Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը՝ իրենց մանդատները վայր դնելու Լիլիթ Մակունցի առաջարկի մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր ԱԺ-ում անդրադառնալով մայիսի 8-ին իր և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև տեղի ունեցած միջադեպին՝ նշեց, որ այն, ինչ կատարվել է դահլիճում՝ Էդմոն Մարուքյանի մեղքով է կատարվել․

«Եթե էդքան տղայա ինքը, մենք երկուսով, մանդատները դնում ենք, եթե էդքան տղայա, թող մանդատը դնի, ես էլ եմ դնելու»։

«Այո, Սասուն Միքայելյանը պատրաստ է մանդատը վայր դնել՝ պայմանով, որ մանդատը վայր կդնի նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ մանդատները վայր են դնում նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Հրանտ Այվազյանն ու Սարգիս Ալեքսանյանը»,- իր ելույթում հավելեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նկատելով, որ սպասում են իրենց առաջարկների` «Լուսավոր Հայաստանի» պատասխանին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից դեռ չեն հնչել պատասխաններ, սակայն Լիլիթ Մակունցի առաջարկները զարմացրել են ԼՀԿ պատգամավորներ Հրանտ Այվազյանին և Սարգիս Ալեքսանյանին:

Պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը մեզնից տեղեկացավ Լիլիթ Մակունցի առաջարկի մասին և հարցրեց. «Չհասկացա՝ այսինքն մեր գործողությունները և Վահե Ղալումյանի գործողությունները հավասարեցրել են իրա՞ր,- ապա հավելեց,- Եթե մենք բաժանում ենք, թույլ չենք տալիս վեճը շարունակվի, դա դիտարկում են՝ որպես… խոսքեր չունեմ»:

Պատգամավորը նշեց, որ հակառակ կողմից փորձ է արվում հարցն իջեցնել անձնական դաշտ.

«Իմ վերաբերմունքն այս ամենի հանդեպ բացասական է. Ես վատ եմ զգում ընդհանրապես կատարվածի համար, ոչ թե իմ գործողությունների, այլ մթնոլորտի համար: Դա Ազգային ժողովի վրա խարան է. փոխանակ էդ հարցը փորձենք լուծել, խորացնում են, անձնական դաշտ են մտցնում»:

Հրանտ Այվազյանը միջադեպից մի քանի դրվագներ հիշեց. «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ է նման հայտարարություն արել. եթե Սասուն Միքայելյանը, Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը նախահարձակ են եղել և հարվածել են Մարուքյանին, ինչը տեսագրությունով էլ է երևում, դա պարզ է, որ կարող է ինչ -որ պահանջ լինի մանդատը դնել կամ չդնելու, բայց չեմ հասկանում, թե ինչո՞վ է պայմանավորված իմ և Սարգիս Ալեքսանյանի մանդատ դնելու պահանջը: Եթե հաշվի առնենք, որ այդ միջադեպի ժամանակ Վահե Ղալումյանն ընկել է և ես փորձել եմ իրեն բարձրացնել, օգնել, եթե դրա համար մտածում են, որ մանդատը դնեմ՝ չգիտեմ….»:

Հրանտ Այվազյանը նկատեց նաև՝ կարևոր է հասկանալ՝ առաջարկները խմբակցության կողմի՞ց են, թե՞ անձամբ Լիլիթ Մակունցի:

Տեսանյութեր

Լրահոս