«Այս պրոցեսը բավականին գրգռված և քաղաքականացված է». Կարեն Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի դատավարության մասին
«Կարծում եմ՝ իմ միջնորդության մեջ ֆիքսել եմ, թե ինչու եմ երաշխավորագիր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, ըստ իս` տրամաբանությունը պարզ է: Ինչպես շատերը, այնպես էլ ես չափազանց շահագրգռված եմ, որպեսզի մարտի 1-ի հետ կապված հասարակության մեջ ձևավորված հարցադրումներին տրվի մաքսիմալ պատասխան, որպեսզի բաց կողմ չմնա, և այն համապատասխան նստվածք չտա»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչն է կապում իրեն և Երկրորդ նախագահին, որ որոշել է նրա խափանման միջոցը փոխելու համար միջնորդություն ներկայացնել դատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը, Կարեն Կարապետյանը, Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը միջնորդություն են ներկայացրել դատարանում՝ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու առաջարկությամբ։
«Ես հարգում և գնահատում եմ Ռոբերտ Քոչարյանի ներդրումն ու ավանդը ՀՀ-ի և Արցախի անկախության կայացման հարցում: Արդեն երկու տարի է՝ այս դատական գործընթացը տեղի է ունենում, և հավանական է, որ այն դեռ երկար ժամանակ կարող է տևել: Այդ պատճառով էլ միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի Քոչարյանի խափանման միջոցը փոխվի: Կարծում եմ՝ այս պրոցեսը բավականին գրգռված և քաղաքականացված է: Թե ինչպես կգնահատեն միջնորդության իմ քայլը, ես հիմնավորել եմ: Կարծում եմ՝ յուրաքանչյուրն իր կարծիքը հայտնելու իրավունք ունի»,- ընդգծեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում