Ճամբարակում այս տարի կրկնակի անգամ կավելանան գարնանացանի ծավալները

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ խոշորացված համայնքում արդեն մեկնարկել են գարնանացանի աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, ապրիլի 1-ի դրությամբ արդեն համայնքի բնակավայրերի ցածրադիր գոտիներում կատարվել է շուրջ 20 հեկտար գարու եւ բազմամյա խոտաբույսերի ցանք: Գարնանացանը գնալով նոր թափ է հավաքում:

«Համայնքապետարանը տեղերում հնարավորինս աջակցում ու խրախուսում է տնտեսություններին՝ իրենց սեփական հողամասերում ցանք կատարելու համար: Արդեն որոշակի շարժ ու աշխուժություն է նկատվում այս ուղղությամբ: Ծրագրել ենք այս տարի կրկնապատկել համայնքի ցանքատարածությունները:

Համայնքի տարածքում այս տարի կցանվեն շուրջ 100 հեկտար գարի, 100 հեկտար կարտոֆիլ, 20 հեկտար ոլոռ, 20 հեկտար հնդկաձավար, 10 հեկտար սիսեռ, 30 հեկտար առվույտ եւ կորնգան: Մոտ 200 հեկտար էլ կազմում են բազմամյա խոտաբույսերի ցանքերը, որոնք կատարվել են երկու-երեք տարի առաջ: 220 հեկտար էլ կազմում են աշնանացան ցորենի ցանքերը, որոնք հաջող են ձմեռել եւ կենսունակ են հետագա աճի եւ զարգացման համար: Կարծում եմ, որ գարնանացանը մեր համայնքում կավարտվի նախատեսված ժամկետներում»,-նշեց համայնքի ղեկավարի տեղակալը:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս