Բաժիններ՝

Լիբիայում Թուրքիայի աջակցությունը վայելող ուժերը գնդակոծել են ազգային բանակի դիրքերը․ կա 18 զոհ

Թուրքիայի աջակցությունը վայելող Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ուժերը գնդակոծել են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի Ազգային բանակի ուժերի դիրքերը, ինչի հետևանքով 18 զինվոր է սպանվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:

Նշենք, որ մայիսի 8-ին Տրիպոլիի Զավիյաթ ալ-Դահմանի շրջանում, որտեղ գտնվում են Թուրքիայի և Իտալիայի դեսպանատները «Գրադ» տեսակի հրթիռներով հարձակում էր տեղի ունեցել։ Թուրքիան պնդել էր, որ հարձակման հետևում կանգնած են գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած ուժերը և հայտարարել, որ համարժեք պատասխան կտա, եթե Լիբիայում կրակ բացվի իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա։

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց ուժերը Տրիպոլիի հարավում գտնվող ալ-Մաշրու շրջանում ոչնչացրել են Լիբիայի Ազգային բանակի 4 դիտակետեր։ Գնդակոծության հետևանքով շարքից հանվել զենք-զինամթերքով բեռնված ռազմամեքենաներ։

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Հաֆթարի ուժերի գործողությունների հետևանքով միայն մայիսի առաջին շաբաթվա ընթացքում սպանվել է 15 քաղաքացի և ավելի քան 30-ը վիրավորվել։

Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, Լիբիայի ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը հայտարարել էր, որ երկրի կառավարումն անցնում է բանակին: Հաֆթարը նշել էր, որ դուրս է գալիս 2015-ին ձեռք բերված քաղաքական համաձայնությունից, որի արդյունքում ձևավորվել էր Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը:

Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակին:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունը, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս