Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի հոդվածի փոփոխությունը` մահա՞կ տնտեսվարողների գլխին
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում մայիսի 9-ից շրջանառության մեջ է դրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 182.1-ին հոդվածը հետևյալ խմբագրությամբ շարադրելու նախագիծը`
«Հոդված 182.1. Պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելը
Իր լիազորությունների շրջանակում ստուգումներ, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված պետական մարմնի հրամանով, հանձնարարագրով կամ հարկային հսկողության հիմք համարվող փաստաթղթով ստուգում, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի օրինական պահանջները չկատարելը կամ տնտեսավարող սուբյեկտի՝ ստուգվող, ինչպես նաև հարկային հսկողություն իրականացվող ստորաբաժանում նրա մուտք գործելն արգելելը կամ ստուգման, ինչպես նաև հարկային հսկողության նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ նրան չտրամադրելը կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, հարկային հսկողության ընթացքին այլ կերպ խոչընդոտելը կամ կապարակնքված կամ այլ կերպ կնքված տարածքների կամ գույքի պահպանությունը չապահովելը`առաջացնում է տուգանքի նշանակում` քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրհիսնապատիկի չափով»:
Այս օրինագիծն անհանգստացնում է բիզնես գործունեություն ծավալող անձանց:
168.am-ի հետ զրույցում նրանցից մեկն ասաց, որ, օրինակ, նախկինում հարկային մարմնի ներկայացուցիչը տնտեսվարողի մոտ այդքան հեշտ չէր մտնում. 3 օր առաջ պետք է ծանուցեր, եթե, ենթադրենք, հանձնարարագիր չներկայացներ, մի բան այն չլիներ, իրեն թույլ չէին տա ստուգել, իսկ հիմա իրենց գործը հեշտացրել են, և դա վերաբերում է ոչ միայն ստուգումներին:
«Փաստորեն այս փոփոխությամբ` ասում են` մեր օպերները կասկած ունեն, պիտի գան, մտնեն բիզնես, երբ ուզեն»,- ասաց մեր զրուցակիցը:
Վերջինիս դիտարկմամբ` առաջին հայացքից՝ թվում է, թե սա անմեղ փոփոխություն է, և սրանով օպերին հավասարեցնում են Ստուգումների մասին օրենքով նախատեսված խոչընդոտելու դրույթին, բայց մեծ հաշվով հեշտացնում է նրա մուտքը բիզնես:
Ամեն դեպքում, օրենսդրական փոփոխության նախաձեռնությունը քննարկման է դրված մինչև մայիսի 25-ը, և այս պահին քվեարկողները 100 տոկոսով դեմ են այս փոփոխությանը: