Բաժիններ՝

Մարզերում հիմնանորոգվել է 211 կմ ճանապարհ, նախատեսված է հիմնանորոգել ևս 65  կմ. Սուրեն Պապիկյան

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ ընդհանուր առմամբ Հայաստանի համայնքներում 211 կմ  ճանապարհ հիմնանորոգվել է, որը կենսական նշանակության ունի հեռավոր մարզերի բնակիչների համար: Ընդ որում, հիմնանորոգված 211 կմ ճանապարհից 41 կիլոմետրը կատարվել է խնայված միջոցների հաշվին:

«Ըստ այդմ, ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրով, որն այս պահին քննարկում ենք, նախատեսված է Հայաստանին տրամադրել 13 մլն 400 հազար եվրո գումար: Այս գումարի շրջանակներում նախատեսված է իրականացնել 65  կմ ճանապարհի հիմնանորոգում, ցանկն արդեն կա, թե որ ճանապարհների մասին է խոսքը, դրա հիմնանորոգման համար կհայտարարվի նաև մրցույթ, և հնարավոր կլինի հիմնանորոգել այդ ճանապարհները: Եթե այս համաձայնագիրը վավերացվի, մեր մրցույթի պայմաններն արդեն պատրաստ են, և մենք անմիջապես պետք է մրցույթ հայտարարենք: Նշեմ, որ այս համաձայնագրի առաջին փուլը վավերացվել է նախորդ տարի»,- նշեց նախարարը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ համաձայնագրի առաջին փուլի դրամական միջոցների հաշվին կարողացել են ֆինանսավորել այս փուլի հիմնանորոգման ենթակա ճանապարհների նախագծանախահաշվային աշխատանքները:

«Նշեմ, որ աշխատանքներ իրականացվելու են Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Ցանկում կա, թե կոնկրետ որ ճանապարհների մասին է խոսքը, սրա մասին մենք հայտարարել ենք դեռևս տարվա սկզբին»,- շեշտեց նա:

Նշենք, որ ՀՀ ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի վավերացմանը հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս