«Сердечний привет» Զիմզիմովից. Ի՞նչ է փոխվել արագաչափերի ոլորտում հեղափոխությունից հետո
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ «Հեղափոխությունից առաջ և հետո. Սաշիկի կամերաները» վերնագրով: Տեսանյութում հայտնի կադրերն են, որտեղ այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմի անդամները փակում էին արագաչափերն ու «Сердечний привет» փոխանցում Զիմզիմովից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ իր հոդվածներից մեկում գրել էր, որ բոլոր փաստերը կան պնդելու, թե արագաչափերը և երթևեկությանը հետևող տեսախցիկներն ըստ էության ոչինչ չեն տալիս ճանապարհային անվտանգությանը:
Հոդվածում ասվում էր, որ վարորդները պետք է վճարեն տուգանքները միայն դատական որոշման առկայության դեպքում, իսկ արագաչափ սարքերն առհասարակ պետք է հանվեն, ու տեսախցիկների տվյալները պետք է օգտագործվեն միայն ճանապարհային երթևեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար: Իսկ ի՞նչ փոխվեց արագաչափերի ոլորտում ու վարորդների կյանքում հեղափոխությունից հետո: «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը 168.am-ի հետ զրույցում ասաց.
«Սարքերը կան, աշխատում են, ոնց առաջ էին աշխատում, այնպես էլ հիմա: Եթե վարորդն իրավախախտում է կատարում, համապատասխան պատիժը ստանում է»:
Արագաչափերը չեն հանվել, սակայն տուգանքների չափերն են նվազել: Վարչապետի խոսքով՝ հիմա պետությունը վարորդին անընդհատ չի տուգանում, փոխարենը՝ կարգազանց վարորդին զրկում է վարելու իրավունքից, որ նա չխանգարի երթևեկությանը: Տիգրան Քեյանի կարծիքով՝ սա զսպող մեխանիզմ է:
«Այդ առումով, այո, զսպում են վարորդներին, որոշ տուգանքների չափը նվազել է, գումարային առումով դա ոչ միայն արագաչափ սարքերին է վերաբերում, այլ մի շարք այլ իրավախախտումների: Նախատեսված 9 միավորները սպառելու դեպքում որոշ իրավախախտումների համար վորորդին զրկում են վարորդական իրավունքից, որոշների համար՝ կասեցնում դա: Միտքը հետևյալն է, եթե առաջ դու կարող էիր անընդմեջ վճարել ու իրավախախտումներ կատարել, ապա հիմա չես կարողանալու, քանի որ զրկվելու ես վարորդական իրավունքից: Նախկինում դա եղել է փող հավաքելու միջոց, հիմա զսպող մեխանիզմ է դարձել»,- ասաց Քեյանը:
«Վարորդի ընկեր» ՀԿ անդամ Դավիթ Պեդանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ արագաչափերն իրենց գործառույթը չեն կատարում.
«Արագաչափերն ընդհանրապես կանխարգելող գործառույթ չունեն, մանավանդ, երբ դրանց տեղն իմանում են»:
Բալային համակարգի ներդրումը վարորդների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել, վարորդները դժգոհում էին, որ, կապված փողոցների կահավորանքի հետ՝ խախտումներն անխուսափելի են:
«Չնայած մեծածավալ ասֆալտապատման աշխատանքներ են տեղի ունենում, բայց կա խնդիր, որ մի շարք ճանապարհներ դեռևս ահավոր վիճակում են, ահռելի վնասներ են կրում մեքենաների վարորդները դրանցով անցնելիս, դա ոչ ոք չի փոխհատուցում, բայց մի փոքր խախտում են անում, պատժի են ենթարկվում: Ցանկացած իրավիճակում վարորդը կարող է վարչական պատասխանատվության ենթարկվել, իր մեղքը բացակայո՞ւմ է, թե՞ ոչ, բայց շատ դեպքերում կարող է վարչական ակտը վիճարկել»,- ասաց Քեյանը:
Դավիթ Պեդանյանը չի շտապում գնահատել բալային համակարգի արդյունավետությունը, քանի որ 4 ամիսներից 1.5-ը քաղաքացիները տներում են եղել:
Հիշեցնեմ, որ 2020-ի հունվարից ՃՈ տուգանքները՝ անգամ 5000 դրամ տուգանքը, դատարանում բողոքարկելու համար վարորդը ստիպված է լինելու 4000 դրամ պետական տուրք վճարել: Ամեն հաջորդ ատյանում պետական տուրքի գումարն ավելանում է:
Ինչ վերաբերում է տեսանյութի վերնագրին, որ արագաչափերը պատկանել են Երրորդ նախագահի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին, ապա ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր և նախկին բարձրաստիճան ոստիկան՝ ՃՈ պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հերքել էր այդ լուրերը: Parliamentmonitoring-ի լրագրողի ճշտող հարցին, թե հերքո՞ւմ է հայտարարությունները, թե Ալեքսանդր Սարգսյանն առնչություն ունի այդ ամենին, նա կարճ պատասխանել է՝ «Այո»: