«Ենթադրում եմ՝ վարչապետն ունեցել է համեմատաբար ծանր մանկություն։ Երևի իրեն նեղացրել են, ու նա էլ անընդհատ ուզում է ինչ-որ մեկին նեղացրած լինի». Հրանտ Բագրատյան
«Սիրելիներս, նախ՝ դիմակ կրեք անպայման: Խանութ որ գնում եք, սպասեք, պահանջեք, որ դիստանցիա լինի: Լվացվեք: Մի լսեք առողջապահության նախարարին, պարետին էլ մի լսեք: Նրանք թուլացնում են: Մի գնացեք էդ սրճարանները: Ահավոր ձևի, ամեն օր վարակը շատանում է: Եթե շատ թեստավորենք, շատ կհայտնաբերենք: Համբերեք: Կառավարությունը չի անում, գոնե դուք արեք: Լսեք իմ խոսքը: Վաղը եթե պետք լինի՝ խստագույն զինվորական միջոցներ ենք մտցնելու, որ երկիրը հանենք այս վիճակից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Վերջինս տարակուսում է, թե ինչպես սարերում ծվարած մեր երկիրը 7 անգամ ավելի շատ վարակված մարդ ունեցավ, քան ծովի ափին գտնվող Վրաստանը: Խոսելով այն մասին, թե ինչու են իշխանությունները յուրաքանչյուր դեպքում պատասխանատվությունը բարդում քաղաքացիների վրա, Հրանտ Բագրատյանն ասաց, որ ծուլությունը հակադարձ համեմատական է ինտելեկտին:
«Եթե չգիտեն` ինչ անել, ուրեմն պետք է ծուլություն անեն կամ անեն անկապ, մակերեսային գործեր: Գալով Փաշինյանին` պետք է ասել, որ նա ունի երկու հատկություն, որը մենք պետք է հստակ հասկանանք: Ենթադրում եմ՝ նա ունեցել է համեմատաբար ծանր մանկություն։ Երևի իրեն նեղացրել են. նա անընդհատ պետք է ինչ-որ մեկին նեղացրած լինի, իշխանությունը չարաշահի՝ վատություն անելու համար։ Կամ անընդհատ խոսի թալանի մասին, բայց տակը բան չկա»,- նշեց ՀՀ նախկին վարչապետը` հավելելով, որ Փաշինյանը երբ օգնություն է հատկացնում, հետո երեսով է տալիս։
Ըստ Բագրատյանի` երկրորդը՝ նրա հեղհեղուկ լուծումներն են, և այդ լուծումներն էլ պրիմիտիվ քայլեր են:
«Այս երկու տարվա մեջ ես չեմ տեսել, որ կառավարությունը նստի մի լուրջ հարց քննարկի։ Ինչպե՞ս կարելի է հարգել մի կառավարության, որը, օրինակ, որոշել է, որ Գյուղատնտեսության նախարարություն չպիտի լինի, բայց Արտակարգ իրավիճակների նախարարություն պետք է լինի: Հրդեհների նախարարություն պիտի լինի, գյուղատնտեսության, որով զբաղվում է 500 հազար մարդ, նախարարություն չպիտի լինի»,- տարակուսեց Հրանտ Բագրատյանը։
Նա ասաց, որ ընդհանրապես ինքը նկատել է, որ ծույլ մարդիկ էրուդիցիա չեն ունենում․ չունեն էրուդիցիա՝ չունեն ինտելեկտ. «Բա ստերը, ստերը, որ վիճակագրությամբ հայտարարում են, բանկային թվերը, բյուջետային թվերը»։
Անդրադառնալով կառավարության հակաճգնաժամային ծրագրերին` ՀՀ նախկին վարչապետն ասաց, որ ինքը 60 տարեկան է, բայց այդպիսի անհեթեթ բաներ չէր կարդացել:
Կառավարության հակաճգնաժամային ծրագրերի մասին խոսելով` նա ասաց, որ կա մի քանի լուծում:
«Կամ կառավարությունն օգնում է արտադրողին՝ վարկն է փակում, կամ օգնում է՝ եկամուտները լրացնելով, օգնում է սպառողին՝ եկամուտները ֆինանսավորելով»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Վերջ: Դու ի՞նչ գործ ունես, պարոն Փաշինյան, գնում հոսանքի վարձն ես փոխհատուցում, մյուսով՝ 3 տարեկան 7 ամսական երեխաներին ես օժանդակում… Կամ Էդմոն Մարուքյանն ասում է՝ բերենք 100 հազար դրամ բաժանենք։ Հո այդպես պոպուլիզմո՞վ չի։ Բայց սա է ընտրել ժողովուրդը…»,- ասաց նախկին վարչապետը։
Մանրամասները` տեսանյութում