Բաժիններ՝

«Հնարավոր չէ, որ ռեստորանների բոլոր տարածքների տերերը գինն իջեցնեն․ Կառավարությունը պետք է ցույց տա, որ ոլորտն իրեն հետաքրքրում է»․ Ռեստորատոր

Մի շարք ռեստորատորներ մայիսի 5-ին  հռչակագիր են ստորագրել` առաջարկելով տարեկան վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը։ Նախաձեռնության հեղինակը Ռեստորանների հայկական միությունն է։

«Առաջարկում ենք գործունեության հարկադիր կասեցման ընթացքում դադարեցնել վարձավճարը և հարակից վճարումները (բացառությամբ սպառած կոմունալ ծառայությունների):

Հանրային սննդի ոլորտի ձեռնարկությունների գործունեության վերականգնման պահից մեկ տարվա համար վարձավճարի սաhմանման ընդունելի շեմ համարել մինչ այդ գործող վճարի 50%-ը՝ թողնելով դրա վերջնական քննարկումը և իրավական ձևակերպումը պայմանագրի մասնակից կողմերին»,- նշված է հռչակագրում։

Հանրային սննդի ոլորտի փորձագետ, ռեստորատոր Աշոտ Բարսեղյանն իրատեսական չի համարում, որ շուկայական մեխանիզմները հնարավոր է շրջանցել։

«Սա կոչվում է «կարտելային պայմանավորվածություն», սակայն դրանք կարճ պայմանավորվածություներ են՝ մրցակցային հարաբերություններն օգտագործելու համար։  Այն գործուն մեխանիզմ չունի՝ ազդելու հակառակ կողմի վրա, քանի որ սանկցիաներ չկան։ Հստակեցված չէ, թե պայմանավորվածությունը չկատարելու դեպքում դիմացինին ի՞նչ է սպասվում։ Ասենք թե՝ ես խախտեցի, ապա ի՞նչ պատիժ եմ կրելու, հասարակական պարսավանքի՞ եմ արժանանալու․ դա բիզնես կատեգորիա չէ:

Նախաձեռնությունը ողջունում եմ, բայց այն իրագործելի չէ, և ճիշտ կլինի, որ բազմակողմանի լինի։ Ես ուզում էի առաջարկություն անել ոչ թե ռեստորատորներին, այլ Կառավարությանը, որ հանդես գար կոչով՝ ուղղված տարածքի տերերին, և հորդորեր, որ ստեղծված իրավիճակում  չի կարելի շարունակել կոնսերվատիվ քաղաքականությունը, պետք է վերանայել տարածքի գները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Բարսեղյանը։

Նրա փոխանցմամբ՝ բոլորն էլ հասկացել են, որ ճգնաժամն անխուսափելի է, ուստի շատ տարածքներ ազատվելու են։

«Եվ միամտություն կլինի կարծել, որ ինչ-որ ազատվող տարածքի հետևից մեկ ուրիշը չի գա ու իր նոր նախագիծը չի անի, որն ավելի հաջողված կլինի։ 100 տոկոսով շուկայական մեխանիզմն է աշխատում։ Եթե տարածքը հետաքրքիր է, այն պահելու է իր շուկայական գինը։ Երբ վարձակալը չի կարողանում վճարել շուկայական գինը, դա նշանակում է, որ ինքը շուկայում անմրցունակ է, և իրեն  անխուսափելիորեն փոխարինելու է մրցունակ մեկը, իսկ տարածքի տերը ստանալու է այն գումարը, որը շուկայական գնով արդարացված է։ Հնարավոր չէ, որ բոլոր տարածքների տերերը գինն իջեցնեն, չնայած ստեղծված իրավիճակում գներն ավտոմատ իջնելու են։ Գումարային ներհոսքը կտրուկ պակասել է, մարդիկ իրարից մի քանի անգամ պարտք են վերցրել, երկիր գումար չի մտնում, հետևաբար՝ ռեստորան քիչ են գնալու, շոր քիչ են առնելու, Ծաղկաձոր, Դիլիջան չեն գնալու։

Տարածքների հետ կապված՝ մարդիկ պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել, համաձայնության գալ, որովհետև եթե այդ տարածքից հանի մեկին, չի գտնվելու երկրորդը, ով կարանտինի պայմաններում կգա տարածքը զբաղեցնելու»,- նշեց ռեստորատորը։

Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ՝ Կառավարությունը պետք է ցույց տա, որ ոլորտն իրեն հետաքրքրում է։

«Այս իրավիճակում և՛ ստիպում են  աշխատավարձը վճարել, և՛ չեն ուզում ընդառաջ գնալ, ասել՝  ձեր վճարած աշխատավարձի սոցիալական կամ մյուս վճարները զրոյացնում ենք, միայն թե աշխատավարձ տվեք, որ մարդիկ սոված չնստեն։ Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի պատճառով շատերը կորցրել են նաև իրենց աշխատանքը»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս