«Ինչո՞վ կավարտվի պետության և իշխանության հակամարտությունը». Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր տոնական օր է։ Դա առիթ է, որպեսզի գնահատական տանք, այլ ոչ թե կենացներ հնչեցնենք։ Հատկապես երբ կենացների մեջ շատ հաճախ «ֆալշ» նոտաներ են լինում։
Հայաստանում իշխանության է եկել «Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» կարգախոսն ունեցող ուժը։ Երեկ էլ դա ապացուցվեց խորհրդարանի դահլիճում՝ այդ կարգախոսը հրապարակավ բարձրաձայնողի գործուն մասնակցությամբ։
Դա հակապետական ու հակահայկական կարգախոս է, ըստ որի՝ «հպարտ Պողոսին» համոզում են, որ իր թշնամին ոչ թե Ադրբեջանն է, այլ հեղափոխության առաջնորդի կողմից «սև», «հակահեղափոխական», «հիասթափված» պիտակավորումը ստացածները։ Համոզում են, որ Ադրբեջանը կիրթ է և կառուցողական, և որ մեր զինվորները զոհվել են հանուն ոչնչի։
Այդ կարգախոսի շրջանակներում բացառապես դրական գնահատականներ են տրվում Ալիևին և բացառապես բացասական մակդիրներ են փակցվում Արցախյան պատերազմն անցած ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Փորձ է արվում Արցախյան պատերազմը և մեր հաղթանակն ասոցացնել հանցագործության հետ։
«Թավշյա հեղափոխությունն ավելի մեծ արժեք է, քան Արցախյան ազատամարտը» կարգախոսը «Քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, Սերգո ջանը լավ չի ապրելու» կարգախոսի փոխակերպված տարբերակն է։ Դա ապազգային նեոբոլշևիզմի դրսևորում է։
Առաջին ալիքի հեղափոխական բոլշևիկները հանուն իրենց իշխանության դավաճանեցին Ռուսաստանի ազգային շահերին՝ հանդես գալով «Վերածենք կայսերապաշտական պատերազմը քաղաքացիականի» կարգախոսով։ 1918–ին Բրեստ–Լիտովսկում իրենց դավաճանական քայլերը թաքցնելու համար բոլշևիկները «հպարտ Իվանին» առաջարկեցին արտաքին թշնամուն փոխարինել ներքինով։ Խոստացան կուլակաթափությունից հետո հողը գյուղացուն տալ, գործարանը՝ բանվորներին, իսկ խրճիթներին բերել խաղաղություն։ Արդյունքում՝ ունեզրկում, սով, անազատություն և միլիոնավոր սպանվածներ։
ՀՀ–ում 2018–ից հետո ձևավորված իշխանությունը ամբոխավարական է՝ նեոբոլշևիկյան «սոուսով»։ Դա նշանակում է, որ խոր հակասություն է առաջացել պետության և իշխանության միջև։ Քանզի ամբոխավարությունը պետությունը քանդող կոդ է։
Կդիմանա՞ն Հայաստանն ու Արցախն այս ներքին մարտահրավերներին։ Այս հարցի պատասխանը յուրաքանչյուրիցս է կախված։ Սա ազգայինից ու քաղաքականից բացի նաև տեսակի ու մտածողության կռիվ է։
Ես իմ կռիվը մինչև վերջ տալու եմ»։
Ինչո՞վ կավարտվի պետության և իշխանության հակամարտությունը——————————Այսօր տոնական օր է։ Դա առիթ է, որպեսզի գնահատական…
Gepostet von Andranik Tevanyan am Freitag, 8. Mai 2020