Բարձր ենք գնահատում Արցախի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում. Էդմոն Մարուքյան

Մինչև ԱՀ նախագահի և Ազգային ժողովի լիազորությունների ավարտը որոշել էինք հանդիպում ունենալ գործող իշխանությունների հետ և մեր երախտիքի խոսքն ասել անցած տարիներին իրենց իսկ ունեցած ավանդի, կատարած աշխատանքների համար և քննարկել հետագա անելիքները:

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ հանիդպումից հետո այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր ուժերով ՀՀ-ում և նրա սահմաներից դուրս Արցախի հիմնախնդրի լոբբիստն է և աջակիցը բոլոր ամբիոններում:

«Հանդիպումներ ենք ունեցել ԱՀ Ազգային ժողովում, նաև ոչ ֆորմալ հանդիպում նորընտիր նախագահի հետ: Մենք մայիսի 21-ին կրկին գալու ենք Արցախ և մասնակցելու ենք նախագահի երդմնակալության արարողությանը»,-ավելացրել է Է. Մարուքյանը:

Խոսելով համագործակցության մասին՝ մեր զրուցակիցն ասել է, որ բարձր է գնահատում համատեղ աշխատանքների կազմակերպումը: Կուսակցությունը ամեն կերպ Արցախի ու նրա խնդիրների մասին լսելի է դարձնում արտերկրում: Եվ դա դրսևորվում է ապրիլյան պատերազմի ժամանակ տեղի ունեցած վայրագությունները փաստաթղթավորելու և միջազգային հարթակներում դրանց մասին բարձրաձայնելու գործընթացով:

Տեսանյութեր

Լրահոս