Նմանության տարբերությունը կամ հակառակը․ պարենային ապահովության հարցը նվազագույն ուշադրության արժանացավ
Ռուսաստանը հայտարարեց, որ մինչև հուլիսի 1-ն արգելում է ցորենի արտահանումն իր երկրից: ՌԴ-ն վերջին տարիներին վերադարձրել էր ցորենի խոշոր արտահանողի իր դիրքը, որ կորցրել էր 20-րդ դարի 20-ականների սկզբից: ՌԴ քայլը հասկանալի է: Նավթի շուկայի փլուզումից հետո նախ հարկավոր էր կանխել նման գործընթացը երկրի արտահանման համար կարևոր մյուս ուղղություններում: Երկրորդ՝ ՄԱԿ-ը մի քանի օր առաջ հայտարարեց սովի «Աստվածաշնչային մասշտաբի» հնարավոր հեռանկարի մասին: Պատճառը հարկավ կորոնավիրուսի համավարակն է:
Այս հայտարարությունից հետո մեր, Վրաստանի և Ադրբեջանի տնտեսական տեղեկատվության մեջ ընդհանուր թեմաներից մեկը պարենային ապահովվածության հարցն է: Վրացական մամուլում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ առաջիկա մեկ-երկու ամսում ԱՄՆ-ը 27 հազար տոննա ցորեն կառաքի իրենց: Փորձագիտական տվյալներով՝ սա բավարար ծավալ չէ:
Մեր պաշտոնական տվյալներով՝ այս տարվա հունվար-փետրվարին արդեն 23.7 հազար տոննա ցորեն է ներմուծվել: Նշենք, որ հունվար ամսվա ներմուծումները սովորաբար կրկնակի պակաս են մյուսներից: Վրաստանն արտադրում է ցորենի իր սպառման ծավալի մոտ 15 տոկոսը: Իսկ վրաց ներմուծումների 90 տոկոսը ապահովվում էր Ռուսաստանից կատարվող ներկրումների հաշվին: Ակնհայտ է, որ այս հարցն անհանգստացնում է վրաց իշխանություններին:
Իսկ մեր մյուս հարևանների մամուլն այս թեման շրջանցում է: Շրջանցում է բոլոր համանման խնդիրների պես: Փոխարենը ադրբեջանական մամուլում նորույթ է հայտնվել: Նորույթ, որը շատ աղոտ նկարագրում է այս երկրում ընթացող ոչ սովորական տնտեսական գործընթացները: Գործընթացներ, որոնք ձևավորվել են նավթի շուկայական գնանկման հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները երկրի քաղաքացիների նամակներն են հրապարակում:Նամակներ, որ քաղաքացիները «գրել են» երկրի ղեկավարին: Դրանց վերնագրերը շատ խոսուն են՝ «Նախագահի և ժողովրդի միասնությունն անխախտ է», «Կրկին համոզվեցինք, որ մեր երկիրը ճիշտ ձեռքերում է»:
Սեփական փորձից գիտենք՝ եթե պատասխանատու մամուլը փառաբանում է իշխանություններին, ուրեմն տնտեսական աղետի սպասում կա: Մամուլի կցկտուր տվյալներից կարելի էր ենթադրել, որ կրկին բանկային ճգնաժամի վտանգ կա: Դեռ դեկտեմբերին էր լուր հրապարակվել, որ երկրի բանկերից մեկը դադարեցրել է վերադարձնել իր ավանդատուների ու հաճախորդների գումարները: Դա նրբորեն փաթեթավորվում էր ավանդների պարտադիր ապահովման քաղաքականության պահանջներով ու ժամկետներով (ավարտը մարտի 4-ն էր): Հետո Ալիևիհրամանագրով նոր ժամկետ հայտարարվեց (դեկտեմբերի 4) ու պարզ դարձավ, որ համավարակի պայմանները այդ ժամկետների հետ կապ չունեն: Եւ անմիջապես ԿԲ-ն հայտարարեց, որ երկրի 4 բանկերում մտցնում է արտաքին կառավարում: Բանկերից մեկի մասին ասվում է՝ ակտիվները նվազել են (8-10 տոկոսով), նվազել են վարկային պորտֆելները: ԿԲ-ն լիկվիդայնության վերահաշվարկներ է անում: Երկրում, ըստ ԿԲ-ի, 52 տոկոսով աճել է տարադրամի պահանջարկը (ապրիլին բանկերը արդեն 413.2 մլն դոլար են գնել):
Նկատելի նվազել են իշխանությունների հպարտության՝ Նավթային պետական հիմնադրամի տարադրամային պաշարները: 2020 պետբյուջեի մասին օրենքով այս հիմադրամը մոտ 6.76 մլրդ դոլար պիտի մուծեր բյուջե: Մինչդեռ առաջին եռամսյակում արդեն այդ գումարի մոտ 47 տոկոսը մուծվել-ծախսվել է: Իսկ պարենային անվտանգության մասին միայն խրոխտ հայտարարություններ են:
Մեր մոտ էլ այս թեման նվազագույն ուշադրության արժանացավ: Պարենային ապահովության հարցը քննարկվեց կառավարությունում: Ընդհանուր տեղեկատվություն հրապարակվեց և վերջ: Նման հանգիստ վերաբերմունքը կարող է պայմանավորված լինել նրանով, որ արտահանման ռուսաստանյան արգելքը ԵԱՏՄ երկրների վրա չի տարածվում: Հնարավոր է, որ սա բավարար ու հիմնավոր մխիթարանք է: