«Հայաստանն աշխարհիկ պետություն է, և Կաթողիկոսն իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել»․ Ռուբեն Բաբայան
«Հայաստանն աշխարհիկ պետություն է, որտեղ եկեղեցին անջատված է, և դրա համար շատ հանգիստ եմ վերաբերվում Կաթողիկոսի այդ կարծիքին կամ խնդրանքին։ Նա իրավունք ունի ցանկացած կարծիք արտահայտել, ցանկացած խնդրանքով դիմել, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։ Շատ հանգիստ պետք է դրան վերաբերվել, նույնիսկ լավ է, և դրանով ապացուցվում է, որ եկեղեցին և պետությունն իրարից անջատված են․ պարտադիր չէ, որ Կաթողիկոսը կատարի այն ամենը, ինչ պահանջում է օրվա իշխանությունը, ինչպես, ցավոք, ոչ այդքան վաղ անցյալում էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը News.am-ի հետ զրույցում ասել էր, որ հաղորդ լինելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին՝ կարևոր է համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ՝ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից։
Ռուբեն Բաբայանը նկատեց՝ եթե սա չսահմանափակվեր միայն Ռոբերտ Քոչարյանի օրինակով, ապա հանրությունը, պետական այրերը շատ ավելի հանգիստ կմոտենային այս ամենին․
«Քանի որ սա առաջին դեպքն էր, երևի դրա համար է այսպիսի վերաբերմունք, բայց ես շատ հանգիստ եմ վերաբերվում։ Անկախ նրանից՝ մարդը հավատացյա՞լ է, թե՞ ոչ, չպետք է մոռանանք, որ պետք է լինենք հանդուրժող, իրար սիրող, մնացած հարցերը՝ կրոնական և այլն, երկրորդական են։ Հարգենք ուրիշի կարծիքը, ընդունենք դա, պարտադիր չի դրան ենթարկվել, կատարել, բայց պարտադիր էլ չէ հայհոյել»։
Դիտարկմանը՝ շատերը հիշում են, որ, օրինակ, 2008թ․ մարտի 1-ի դեպքերի ժամանակ Ամենայն Հայոց կաթողիկոսը գնացել էր Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ, և Առաջին նախագահն այդպես էլ դուրս չէր եկել, և ասում են, որ, երբ տարաձայնություններ են եղել, Կաթողիկոսը միշտ փորձել է հաշտեցնել, Ռուբեն Բաբայանն այսպես արձագանքեց․
«Դե, կարծեմ՝ սա հաշտեցնելու հարց չէ։ Ես հիշում եմ այդ դեպքը, և ինձ վրա դա շատ վատ տպավորություն թողեց։ Անկախ քո անձնական վերաբերմունքից, եթե քեզ մոտ եկել է որևէ մեկը, ճիշտ չէ չընդունելը, չլսելը, դու կարող ես չկատարել նրա խնդրանքը, բայց լսել, հարգել դիմացինին՝ որպես անհատի, պարտավոր ես։ Ի վերջո, այն, ինչ պահանջում ենք ուրիշներից, առաջին հերթին, ինքներս պետք է դրսևորենք։ Այսքանը, մեծ ողբերգություն այստեղ չեմ տեսնում, և ամեն ինչ պետք չէ ընկալել՝ որպես համապետական կամ համազգային կործանարար երևույթ»։
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել էր Ամենայն Հայոց կաթողիկոսի հայտարարությանը՝ գրելով.
«Այսօր Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը: Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ, արդեն շատ երկար ժամանակ է, կարևոր են համարում Ամենայն Հայոց կաթողիկոսի փոփոխության հարցը: Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ. Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»:
Այս առնչությամբ Ռուբեն Բաբայանն ասաց․ «Կարևոր է՝ ժամանակին սոցակտիվիստի կարգավիճակից տեղափոխվել պետական գործչի կարգավիճակին։ Պետական գործիչը մարդ է, որ պատասխանատու է շատ և շատ հարցերի համար, և այդ տեսակետից՝ շատ ավելի զուսպ է, որովհետև իր կարծիքը, իր մեկնաբանություններն այն ոլորտից չեն, որ մի քանի տարի առաջ կարող էիր հանգիստ քեզ թույլ տալ։ Ինքս թատրոնի տնօրեն եմ՝ մի փոքրիկ կոլեկտիվի, և զգում եմ, որ այն, ինչ ինձ թույլ եմ տվել տարիներ առաջ, երբ չէի ղեկավարում այս փոքրիկ կառույցը, բացարձակապես ինձ չեմ կարող թույլ տալ այսօր, նույնիսկ այն մարդկանց հանդեպ, որոնց գուցե չեմ համակրում։ Սա պետական պաշտոնյային ներկայացվող պարտադիր պահանջ է՝ լինել շատ զուսպ։
Բայց աշխարհն է փոխվել, մենք տեսնում ենք, թե ինչպես է իրեն պահում ԱՄՆ նախագահը։ Մենք ունեինք մի ազգային արժեք, որը կոչվում էր հայի բախտ, և կորոնավիրուսը մեզ զրկեց այդ կարգավիճակից․ այլևս չենք կարող ասել, որ սա հայի բախտ է։ Մենք ունեինք մի առավելություն, որով տարբերվում էինք ամբողջ աշխարհից, դա էլ մեր ձեռքից առան։
Կամ՝ Էրդողանի անզուսպ ելույթները, երբ նայում ես, հասկանում ես, որ սա ընդհանուր շփման մակարդակի, պատասխանատվության իջեցում է, և սրա մեջ չեմ տեսնում ինչ-որ յուրահատուկ, միայն մեզ բնորոշ գծեր։ Բայց սա չի նշանակում, որ դա ողջունելի է։ Զուսպ է պետք լինել։ Ընդհանրապես, ով կարող է տիրապետել ինքն իրեն, տիրապետում է ամբողջ աշխարհը։ Սա ես չեմ ասել»։