
Ֆրանսիան կկրկնապատկի իր ռազմական բյուջեն մինչև 2027 թվականը

Ֆրանսիան կկրկնապատկի իր ռազմական բյուջեն մինչև 2027 թվականը, այլ ոչ թե մինչև 2030 թվականը, ինչպես նախկինում նախատեսված էր։ Մակրոնը այս մասին հայտարարել է Պաշտպանության նախարարությունում ունեցած ելույթի ժամանակ։
Նրա խոսքով՝ զինված ուժերի բյուջեն, որը 2017 թվականին կազմել է 32 միլիարդ եվրո, մինչև 2027 թվականը կաճի մինչև 64 միլիարդ եվրո։ 2026 թվականի համար հատկացվել է լրացուցիչ 3,5 միլիարդ եվրո, իսկ հաջորդ տարվա համար՝ ևս 3 միլիարդ եվրո։ Մակրոնը ընդգծել է, որ նման ներդրումները «պատմական, հավաստի և բացարձակապես անհրաժեշտ» են։
Պետության ղեկավարը նաև խոսել է «ամերիկյան անորոշության» ֆոնին եվրոպական ռազմավարական ինքնավարության անհրաժեշտության մասին։
Մակրոնը հատուկ ընդգծել է ֆրանսիական միջուկային զսպման հիմնական դերը՝ այն անվանելով «անվտանգության անսասան հենասյուն»։ Նա հայտարարել է միջուկային անվտանգության հարցերով եվրոպական գործընկերների հետ ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին և խոստացել է տարեվերջին վերադառնալ այս թեմային։