Բաժիններ՝

Վանաձորի բնակիչը հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է զինվորական ծառայության զորակոչից

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության յոթերորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով պարզվել է, որ 1998թ. ծնված Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ Ն.Ե.-ն 2014 թվականին զննվել է Լոռու մարզի զինկոմիսարիատի զորակոչային բժշկական հանձնաժողովի կողմից և առանց առողջական խնդիրների կցագրվել:

Սակայն, վերջինիս հոր՝ Խ.Ե.-ի և Լոռու մարզի զինկոմիսարիատի նախկին աշխատակից Ս.Գ.-ի օժանդակությամբ՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով խուսափել է ժամկետային զինվորական ծառայության հերթական՝ 2019թ. ձմեռային զորակոչից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության պայմաններում։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ն.Ե-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ժամկետային զինվորական հերթական զորակոչից խուսափելը՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում՝ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ս.Գ.-ին և Խ.Ե.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Ս.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ Խ.Ե.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին քննիչի միջնորդությունը Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել է, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս