Էդվարդ Նալբանդյանը հրավիրվել է Ապրիլյան քննիչ հանձնաժողով

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ վստահ կարող է ասել, որ պատերազմի ժամանակ բանակի սպայակազմը փորձել է իր ձեռքի տակ եղած հնարավորությունները մաքսիմալ օգտագործել:

Միևնույն ժամանակ նա տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողով հրավիրվող անձանց ցանկում ունեցել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անունը: Սակայն կարծում է, որ նախկին Կառավարության գործունեության ուսումնասիրությունը լրացուցիչ բան իրենց չի կարող տալ, ուստի աշխատանքների ամփոփման վերջում, եթե ունենան ժամանակ, նրան հրավիրելու հարցը կդիտարկեն:

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց, որ քննիչ հանձնաժողով են հրավիրել ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:

«Նալբանդյանն այժմ բնակվում է Մոսկվայում, շատ էլիտար բնակարան ունի այնտեղ, այս պահին բնակվում է իր ամառանոցում, ասում են՝ բավականին ապահով»,- շեշտեց նա:

Նա նաև ընդգծեց, որ առաջիկայում հանձնաժողով է գալու ևս մեկ անձ, որն իր մասնակցության համաձայնությունն արդեն տվել է:

Հարցին՝ այդ անձը Բակո Սահակյա՞նն է, նա պատասխանեց, որ չի բացառվում:

Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ այլևս չի դիմելու նրան, որպեսզի վերջինս գա հանձնաժողովի նիստին:

«Պարոն Խաչատուրովն ինքը թող որոշի՝ կգա՞, թե՞ ոչ, նրա գալը նույնիսկ հանձնաժողովի համար այդքան էական չէ, էական է այն առումով, որ նա ղեկավարել է մեր Զինված ուժերը: Նրա ղեկավարության տակ եղած բոլոր զինվորականներն անխտիր հարգել են մեր պետականությունը և եկել են ԱԺ:  Եթե նա հասցնի մինչև ամսի 4-ը դա գիտակցել,  շատ ավելի լավ իր համար, քանի որ, եթե մի շարք հարցերի ինքը չի պատասխանում, պատասխանել են արդեն շատերը, ուզում եմ, որ ինքը հենց պատասխանի այդ հարցերին: Ես հարգում եմ այն ուղին, որը մինչև 1999 թվականն արել է Յուրի Խաչատուրովը մեր Զինված ուժերում»,- ասաց Ա. Քոչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս