«Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանությունը կորցնել, եթե փորձ կատարի իշխանափոխության հետևում կանգնած ուժերի ծրագիրն իրականացնել»․ Գագիկ Համբարյան

Հարցազրույց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ

– Պարոն Համբարյան, վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին կադրային ջարդ սպասե՞լ, որովհետև կարծիքներ են հնչում, որ Նիկոլ Փաշինյանն այդպիսով որոշ ժամանակով կփորձի շեղել հասարակությանը երկրում ստեղծված իրավիճակից։

– Նիկոլ Փաշինյանի ձեռագրին շատ համապատասխան է, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար ինքը մեղադրի իր շրջապատին, չխնայի ոչ մեկին և դրանով ինչ-որ ժամանակով շեղի հասարակության ուշադրությունը երկրի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներից։ Հատկապես, երբ վերջին շրջանում կորոնավիրուսի հետ կապված բավականին սրվել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, իսկ արտաքին քաղաքականության առումով էլ՝ Արցախյան հիմնահարցի հետ կապված խնդիրները, Լավրովի հայտարարությունը և Հայաստանի վարչապետի՝ դրան բացարձակ չանդրադառնալը։

Կադրային ջարդ սկսելու մասին անոնսը հենց Նիկոլ Փաշինյանն է արել իր ուղիղ եթերներից մեկի ժամանակ՝ կրկին մեղադրելով պետական ապարատին՝ իր ծրագրերը սաբոտաժի ենթարկելու մեջ, և չի բացառվում, որ, այո՛, շատ շուտով մենք ականատես կլինենք որոշ կարկառուն ՔՊ-ականների և «քայլիստների» հրաժարականներին, և դրանով գործող վարչապետը կփորձի նախ՝ ամրապնդել իր դիրքերն իշխանությունում, քանի որ Նիկոլ Փաշինյանի բնավորությանը համապատասխան՝ ինքը չի ընդունում որևէ մեկին, ով իրենից ավելի խելացի կերևա կամ պոպուլյար կդառնա։

Այս երկու տարվա իրադարձությունները հենց դա են ապացուցում, և չի բացառվում, որ պարոն Փաշինյանը կգնա կադրային փոփոխությունների իր շրջապատում։

ԱԺ-ում Ալեն Սիմոնյան-Էդմոն Մարուքյան լեզվակռվի, անձնական վիրավորանքների, Ալեն Սիմոնյան-Արթուր Դանիելյան փողոցում տեղի ունեցած միջադեպի միակ մեղավորը գործող իշխանությունն է։ Իշխանությունն ինքը բավական լայն լիազորություններ ունենալով՝ պետք է կանխի այս ամենը։

Իսկ քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությանն իրականում բաժանում է սևերի և սպիտակների, բայց փառաբանում է սիրո և համերաշխության հեղափոխությունը, միևնույն ժամանակ իր կողմից վերահսկվող հայտնի ՊՈԱԿ-ը ֆեյքերի միջոցով համացանցում տարածում է ատելություն, դրանով բաժանում հասարակությանը հակամարտող կողմերի, ինքնըստինքյան, այսպիսի միջադեպեր պարտադիր պետք է տեղի ունենան։

– Կարծիքներ կան, որ այդ միջադեպերը ևս հանրությանը շեղելու համար էին, և, որ դրանց հետևում էլ Նիկոլ Փաշինյանն է կանգնած։

– Դա ևս չի բացառվում՝ այն առումով, որ այսպիսի միջադեպեր հրահրելով՝ փորձում է ստեղծել կառավարելի քաոս երկրում։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը կարող է առաջ քաշել այն թեզը, թե երկրում իրավիճակն անկառավարելի է  դառնում, և համապատասխան օրենքներով սահմանափակի մարդկանց ազատությունները և հասնի իր ուզածին։

Այսինքն՝ ազատ խոսքի, լրատվության ազատության մասին էլ խոսք լինել չի կարող։ Ինքներդ էլ տեսաք՝ խորհրդարանի միջադեպի ժամանակ ԱԺ նախագահը բացահայտ պաշտպանեց իր թիմակցին, ըստ նրա՝ «հոգնած» և «տրյապկա» բառերը հոմանիշ են։ Այդ ժամանակ նախ կռիվը հենց Ալեն Սիմոնյանը սկսեց՝ պիտակավորումներ տալով, էլ չեմ ասում, որ դրանից առաջ էլ վիրավորեց Անի Սամսոնյանին, ինչը բացարձակ չարժանացավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որևէ արձագանքին։

ԱԺ-ում ստեղծված անհանդուրժողականության մթնոլորտը ցույց է տալիս, որ գործող իշխանությունները բացարձակ արհամարհում են թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ԼՀԿ-ի բարձրացրած խնդիրները։ Իրենք մտածում են, որ իրենք պարզ մեծամասնություն են, դեռ 2 տարի առաջ եղած ընտրությունների քողի տակ են, պարոն Փաշինյանը նշում է, որ հասարակության 80 տոկոսն իրենց կողքին է, և արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք։

– Բայց սա պարադոքս չէ՞, որովհետև Նիկոլ Փաշինյանի նշած հիասթափվածների բանակը, ըստ էության, հսկայական թիվ էր կազմում։

– Պարադոքսը պարադոքս է, բայց դուք վարչապետի տրամաբանությանը նայեք՝ ըստ իրեն՝ այդ խմբերը միկրոխմբեր են, իսկ մեծ մասն իրեն երկրպագող անգրագետ պողոսների զանգվածն է։ Նա հենց այդ սկզբունքով էլ առաջնորդվում է։ Եթե ուշադիր հետևեք Փաշինյանի ելույթների տրամաբանությանը, ապա կտեսնեք, որ իր նշած բոլոր հիասթափվածները, ըստ իր տրամաբանության, հասարակության 5-10 տոկոսն են կազմում, իսկ մեծ մասն անգրագետ պողոսներն են, որոնք պետք է լսեն, թե Փաշինյանն իր ուղիղ եթերներում ինչ է փորձում համոզել իր պրիմիտիվությամբ և դիլետանտությամբ։

– Երկրում ստեղծված իրավիճակն արդյո՞ք ցույց չտվեց, որ հասարակության մեծ մասը, մեղմ ասած՝ չի լսում գործող իշխանությանը, օրինակ՝ արտակարգ դրության կանոնները չպահպանելը կամ կոմունալների պատմությունը։

– Այդ կոմունալների պատմությունն արդեն դառնում է բրազիլական սերիալ․ սա խայտառակություն է։ Նիկոլ Փաշինյանն այդ կոմունալների վերաբերյալ 3 որոշում է ընդունում, ինչն աբսուրդ է, 3 անգամ ուղիղ եթեր է մտնում այդ թեմայով, և երեկվա եթերին նույնիսկ կնոջն ու փոքր դստերն էր խառնել։ Ես զարմացած եմ մնացել։ Լավ, էս երկրում պրոֆեսիոնալներ չկա՞ն, որ նստեն՝ շատ կարճ ժամանակահատվածում հաշվարկեն, թե որքան մարդու կարելի է օգնություն տրամադրել։ Ի՞նչ են անում․ այդ րոպեին արվածը հիմնականում նպատակ ունի ցույց տալ, որ ինչ-որ քայլեր ձեռնարկվում են, բայց իրականում այդ քայլերի հետևում միկրոթվեր են։ Կարելի է, չէ՞, նորմալ հաշվարկներ կատարել։ Կամ՝ երեկվա առաջարկները, որ հարևանը հարևանին օգնի, հարուստը աղքատին օգնի, լավ, հետո՞, իմաստը։

Ընդհանուր առմամբ, շատ-շատ անհանգստացնող է այն իրավիճակը, որը ստեղծվել է մեր հանրապետությունում, որն անկառավարելի է։ Անհանդուրժողականության մթնոլորտը բոլոր տեղերից պայթում է՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ արդեն դուրս է եկել փողոցներ։ Էլ չեմ ասում, որ դրանից առաջ պատերազմները համացանցում էին ընթանում։ Երբ իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկում, ավելին՝ հենց ինքն է հրահրում իր կողմնակիցներին՝ իշխանությունների հետ չհամաձայնողների դեմ այսպիսի սադրանքներ կազմակերպել, ինքնըստինքյան մենք ունենալու ենք շատ տխուր վիճակ։ Եվ դրան գումարվում է ամենակարևորը և ամենավտանգավորը մեզ համար, որը նաև մեր պետականության գոյության կարևոր խնդիրն է՝ արցախյան հիմնահարցի շուրջ տեղի ունեցող գործընթացները։ Դրանց վերաբերյալ գործող իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գործում են ծածուկ, թաքուն և ոչ թափանցիկ, որն անընդունելի է։

– Բայց իշխանությունն ասում է, որ Արցախի հարցում ամենաթափանցիկն է։

– Ես ո՛չ ՀՀ ԱԳ նախարարի, ո՛չ ԱԳՆ մամուլի խոսնակի մակարդակով չտեսա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության վերաբերյալ կոնկրետ դիրքորոշում՝ այո, Լավրովը ճիշտ է ասում, կամ ոչ, Լավրովը սուտ է ասում։ Այն, որ պատեհ-անպատեհ, ամեն անիմաստ առիթով ուղիղ եթեր մտնող Նիկոլ Փաշինյանը ծպտուն չի հանում, թե ՌԴ ԱԳ նախարարը ճի՞շտ է ասում արցախյան բանակցային գործընթացի վերաբերյալ, թե՞ ոչ։ Զոհրաբ Մնացականյանը Ժնևում 11 ժամ, իր բնութագրմամբ՝ հանդիպումներ երբ ունեցել է Մամեդյարովի հետ, այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է փուլայի՞ն, թե՞ փաթեթային տարբերակը։ Փուլային տարբերակն անընդունելի է հայկական կողմերի համար։

– Պարոն Համբարյան, Դուք հավանական համարո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից, որովհետև նրա վերջին ուղիղ եթերներում կարծես նման մտքեր են հնչում։

– Ես չեմ հավատում, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես կհեռանա։ Իշխանությունն այնքան երանելի բան էր Փաշինյանի համար, որ նա երբեք հենց այնպես չի հեռանա։ Ինքն ամեն ինչի ընդունակ է։ Բայց խնդիրն այն է, որ ՀՀ-ն գլոբալ առումով շատ փոքր երկիր է, և մեր երկրում շատ մեծ ազդեցություններ ունեն օտարերկրյա խոշոր տերությունները՝ իրենց շահերով։

Պարոն Փաշինյանի քողարկված, բայց բոլորի համար բացահայտ հակառուսական քաղաքականությունը մեծ վտանգներ է ստեղծում իր իսկ իշխանության համար։ Որքան էլ Փաշինյանը փորձում է ներկայացնել, որ հիասթափվել են և՛ ռուսամետները, և՛ արևմտամետները, այստեղ մի հետաքրքիր հարց կա՝ թող ինքն իր իշխանության մեջ գոնե մեկ ռուսամետ քաղաքական գործչի ցույց տա, բայց արևմտամետները և համապատասխան հասարակական կազմակերպության կողմից սնուցվող բազմաթիվ գործիչներ, որոնք բացահայտ ծառայում են արևմտյան շահերին, և բազմաթիվ լրատվամիջոցներ, որոնք բացահայտ հովանավորվում են Արևմուտքի կողմից, այսօր և՛ իշխանության ներսում են, և՛ իշխանության կողքին։

Լավրովի կողմից այդ բացահայտումները, տարբեր առիթներով Ռոբերտ Քոչարյանին շնորհավորանքները և ոգեշնչող կոչերը՝ ՌԴ նախագահ Պուտինի կողմից, մաքսանենգ ճանապարհով ծխախոտի հայտնվելը Կրասնոդարում, որի մասին իշխանությունները չէին կարող չիմանալ, եթե չգիտեին, ապա Հայաստանում ընդհանրապես ամենաթողության իրավիճակ է, և այլ օրինակներ ցույց են տալիս, որ մեր թիվ մեկ ռազմավարական գործընկերոջ հետ ՀՀ իշխանություններն ունեն մեծ խնդիրներ։ Եվ այս իրավիճակը շատ երկար շարունակվել չի կարող։

Նիկոլ Փաշինյանը կարող է իշխանությունը կորցնել, եթե փորձ կատարի իշխանափոխության հետևում կանգնած ուժերի ծրագիրն իրականացնել․ դա ՌԴ դիրքերի կտրուկ թուլացումն է և ռուսական ռազմաբազայի դուրսբերումն է ՀՀ տարածքից։ Իսկ այն, որ արևմտյան որոշ ուժեր դժգոհ են Փաշինյանի կառավարումից, դա էլ չի բացառվում, քանի որ պարոն Փաշինյանը եկել է իշխանության՝ համապատասխան պարտավորություններ իր վրա վերցնելով։ Ինչպես 2003թ․ դա արեց Սահակաշվիլին՝ Վրաստանում,  ավելի ուշ՝ Յուշչենկոն՝ Ուկրաինայում։

Նրանցից ոչ մեկը պատահական իշխանության չեկավ։ Նրանք եկան, այսպես կոչված՝ թավշյա հեղափոխությունների քողի տակ, բայց նրանց գլխավոր նպատակը ռուսական ազդեցության կտրուկ նվազեցումն էր և հնարավորինս ՌԴ վտարումն իրենց տարածքներից, բայց երկուսի պարագայում էլ մենք ունենք փաստ․ Վրաստանը, որը դե ֆակտո կորցրել էր Աբխազիան և Հարավային Օսիան, դա կորցրեց դե յուրե, իսկ Ուկրաինան կորցրեց Ղրիմը և Դոնբասը։ Հիմա մենք այսպիսի խաղերի մեջ մտնելով Ռուսաստանի հետ՝ ո՞ւր կարող ենք հասնել, այդ հարցին թող պատասխանի Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս