առնչությամբ փորձեց պարզաբանում ստանալ նաև «Այբ» կրթական հիմնադրամից, ինչին ի պատասխան՝ «Այբ» կրթական հիմնադրամի հաղորդակցության բաժնից ուղարկեցին հետևյալ գրությունը.

«Մենք դրական ենք գնահատում, որ վերջապես հնարավորություն կունենանք իրավական հարթությունում տեղեկանալու, թե ինչ «խախտումներ» բացահայտեցին տարիուկես առաջ ավարտված ուսումնասիրությունները, և լիարժեքորեն լույս սփռելու հասարակությանը հետաքրքրող բոլոր հարցերի վրա։

Հիշեցնենք, որ 2018 թ. մայիսի 22-ին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակավ հայտարարեց «Այբ» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Արարատյան բակալավրիատ» ծրագրում «խախտումների» մասին՝ առանց որևէ ուսումնասիրության ու փաստի։ Այնուհետև, այս գնահատականը հիմնավորելու համար, շուրջ 8 ամիս՝ մինչև 2018 թ. նոյեմբեր, նախարարությունն «Այբ» կրթական հիմնադրամում իրականացրեց նախ ծրագրի ֆինանսական, ապա նաև բովանդակային ուսումնասիրություններ։ Ֆինանսական ուսումնասիրությունների առաջին փուլից հետո համաձայնագրով հաստատվեց Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում «Այբ» կրթական հիմնադրամի ծախսած գումարների նպատակայնությունը։

Բովանդակային ուսումնասիրության արդյունքները մինչ օրս չենք ստացել: Այդ ընթացքում հիմնադրամում անցկացվեց նաև ողջ գործունեության համալիր հարկային ստուգում, որի արդյունքներով որևէ խախտում չարձանագրվեց։

Ինչպես և ամեն տարի, օրենքով սահմանված կարգով, այս տարիներին հիմնադրամում ևս իրականացվել է անկախ աուդիտորական կազմակերպության կողմից աուդիտ, որի արդյունքները ևս որևէ խնդիր չեն հայտնաբերել:

Հայտարարությունից հետո անցել է երկու տարի. մինչև այսօր որևէ խախտում փաստաթղթավորված և հիմնավորված չէ, թեև նախարարը բազմիցս է հրապարակայնորեն խոստացել ուսումնասիրությունների արդյունքներն ու եզրակացությունը նախ ներկայացնել հիմնադրամին։

Մենք վստահ ենք ու վերահաստատում ենք, որ հիմնադրամն առավելագույն արդյունավետությամբ է իրականացրել Արարատյան բակալավրիատը հանրապետության դպրոցներում ներդնելու գործընթացը՝ Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում, և յուրաքանչյուր լումա ծառայեցրել նպատակին՝ սեփական միջոցներով համաֆինանսավորելով ծրագիրը։ Այդուհանդերձ, Քեմբրիջի գնահատման և միջազգային կրթության կենտրոնի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի հետ համագործակցությամբ կատարելագործված և միջազգայնորեն ճանաչված միակ հայալեզու ծրագրի տարածումը դպրոցների ավագ բաղադրիչում կասեցվել է նախարարի կողմից՝ չնայած պետբյուջեից կատարված ծախսերին, մեր բարերարների ներդրած միջոցներին, ինչպես նաև ՀՀ ու Արցախի հանրակրթական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների և սովորողների մեծ համայնքի սպասումներին ու ոգևորությանը։

«Այբ»-ը միասնական և հաստատակամ է՝ թույլ չտալու ստվերել իր բարի գործն ու անունը․ գործ, որի մեջ ներդրում ունի «Այբ»-ի ամբողջ համայնքը՝ մեր երկրում իրական կրթական փոփոխություններ բերելու ակնկալիքով»։

Նշենք, որ 168.am-ը «Այբի գործով» հարցում է ուղարկել նաև ՀՀ գլխավոր դատախազություն` պարզելու, թե ի՞նչ խախտումների կամ ի՞նչ հիմքով է գործը գտնվում Դատախազությունում, այն ի՞նչ փուլում է, մեղադրանքի կոնկրետ հասցեատերեր կա՞ն արդեն, թե՞ ոչ:

Գլխավոր դատախազությունից վստահեցրեցին սահմանված 5-օրյա ժամկետում պատասխանել հարցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս