Մարությանի և Խառատյանի` Նարեկ Մալյանի դեմ հանցագործության մասին հաղորդումները Գլխավոր դատախազությունն ուղարկել է Քրեական ոստիկանություն

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իրենց էջերում հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին` այն հասցեագրելով ՀՀ գլխավոր Դատախազություն՝ գլխավոր դատախազ Ա. Դավթյանին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն՝ պետ Է. Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանապետ Ա. Սարգսյանին՝ ընդդեմ Նարեկ Մալյանի:

«Հայտնում եմ, որ Ֆեյսբուքի օգտատեր «Narek Malian»/Նարեկ Մալյանը, 2020 թվականի մայիսի 10-ին ֆեյսբուքյան ստատուս/հայտարարություն է տարածել, որտեղ վերջնագիր է ներկայացրել ստատուսում նշված անձանց՝ ներառյալ իմ՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի, և դստերս՝ Երևան քաղաքի ավագանու անդամ Արփենիկ Մարությանի հանդեպ, ինչպես նաև կյանքին սպառնալիք ներկայացնող հայտարարություններ է արել։ Կարծում եմ, որ հայտարարության մեջ մեր կյանքերի համար վտանգավոր բռնության իրական սպառնալիք կա։ Խնդրում եմ, օրենքով սահմանված կարգով ընթացք տալ և ապահովել մեր անվտանգությունը։

Հարգանքով՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարության»,- ասվում է, մասնավորապես, Հարություն Մարությանի հաղորդման մեջ:

Նշենք, որ Նարեկ Մալյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանին, նրա` Երևանի ավագանու խորհրդի անդամ աղջկան և ազգագրագետ Հրանուշ Խառատյանին «կապիտուլյացիայի» պայմաններ էր առաջադրել:

«Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.

  1. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:
  2. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:
  3. Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:
  4. Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:

Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ»,- ֆեյսբուքյան իր էջում պահանջել էր նա:

168.am-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասաց, որ ստացվել են հանցագործության մասին հաղորդումներ՝ այս գրառման կապակցությամբ:

«Մեր կողմից դրանք ուղարկվել են ՀՀ քրեական ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ»,- նշեց նա:

Ոստիկանությունից ասացին, որ հրապարակումը դեռ Քրեական ոստիկանությունում չի ստացվել:

Տեսանյութեր

Լրահոս