Կարելի է հուշաքար տեղադրել, ոչ թե արձան, որովհետև նա երբեք աչքի չի ընկել հայանպաստ գործունեությամբ․ Պատմաբանը՝ Գանդիի արձանը տեղադրելու որոշման մասին
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստում 43 «կողմ», 0 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներով ընդունվեց Մահաթմա Գանդիի արձանը Երևանում տեղադրելու որոշումը։ Այն կտեղադրվի Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում։
Որոշումը, սակայն, շարունակում է ակտիվորեն քննարկվել սոցցանցերում։ Օրինակ, քաղաքացիներից շատերը նշում են, որ, թեև Գանդին մեծ հնդիկ է, բայց նա թուրքերի դաշնակիցն է եղել։ Գանդին չի ընդունել 1915 թվականին հայերի ցեղասպանության փաստը, հետևաբար՝ Հայաստանում չի կարող մեկի արձանը կանգնեցվել, ով հայերի մեծ աղետը ու Հայկական հարցի արդար լուծումն անտեսելով՝ շարունակել է պաշտպանել ու սատարել սուլթանին և հայոց ցեղասպանությունն իրագործած թուրքական կառավարությանը:
Լավ իմանալով ցեղասպան թուրքական կառավարության գործած ոճիրը՝ շարունակել է մնալ Թուրքիայի ու ցեղասպան թուրքական կառավարության ջատագովն ու պաշտպանը՝ հայտարարելով, որ պայքարելու է հանուն «Թուրքիայի տարածքային ամբողջականության պահպանման»:
Ոմանք էլ հարցին փորձել էին նայել հայ-հնդկական բարեկամության տեսանկյունից, հիշել էին նաև Հնդկաստանի աշխարհահռչակ Թաջ Մահալը, որը նվիրված է թագավորի վաղամեռիկ հայ կնոջ հիշատակին (Թաջ Մահալը կառուցել է Մեծ Մոնղոլների դինաստիայի կայսր Շահ Ջահանը՝ իր սիրելի կնոջ` Մումթազ Մահալի հիշատակին: Ի դեպ, տեղեկություններ կան այն մասին, որ Մումթազ Մահալը հայուհի է եղել, և կայսերական արքունիքում նա է ներդրել Մարաշի ասեղնագործությունը):
Պատմաբան Գևորգ Մելքոնյանի կարծիքով՝ եթե նպատակը հայ-հնդկական հարաբերությունները խորացնելն է, որը մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, կարելի է հուշաքար տեղադրել Երևանի արվարձաններից կամ մարզային քաղաքներից մեկում։
«Որովհետև չեմ կարծում, որ Գանդին մեր ժողովրդի համար այն դերակատարությունն է ունեցել, ինչ Ֆրանց Վերֆելը, Յոհաննես Լեփսիուսը, Վուդրո Վիլսոնը և բազմաթիվ այլ օտարազգի գործիչներ, ովքեր մեծ դեր են խաղացել հայ ժողովրդի կյանքում, փրկել են հազարավոր որբերի, օգնել են Հայկական հարցի բարձրաձայնման հարցում։ Երբ այս մարդկանց հուշարձանները կունենանք, դրանից հետո նոր կարելի է մտածել որոշ սիմվոլիկ կերպարների մասին,-
168․am-ի հետ զրույցում ասաց պատմաբանը՝ հավելելով,- Գանդին երբեք աչքի չի ընկել հայանպաստ գործունեությամբ։ Եղել և մնում է Հնդկաստանի ժողովրդի գաղութային ազատագրման սիմվոլը։ Մեր ժողովրդի պատմության հետ նա որևէ առնչություն չունի։ Հայերը մեծ դեր ունեցել են Հնդկաստանի պատմության մեջ՝ սկսած Շահամիր Շահամիրյանից։ Էլ չասեմ տնտեսության ոլորտում ունեցած ներդրման մասին, սակայն որևէ մեկի արձանն այնտեղ չկա։ Իսկ հնդիկ գործիչներ, ովքեր պատմության մեջ մեծ դեր են կատարել հայ ժողովրդի համար, ցավոք, չկան»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ զեկուցողը՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը, նշեց, որ որոշման ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ Երևանի քաղաքապետին ուղղված գրությունը։
«Այդ գրությունով առաջարկվում է Հնդկաստանի հոգևոր առաջնորդ, համաշխարհային պատմության ականավոր քաղաքական գործիչ և փիլիսոփա Մահաթմա Գանդիի 150-ամյակի կապակցությամբ Երևանում տեղադրել նրա արձանը: Դրա տեղափոխման, տեղադրման, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերն ըստ գրության հոգալու է հնդկական կողմը։ Տարածքի տեղադիրքը համաձայնեցված է հնդկական կողմի հետ»,- նշեց Սեդոյանը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ներկայացված առաջարկը հավանության է արժանացել Երևանի գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից, ինչպես նաև համաձայնեցվել է աշխատակազմի արտաքին կապերի վարչության հետ:
Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է՝ իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր: