Բաժիններ՝

«Համավարակի հետևանքով ՀՀ-ում տեսականորեն կարող է կրճատվել 40.000 աշխատատեղ». Հրանտ Միքայելյան

Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալներով` ավելի քան 300 մլն մարդ աշխարհում գործազուրկ կդառնա:

«Կովկաս» ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ համավարակի հետևանքով ՀՀ-ում տեսականորեն կարող է կրճատվել 40.000 աշխատատեղ:

«Սա հիմնականում կընդգրկի սպասարկման ոլորտները, մի փոքր կորուստ կլինի շինարարության ոլորտում, ամեն ոլորտում մի փոքր կորուստ կլինի: Հանգստի կազմակերպման, տուրիզմի, հանրային սննդի ոլորտներում մոտավորապես, հնարավոր է՝ 10.000 աշխատատեղ կրճատվի, սա առավելագույնն է: Որոշ աշխատատեղեր կկրճատվեն պետական հատվածում, կրթության, մշակույթի ոլորտներում, ինչպես նաև` առևտրի: Հիշում ենք, որ անցած տարի մեծաքանակ մեքենաներ էին ներմուծվել, դրանք չեն վաճառվի` ոչ ՀՀ-ում, ոչ էլ արտասահմանում»,- նշեց նա` հավելելով, որ որոշ չափով կտուժի նաև արդյունաբերությունը:

Ըստ նրա` Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանխատեսումներով՝ ՀՀ-ում գործազրկության ցուցանիշը 17.7-ից (մոտավորապես՝ 220.000 աշխատատեղ) կաճի մինչև 19 տոկոս:

Հարցին` այս դեպքում տնտեսական ի՞նչ մակարդակի աճի մասին կարող ենք խոսել, Հրանտ Միքայելյանն ասաց, որ կար 3 տարբերակ. տարբեր միջազգային ընկերությունների և կազմակերպությունների կողմից կոնսենսուսային կանխատեսում՝ 4.5 տոկոսի սահմանում, կառավարության կանխատեսումը, որը սրան մոտ էր` մինչև 5 տոկոս, բայց կառավարությունն ուներ նաև լավատեսական կանխատեսում՝ մինչև 7 տոկոս:

«Կային նույնիսկ ավելի բարձր ցուցանիշի նախադրյալներ. տարվա առաջին երկու ամսվա ընթացքում ունեինք 8.7 տոկոս տնտեսական աճ: Ամեն դեպքում, իրատեսական էր 7 տոկոս տնտեսական աճը: Իսկ հիմա արդեն տարբեր կանխատեսումներով՝ մինուս 1.5 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսմամբ` 0.7 տոկոս, ԿԲ-ն ունի իր կանխատեսումը, և այլն»,- եզրափակեց փորձագետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս