«Ինչո՞ւ ԵՄ-ն չաջակցեց Փաշինյանին, ինչո՞ւ չտվեց նրան 1 միլիարդ եվրո, ինչո՞ւ չասաց, որ հաղթել է ժողովրդավարությունը»
Օրերս հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»:
Ըստ «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան հրապարակման՝ նման առաջարկ ներառող փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովում և, ամենայն հավանականությամբ, խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում:
Այդ գագաթաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ:
Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նույնիսկ ավելորդ համարեց քննարկել, թե նման պրոյեկտը որքանով կարող է համադրելի լինել Հայաստանի եվրասիական պարտավորությունների հետ։
Ըստ նրա՝ պետք է օբյեկտիվ դիտարկել բոլոր հարցերը, ներկայումս ստեղծված իրավիճակն աշխարհում և, մասնավորապես, Եվրամիությունում։
«Եթե նրանք դա կարողանային անել, վաղուց կանեին, երբ դրա համար աշխարհում և հարևանության տարածաշրջանում ավելի բարենպաստ իրավիճակ էր։ Ներկայումս ԵՄ-ն ինքն է կազմաքանդվում, կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով, մի շարք վերլուծությունների համաձայն, ԵՄ տնտեսությունն իջել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տնտեսական մակարդակին, ինչը մեծ մարտահրավեր է Եվրամիության համար։ Ինչո՞ւ նրանք դա չէին իրականացնում ավելի վաղուց, իսկ հիմա՞ ինչպես են դա պատրաստվում անել։ Այն տնտեսական խնդիրը, որից ես խոսում եմ, բարձրացնում են ֆրանսիացիները, գերմանացիները, իսպանացիները, նրանք պնդում են, որ ներկայիս իրավիճակը հաղթահարելու համար ԵՄ-ից պահանջվելու է 2-3 տարի՝ ամենալավ ելքի դեպքում։
ԵՄ անդամ բոլոր երկրները ներկայումս զբաղված են սեփական գործերով, սեփական տնտեսությունը փրկելու գործով, ի՞նչ միասնական տնտեսական տարածք։ Նման ծրագրի իրականացման համար ԵՄ-ից մեծ ներդրումներ են պահանջվում, առանց այդ ծրագրի՝ նույնիսկ ԵՄ-ն կարող էր ԱլԳ անդամ երկրների համար մեծ ծրագրեր իրականացնել։
Օրինակ՝ ո՞վ էր խոչընդոտում, որպեսզի ԵՄ-ն 1 միլիարդ եվրո տրամադրեր Հայաստանին, որով կարող էին երկրի համար ռազմավարական նշանակության հարցեր լուծվել, այդ թվում՝ դա կնպաստեր ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորացմանը՝ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար, շատ բան կարող էին անել նույն հայերի նկատմամբ։ Ինչո՞ւ չաջակցեցին Փաշինյանին, ինչո՞ւ չտվեցին նրան մեկ միլիարդ եվրո, ինչո՞ւ չասացին, որ հաղթեց ժողովրդավարությունը, թող որ այդպես Հայաստանը բարգավաճեր, թող լիներ ոչ թե ռուսական ֆորպոստ, թեև դա այդպես չէ, թող որ՝արևմտյան ֆորպոստ Հարավային Կովկասում: Հայերն խելացի, կիրթ ժողովուրդ են, ՀՀ-ն՝ փոքր երկիր՝ խորը արմատներ և մեծ պատմություն ունեցող, այդքան գումարը բավական կլիներ, որպեսզի Հայաստանը դառնար երկրորդ Սինգապուր»,- նման կարծիք հայտնեց Տարասովը՝ ակնարկելով, որ ԵՄ-ն չցանկացավ նման բան անել։
Ըստ նրա՝ նման ծրագրեր չեն արվել, քանի որ դա տնտեսապես և քաղաքականապես անհնար է եղել նույնիսկ այն ժամանակ, երբ աշխարհում չկար նավթային պատերազմ և կորոնավիրուսային պանդեմիա։
«Դա անհնար է այս բարդ իրավիճակում, առավել ևս, երբ մենք հիմա չենք էլ հասկանում, թե ինչն է կարևոր՝ փրկել մարդկությա՞նը, թե՞ սեփական տունը։ Ուստի այսօր նման ծրագրից խոսելն իրատեսական չէ»,- ասաց Տարասովը։
Իր հերթին՝ վրացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին մեզ հետ զրույցում նշեց, որ դա նոր ծրագիր չէ, և այն նախատեսված չէ 1-2 տարվա ընթացքում իրագործելու համար։
Սա, նրա կարծիքով՝ Արևելյան գործընկերություն ծրագիրը շարունակելու և զարգացնելու՝ Եվրամիության երկարաժամկետ ծրագիրն է, որը կարող է իրականացվել մի քանի փուլով, քանի որ այն ենթադրում է շինարարական աշխատանքներից սկսած՝ մինչև ամենաբարդ իրավական կարգավորումներ, նույնականացումներ և այլ աշխատանքներ։
Մենագարիշվիլիի խոսքով, բնականաբար, եթե այս ծրագիրը նախատեսված լիներ այս փուլում մեկնարկելու համար, դա հնարավոր չէր լինի, և քննարկումներ էլ չէին ծավալվի այդ ուղղությամբ։
«Բնականաբար, կարծում եմ, որ ԵՄ-ն այս փուլում չի հետաձգում այս ուղղությամբ քննարկումները, բայց մի իրավիճակում, երբ ԵՄ-ն չնախատեսված ծախսեր է իրականացրել, տնտեսական կորուստներ ունեցել՝ աջակցելով իր գործընկերներին, դժվար է նախատեսված ժամկետներում նման ծրագրերի մեկնարկը տալը, հատկապես, երբ ԱլԳ-ով ԵՄ-ում այդքան էլ ոգևորված չեն, շատ երկրներ, այդ թվում՝ եվրոպական կենտրոնական երկրներ, դա համարում են ավելորդ բեռ եվրոպացի հարկատուի համար։
Ուստի քննարկումները կշարունակվեն, ԵՄ-ն կքննարկի սա իր գործընկերների հետ և խորհրդարանական մակարդակում, իսկ ճանապարհային քարտեզը կմշակվի ապագայի համար, եթե իրադարձությունները դրական ընթացք ունենան»,- ասաց Մենագարիշվիլին։
Ըստ նրա՝ կարևոր կլինի նաև դիտարկել Մոսկվայի արձագանքը դրան, քանի որ ԱլԳ-ի մաս են կազմում հետսովետական երկրները, որոնք հատուկ նշանակություն ունեն Ռուսաստանի համար։
«Դժվարանում եմ ասել, թե ինչպիսին կլինի այդ արձագանքը, և ինչով կառաջնորդվի Ռուսաստանը։ Մենք խոսեցինք ներկայումս նման ծրագրի իրատեսականության մասին, սակայն իրագործման դեպքում սա բավականին մարտահրավերային ծրագիր է լինելու, քանի որ Հայաստանը և Բելառուսը ԵԱՏՄ անդամներ են, Ադրբեջանը բավականին «դանդաղ» հարաբերություններ ունի ԵՄ-ի հետ, իսկ ավելի սերտ համագործակցության են ձգտում ասոցիացված Վրաստանը, Ուկրաինան և Մոլդովան, որոնք մի փոքր առավելություն ունեն։
Կարծում եմ՝ հարցերն այս ծրագրի վերաբերյալ շատ են՝ արդյոք հնարավո՞ր է լինելու ԱլԳ բոլոր երկրների հետ առաջ ընթանալ այս ծրագրով, արդյոք ԵՄ-ն կարողանալո՞ւ է իսկապես նման միջոցներ հատկացնել բոլոր 6 երկրներին և ե՞րբ, արդյոք դիմադրության չի՞ արժանանալու այն ԵՄ որոշ անդամ երկրների և Ռուսաստանի կողմից՝ նոր խնդիրներ առաջացնելով։
Կարծում եմ՝ այս փուլում դժվար է ասել՝ Հայաստանը կկարողանա՞ դրանց մասնակցել, թե՞ ոչ։ Սրանք մտահոգություններ են, բնականաբար, իրագործման դեպքում սա նպաստելու է այս տարածաշրջանի շեշտակի զարգացմանը, որը բխում է ծրագրին մաս կազմող բոլոր երկրների շահերից»,- ասաց Մենագարիշվիլին։