«Եթե հնչելու են պետական գաղտնիքներ, որոնք ենթակա չեն հրապարակման, ապա քննիչ հանձնաժողովը քաղաքական ի՞նչ զեկույց է հրապարակելու». Թևան Պողոսյան
Մոտ մեկ տարի առաջ ԱԺ-ում ստեղծվեց Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրության քննիչ հանձնաժողով: Երեկ հանձնաժողով էր հրավիրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ էր փակ քննարկում, հարցուպատասխան եղել:
Թե որքանով է հանձնաժողովն ապացուցել իր արդյունավետությունը, ոչ քաղաքական շահերից գործելը, այլ հարց է, բայց չպետք է մոռանանք, որ Արցախյան պատերազմի ընթացքում ունեցել ենք տարածքային կորուստներ` Շահումյան, Գետաշեն, Արծվաշեն, որոնց հանգամանքները ևս արժեր քննել, իհարկե, նման մտքեր, ցանկություններ հնչել են, բայց, ըստ էության, դրանից հեռու չեն գնացել: Ի վերջո, ունեցել ենք նաև Մարտի 1-ի փաստահավաք խումբ, բայց մինչ օրս տասը սպանությունների չբացահայտված հանգամանքներ:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը 168.am-ի հետ զրույցում անդրադարձավ այն ռիսկերին, որոնք ընկած են պատմական և կարևոր դեպքերի քննման հանձնաժողովների կամ մտադրությունների հիմքում:
Ըստ նրա` ցանկացած դեպքի քննման համար պետք է գիտակցենք, վստահություն ունենանք, որ համապատասխան ժամանակահատվածի համար ունենք քաղաքական ճիշտ իրավիճակ, որ հրապարակված քաղաքական փաստաթուղթը հետագա շահարկումների հիմք չի հանդիսանա:
«Ինչ սկսել են պատերազմական գործողությունները, եղել են ինչպես հաջողություններ, այնպես էլ կորսված տարածքներ` կլինի դա Արծվաշենը, Գետաշենը, Շահումյանի շրջանը: Հիմա ապրիլյան դեպքերի մասով, մենք պետք է գիտակցենք` այն, որ կա քննման մասնագիտական գաղափար, ինչը Պաշտպանության նախարարությունն արել է և փորձել իր բացերը գիտակցել, դրանք վերացնել, ի վերջո, հատուկ մարմիններ կան` Անվտանգության խորհուրդ, այլ ինստիտուտներ, որոնց աշխատանքները կատարվել են:
Բայց քաղաքական իմաստով մենք պետք է գիտակցենք` այո, գեղեցիկ է խոսել քննիչ հանձնաժողովի մասին, երբ առաջին անգամ Ապրիլյան գործողությունների հանգամանքների քննիչ հանձնաժողովի մասին խոսեցին, անմիջապես մտածեցի` կա պետական գաղտնիքների խնդիր: Եվ եթե հնչելու են պետական գաղտնիքներ, որոնք ենթակա չեն հրապարակման, ապա քաղաքական ի՞նչ զեկույց են հրապարակելու, որը ՀՀ բնակիչների համար հասու կլինի, քանի որ պետական գաղտնիքները չեն կարող դառնալ հրապարակային զեկույց, դրանք փակ են լինելու:
Ըստ այդմ` հասկանալի է դառնում, որ կան կողմեր, տարբեր մարդկանց անուններ են շոշափվում` սկսած նրանից, թե ինչպես են նրանք հրավիրվում, իսկ մարդիկ էլ գնում կամ չեն գնում: Այսինքն` մեծ հավանականություն կա, որ շահարկումների դաշտ է ձևավորվելու, որովհետև եթե գաղտնի տեղեկությունները չեն տալու, ապա ինչ այլ բացի մասին ենք իմանալու, ի վերջո, անհրաժեշտ բաց պատմությունների մասին արդեն գրվել է մամուլում: Այսինքն` եթե պատասխաններ են լինելու այն հուզող հարցերին, որոնք կասկած են առաջացրել, բայց իրենց մեջ գաղտնի տեղեկություններ են պարունակում, դրանք չեն հրապարակվելու, ինչը կարող է ձևավորել մի դաշտ, որ իշխանությունը կորցրածները, հաջորդ իշխանությունները, կամ հաջորդ ընդդիմությունն ապագայում կարող են շահարկել և մեղադրել այսօրվա իշխող կուսակցությանը, թե սա անում էին՝ քաղաքական նպատակներից ելնելով, և ոչ թե՝ իրականությունը պարզելու համար:
Ես չեմ ցանկանա՝ ապագայում այս տեսակի սցենարներ ունենանք: Պետք է գիտակցել` այս տեսակ հանձնաժողովներն ունենում են նմանօրինակ խնդրներ, ուստի այս սցենարները գիտակցելով՝ պետք է հասկանանք, թե ինչպես ենք հետո իրավիճակը ձևավորելու, որ ապագայում նոր շահարկումների տեղիք չտանք: Բացառված չէ, որ ապագա քաղաքական պայքարի մեջ կողմերը կարող են միմյանց դեմ թեմայի շահարկումներ թույլ տալ, ինչ արդեն այսօր մամուլում տեղի է ունենում:
Հիմա, եթե ամեն ինչ դառնալու է շահարկում, և ոչ թե իրական հարցերի մասին ենք լսելու քննիչ հանձնաժողովի գործնեության շրջանակում, ապա դա ոչ թե դրական, այլ բացասական ազդեցություն է թողնելու:
Ինձ թվում է, որ հենց այս տեսակետից էր Լևոն Տեր-Պետրոսյանն իր կոչում խոսում Ապրիլյան դեպքերի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների դադարեցման մասին:
Այս տեսակետից է, որ հներն ասում են` այո, հասկանալի է, որ մի փաստաթուղթ դուրս կգա այդ հանձնաժողովից, բայց հետո այդ փաստաթղթին ինչպես են մոտենալու, ինչպես են այն շահարկելու, սա է ամենակարևորը, պիտի գիտակցենք, թե ինչ խնդիրներ կարող են լինել: Ի վերջո, ինչ-ինչ որոշում կայացրածները պատիժներ են կրել, եղել են բարձրաստիճան պաշտոնյաների ազատումներ: Ես չգիտեմ` որն է ճիշտ, որը` սխալ, բայց մի բան հաստատ է` նման փաստաթղթերն ապագայում շահարկումների համար հիմք չպետք է հանդիսանան՝ նման դաշտ ձևավորելու: Պետական գաղտնիքը չի հրապարակվելու, բայց կարող է ժամանակ անցնել, որից հետո, կրկնում եմ` կարող է առաջ գալ անձերի խնդիր, որոնք թեման նոր շահարկումների դաշտ կարող են բերել, այդ թվում` այլ ուժերի քաղաքական պայքարի շրջանակում»,- ասաց Թևան Պողոսյանը:
Հակադարձմանը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ակնարկեց, որ ճիշտ ժամանակն է պատասխանելու Ապրիլյան իրադարձությունների հետ կապված հարցերին, արդյո՞ք նա այս բոլոր ռիսկերը հաշվի առել է, Թևան Պողոսյանը շեշտեց` այո, ի վերջո, ՀՀ երրորդ նախագահը, ըստ նրա, պետական համակարգում աշխատելու երկար տարիների փորձ ունի, այս 2 տարիների ընթացքում էլ վերլուծել է խնդիրները: Այսինքն` լիովին պատկերացնում է հնարավոր բոլոր ռիսկերը, ուստի գնաց դրան:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավարը վերադառնալով պետական գաղտնիքի հետ կապված ռիսկին՝ ասաց, որ դրա հետ պիտի ճիշտ աշխատել, առհասարակ, քաղաքական պահվածքը՝ նուրբ թեմաներին վերաբերող, պիտի գիտակցված լինի, քանի աշխարհը հետևում է ՀՀ-ում հնչող ամեն մի բառին, որը մամուլում խոսվում կամ տպագրվում է, և հետո այն ամբողջ աշխարհով մեկ տարածվում է:
«Այդ աշխարհի կեսը մեր հանդեպ չեզոք է, շատ քչերը` միգուցե սրտացավ, բայց դրանցից ավելի շատ երկրներ կան, որ մտածելու են, թե ոնց դա օգտագործեն մեր դեմ` ելնելով իրենց շահերից: Եվ նաև այս ամենից ելնելով՝ պետք է հաշվարկենք բոլոր սցենարների հետևանքները: Ես շատ ուրախ կլինեմ, որ պատմական բոլոր դեպքերի վերաբերյալ նման հանձնաժողովներ ձևավորվեին, որ լիներ այդ քաղաքական մշակույթը, քիչ չեն հետաքրքիր դեպքերը նույն ԱՄՆ-ում, Անգլիայում, այլ տեղերում:
Եվ, ինչպես Քենեդու հետ կապված՝ ԱՄՆ-ում գիտակցեցին, որ բոլոր փաստաթղթերը, արխիվային նյութերը պիտի հարյուր տարի հետո հրապարակվեն, բացահայտումները լինեն, միգուցե մե՞նք էլ պիտի գիտակցենք, որ այս զեկույցը՝ ապրիլյանի հետ կապված, պիտի հրապարակել, օրինակ, 50 տարի հետո: Այսինքն` զեկույցի բովանդակությունից ելնելով՝ պիտի ճիշտ հաշվարկներ կատարել մինչև դրա հրապարակումը` հաշվի առնելով մեր երկրի համար անվտանգային հետևանքներն ու խնդիրները»,- շեշտեց Պողոսյանը:
Մեր ակնարկին, որ Ապրիլյան հանձնաժողովում կան մարդիկ, որոնք պետական գաղտնիքի կրող են, ըստ էության, բայց գուցե ելնելով իրավագիտակցական, քաղաքագիտակցական մակարդակից, ռազմական գործից հեռու լինելու փաստից, այսինքն` կամա կամ ակամա, կարող են արտահոսքի աղբյուր լինել, մեր զրուցակիցն արձագանքեց, թե սա նշանակում է, որ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով քաղաքական ուժերը ճիշտ մարդկանց պիտի գործուղեն ի սկզբանե:
Միաժամանակ Թևան Պողոսյանը չբացառեց, որ Ապրիլյան հանձնաժողովում կարող են լինել մարդիկ, որոնք թեպետ հեռու են ռազմական գործից, բայց հմտորեն ծանոթացել են նյութին:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն` 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների քննիչ հանձնաժողովի լիազորությունները վերապահված են ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին: